Էլեկտրամոբիլների «պատերազմ». 2022-ին Tesla-ն կատարեց «քայլ ձիով»
Նմանատիպ
Tesla ընկերությունն իր յուրաքանչյուր էլեկտրամոբիլի վաճառքի դիմաց այժմ ավելի շատ գումար է վաստակում, քան իր համաշխարհային մրցակիցներից ցանկացած մեկը:
Խոսքը բավականին լուրջ առավելության մասին է. 2022 թվականի երրորդ եռամսյակում Tesla-ն մեկ էլեկտրամոբիլի դիմաց 15,653 դոլար համախառն շահույթ է ստացել, որն ավելի քան երկու անգամ մեծ գումար է, քան Volkswagen-ի ստացած շահույթը մեկ էլեկտրամոբիլից: Tesla-ի գրանցած այս տվյալը չորս անգամ գերազանցում է Toyota-ի, և 5 անգամ՝ Ford-ի համադրելի ցուցանիշը:
Tesla-ին հաջողվեց էլեկրամոբիլների շուկայում ստանալ նման առավելություն ի շնորհիվ «ագրեսիվ» քաղաքականության․ ընկերությունը բարձրացրեց իր ամենահայտնի էլեկտրամոբիլների գները, որոնցից է, օրինակ՝ Model Y-ը:
Tesla-ն իր արդյունաբերությունը կենտրոնացրեց ավելի բարձր արժեք ունեցող էլեկտրամոբիլների վրա՝ վաճառել համեմատաբար քիչ քանակի, բայց թանկարժեք էլեկտրամոբիլներ:
Tesla-ի այս որոշումն իսկական մարտահրավեր էր ոլորտի «խաղացողների» համար, քանի որ այն էականորեն փոխեց շուկայի կառուցվածքն ու դասավորությունը:
Իհարկե, նման մարտահրավեր նետելը պահանջում էր լուրջ նախապատրաստություն: Նախ, արտադրության ծախսերը վերահսկելու և մատակարարներից «կախման» մեջ չմնալու համար Tesla-ն սկսեց արտադրել սեփական մարտկոցներ՝ լուրջ ներդրումներ անելով սեփական արտադրական տեխնոլոգիաների զարգացման մեջ: Սա ուներ նաև ֆինանսական օգուտներ, քանի որ սեփական արտադրությունը ենթադրում էր գների կրճատում, իսկ վաճառքից հետո՝ համեմատաբար ավելի մեծ շահույթ:
Այնուամենայնիվ, նշվածը դժվար է կոչել «հաղթանակ», քանի որ Tesla-ի մրցակիցները նույնպես դիմում են պատասխան քայլերի. պայքարի դաշտը չափազանց մեծ է: 2022-ին ամբողջ աշխարհում էլեկտրամոբիլների պահանջարկը գերազանցել է առաջարկը, ավելի պարզ՝ շուկայում կար ավելի քիչ էլեկտրամոբիլ, քան վճարունակ հատվածը ցանկանում էր ձեռք բերել: Սա ենթադրում է նաև էլեկտրամոբիլներ գների բարձրացում. Ford-ն արդեն իսկ պատասխան քայլ է կատարել՝ շուրջ 40%-ով բարձրացնելով իր էլեկտրական F-150 պիկապի արժեքը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում