Հայտնի են Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց առաջնությունների չեմպիոնները
Նմանատիպ
Հայաստանի շախմատի տղամարդկանց 2023 թվականի առաջնության չեմպիոնը Սամվել Տեր-Սահակյանն է, իսկ կանանց մրցաշարում չեմպիոնի տիտղոսը 5-րդ անգամ նվաճեց Մարիա Գևորգյանը։
Տղամարդկանց առաջնության վերջին տուրը որոշիչ եղավ չեմպիոնի կոչման համար: Ամբողջ առաջնության ընթացքում մրցաշարային աղյուսակի առաջատար Մանուել Պետրոսյանը ոչ-ոքի ավարտեց վերջին պարտիան Զավեն Անդրիասյանի հետ և հավաքեց միայն 6 միավոր` գրավելով երկրորդ տեղը:
Սամվել Տեր-Սահակյանը, հաղթելով Ռոբերտ Հովհաննիսյանին, դարձավ Հայաստանի չեմպիոն: Նա 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր: Երրորդ տեղը 5,5 միավորով գրավել է Տիգրան Հարությունյանը:
Սամվել Տեր-Սահակյանը երկրորդ անգամ է դառնում Հայաստանի չեմպիոն: Նախորդ անգամ նա հաղթել էր 2020 թվականին:
Կանանց 78-րդ առաջնության վերջին` 9-րդ տուրում Մարիա Գևորգյանը մրցեց Նվարդ Հայրապետյանի հետ: Գևորգյանն, ով մրցում էր սև խաղաքարերով, պարտիայի 30-րդ քայլին ստիպեց մրցակիցին անձնատուր լինել: Մարիա Գևորգյանը, 9 հնարավորից հավաքելով 7 միավոր, դարձավ Հայաստանի առաջնության չեմպիոն: Մյուս պարտիաները դեռևս ընթացքի մեջ են:
Երկրորդ տեղում ընթացող Սուսաննա Գաբոյանի հաղթանակի դեպքում նա միավորների քանակով չի հասնի Գևորգյանին: Մարիա Գևորգյանը 5-րդ անգամ է դառնում Հայաստանի չեմպիոն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում