Մամուլն այսօր. Կկազմի՞ արդյոք ԲՀԿ-ն կոալիցիա և ինչի՞ մասին է երազում ՊՆ առաջին տեղակալ Դ.Տոնոյանը

Հետընտրական զարգացումներ.

«168 ժամը» գրում է, որ «Հայաստանի եռաչափ մոդելավորողների միության» նախագահ Գուրգեն Պարոնյանը հայտարարել է, որ իրենց կազմակերպությունը միանում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից մայիսի 11-ին արված հայտարարությանը` Տեղեկատվական հեռահաղորդակցման տեխնոլոգիաների և ինովացիոն զարգացման նախարարության ստեղծման վերաբերյալ: Թերթի տեղեկություններով՝ իշխանությունները ոչ բացահայտ խրախուսում են այս նախաձեռնությունը: Բանն այն է, որ նոր կոալիցիայի ձևավորման շուրջ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև ընթացող բանակցությունների արդյունքում, հնարավոր է, կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարվեն և նախարարություններ ավելանան: Այս նախաձեռնությունն այդ համատեքստում կարող է ներկայացվել որպես «նախարարություն ստեղծելու մասնագիտական հանրության պահանջ»:

«Երկիր»-ի տեղեկություններով` ՀՀԿ-ում ցանկանում են վերջնական տեսքի բերել ինքնաբացարկները և նոր «կոլեկտիվ» ներկայացնել ԿԸՀ: «Թեև այս պահի դրությամբ հանած 69 ինքնաբացարկները խորհրդարան անցնում է ՀՀԿ համամասնական ցուցակի 109-րդ համարը ներառյալ, բայց մինչև հինգշաբթի կամ հենց հինգշաբթի օրը կորոշվի ևս 3 թեկնածուի` 5-րդ հորիզոնականը զբաղեցնող ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի, 10-րդ հորիզոնականը զբաղեցնող Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի և 25-րդ հորիզոնականը զբաղեցնող ՀՀ նախագահի օգնական Լևոն Մարտիրոսյանի ճակատագրերը: Նրանց ինքնաբացարկի դեպքում, ինչը շատ հավանական է, խորհրդարան կանցնեն նաև Հովհաննես Սահակյանը, Կարինե Հարությունյանը և Սուքիաս Ավետիսյանը»,- գրում է թերթը:

«Իրատես de facto»-ն գրում է, որ առաջիկա օրերին, ի վերջո, պարզ կդառնա, թե որ ուժերը կոալիցիա կկազմեն: Մինչ այդ խորհրդարան անցած գրեթե բոլոր քաղաքական ուժերի «կողքով» անցնում է կոալիցիայի «ուրվականը»: Թերթի աղբյուրների փոխանցմամբ, այս օրերին ակտիվ բանակցություններ են ընթանում ինչպես ՀՅԴ, այնպես էլ «Ժառանգություն» կուսակցությունների ղեկավարների հետ: Նույն աղբյուրի պնդմամբ, քննարկման առանցքում է նաև նրանց նախարարություններից մեկի` սփյուռքի նախարարի պորտֆելի տրամադրումը: Ասում են և՛ Արմեն Ռուստամյանին, և՛ Րաֆֆի Հովհաննիսյանին նման խոստում է տրվել: Ի դեպ, վերջինիս համար, ինչպես հավաստիացնում են թերթի աղբյուրները, իդեա-ֆիքս է դարձել Ստեփան Սաֆարյանին խորհրդարան անցկացնելը, սակայն մինչ այդ ցուցակում անկուսակցական Թևան Պողոսյանն է և «Ազատ դեմոկրատներից»` Մասիս Այվազյանը: Առաջինը, թերթի տեղեկություններով, մտադիր չէ իր տեղը զիջելու, իսկ ինչպես «Ազատ դեմոկրատներն» են հայտարարել, իրենց ցուցակի անդամների կազմը չեն պատրաստվում փոփոխման ենթարկելու: Ինչևէ:

Թերթը փորձել է հնարավոր կոալիցիա կազմելու առնչությամբ տեսակետ լսել նաև հիշյալ կուսակցությունների ներկայացուցիչներից: «Ինձ ու իմ ընկերներին նման բան հայտնի չէ: Երբեք էլ կոալիցիա կազմելու մասին հարցը մեր օրակարգում չի քննարկվել»,- մեզ հետ զրույցում ասել է Ստեփան Սաֆարյանը: Իսկ ՀՅԴ-ից Սպարտակ Սեյրանյանը նշել է. «Խոսակցությունները, շշուկները, ասումները չեմ մեկնաբանվում»: Դաշնակցական Արտաշես Շահբազյանն էլ նման «խոսակցություն» առաջին անգամ թերթից էր լսում:

«Ժողովուրդ» թերթին լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ իշխանական կուլիսներում առայժմ ոչ մի կերպ չի ստացվում համաձայնության գալ կոալիցիա ձևավորելու հարցի շուրջ: Թերթն օրեր առաջ տեղեկացրել էր, որ ԲՀԿ-ն պատրաստակամություն է հայտնել մաս կազմել իշխող կոալիցիային միայն այն դեպքում, եթե Սերժ Սարգսյանը վարչապետ նշանակի իրենց համար ցանկալի թեկնածուի: «Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն ցանկանում է վարչապետի պաշտոնում պահել Տիգրան Սարգսյանին, իսկ ԲՀԿ-ն դա համարում է «ձևական կոալիցիայի» հիմնական ապացույց` հրաժարվելով որևէ փաստաթուղթ ստորագրել: ԲՀԿ-ի «վարչապետացուն» Գագիկ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանն է: Հավելենք, որ քանի դեռ չի ստացվում ԲՀԿ-ի հետ իշխող կոալիցիայի ձևավորումը, այնքան հրճվում է «Օրինաց երկիր» կուսակցությունը: Համաձայն մեր տեղեկությունների` ՕԵԿ գրասենյակում արդեն երկու օր է` «աչքալուսանք» են տալիս իրար` կրկնելով, որ ԲՀԿ-ն կոալիցիա չի մտնելու»,- գրում է թերթը:

Ի՞նչ որոշում կկայացնի ԲՀԿ-ն կոալիցիա կազմելու հարցում.

«Իրատես de facto»-ն գրում է, որ ԲՀԿ-ի շուրջ անորոշության մառախուղը դեռ չի պարզվում: Գագիկ Ծառուկյանը կարծես գտել է իր կուսակցության ցուցակով խորհրդարան անցած «անհնազանդներին» «սանձահարելու» միջոցը: Ինքնագործունեությամբ փայլող Վարդան Օսկանյանը հազիվ թե իր մտքերն արտահայտելու բարձրագույն ամբիոն ունենա: Թերթի տեղեկություններով, վերջինս ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: ԲՀԿ-ի ցուցակից ևս երեքը նույն բախտին են արժանացել Հմայակ Հովհաննիսյանը, Վահե Հովհաննիսյանը և Ստեփան Մարգարյանը, որը, ի դեպ, ծննդով ջավախքցի է և ժամանակին վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խորհրդականն էր:

Հետաքրքիր զուգադիպությամբ հիշյալ անձանցից գրեթե բոլորը դեմ են ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուն, ու ստացվում է ԲՀԿ-ի ղեկավարը «ազատվում» է հենց նրանցից:

Իսկ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների համաձայն` հանգստյան օրերին հանդիպել և հեռախոսազրույցներ են ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Ըստ լուրերի` Քոչարյանը Ծառուկյանին խորհուրդ է տվել չշտապել, համբերել, լավ խաղալ որպեսզի չկորցնի իր դեմքը: Թերթի աղբյուրների վկայությամբ` այս առանձնազրույցի մասին Ծառուկյանը տեղեկացրել է իր խնամի, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանին: Արգամիչը Ծառուկյանին ասել է, որ սխալ ու վտանգավոր խաղ է սկսել, ճիշտ կլինի` միանգամից կոալիցիա կազմի, ավարտի: Ու սա է պատճառը, որ կոալիցիայի շուրջ վերջնական որոշում դեռ չի կայացվել: Թերթը փորձել է այս տեղեկությունը ճշտել Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանից, սակայն վերջին ժամանակներս նրա հեռախոսը միշտ անհասանելի է, իսկ Ռ. Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը կտրուկ հրաժարվել է թերթի հարցերին պատասխանել: Ինչ վերաբերվում է Հովիկ Աբրահամյանին, ապա նա մի քանի օր շարունակ թերթի հեռախոսազանգերին համառորեն չի պատասխանում: Տպավորություն է, որ Հայաստանի քաղաքական էլիտա կոչվածն ընդհատակում է:

Զարմանազան.

«Չորրորդ Ինքնիշխանության» տեղեկություններով, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ոչ թե հավակնում, այլ երազում է պաշտպանության նախարարի պաշտոնի մասին, և հենց ինքն էլ շրջանառության մեջ է դրել Սեյրան Օհանյանի փոխվարչապետի պաշտոնում նշանակվելու մասին լուրերը: Դավիթ Տոնոյանին ու նրա գործունեությանը քաջածանոթները պնդում են, որ եթե հանկարծ փոխնախարարի երազանքը իրականություն դառնա, ապա դա կլինի բանակի վերջը: «ՉԻ»-ին մոտ կանգնած պաշտպանության համակարգի թերթի աղբյուրներր նշում են, որ վերջին շրջանում ակտիվացած պաշտպանության փոխնախարարը ոլորտի մասին բացարձակ պատկերացում չունի: Թերթը նշում է, որ վերջինս կոորդինացնում է ռազմական կրթության, կադրային քաղաքականության և հասարակայնության հետ կապերի աշխատանքները, իսկ այդ ոլորտներում վիճակր, մեղմ ասած, տխուր է: Փոխարենը Դավիթ Տոնոյանր լավ է տիրապետում դանակ-պատառաքաղից օգտվելու մշակույթին և անգլերեն հաճոյախոսություններ անելու մեծ վարպետ է: Այդ պատճառով էլ Պաշտպանության նախարարությունում նրան է վստահվել օտարերկրյա պատվիրակություններին ռեստորաններում ուղեկցելը:

«Հայկական ժամանակ» թերթի տվյալներով՝ ՀՀ կենտրոնական բանկի` օրերս հրապարակած «2012 թ. մայիս ամսվա վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ» տեղեկանքում մի չափազանց հետաքրքիր փաստ է արձանագրված: Ըստ այդմ, համաշխարհային շուկայում շաքարի գինը այս տարվա ապրիլին, անցած տարվա ապրիլի համեմատ, նվազել է 7 տոկոսով: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տնյալների, այս տարվա ապրիլին Հայաստանի խանութներում մեկ կիլոգրամ շաքարավազի մեծածախ միջին գինը կազմել է 455 դրամ, իսկ անցած տարվա ապրիլին` 388 դրամ: Այսինքն` այն դեպքում, երբ համաշխարհային շուկայում շաքարը էժանացել է 7 տոկոսով, Հայաստանում թանկացել է 18 տոկոսով: Իհարկե, այդ ընթացքում 6 տոկոսով էլ դրամն է արժեզրկվել, բայց դոլարով արտահայտված շաքարի գինը Հայաստանում թանկացել է 11 տոկոսով: Մի խոսքով, եթե Հայաստանում շաքարավազի գինը ենթարկվեր համաշխարհային շուկայի միտումներին, ապա ապրիլին մեր խանութներում պետք է արժենար 384 դրամ, ոչ թե 455 դրամ, ինչպես եղել է: Այսինքն` յուրաքանչյուր կիլոգրամի գինը ուռճացված է 70 դրամով: Մնացածն արդեն պարզ թվաբանություն է. ամեն տարի, ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում սպառվում է մոտ 100 հազար տոննա շաքարավազ: Յուրաքանչյուր կիլոգրամի մեջ 70 դրամ լրացուցիչ եկամուտը շաքարավազի ներկրմամբ զբաղվող միակ գործարարին բերում է տարեկան լրացուցիչ, ուշադրություն դարձրեք` լրացուցիչ, 18 միլիոն դոլարի եկամուտ: Իսկ Հայաստան շաքարավազ միակ ներկրողն ու արտադրողը, ինչպես հայտնի է դարձել վերջերս, ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կինն է:

«Հայացք»-ի հաղորդմամբ՝ 17-18-րդ դարերի Ամենափրկիչ եկեղեցին, որը գտնվում է Սյունիքի մարզի Կուրիս գյուղի վարչական շրջանում, կառավարության որոշմամբ, նախատեսվում է տեղափոխել մարզի Ագարակ քաղաք: «Այն դեպքում, երբ հայերս տարիներ շարունակ պայքարում ենք Վրաստանի տարածքում գտնվող հայկական եկեղեցիների վերականգնման համար, մեր սեփական տարածքում ոչնչացնում ենք մեր եկեղեցիները: Իհարկե, գովելի է, որ եկեղեցի չունեցող Ագարակում կարող է վերջապես հավատի տաճար լինել, սակայն ինչու՞ դա պետք է իրագործվեր եկեղեցին տեղափոխելու ծրագրի միջոցով: Ամենափրկիչ եկեղեցին գտնվում է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի հանքի տարածքում: Շուտով հանքի պայթեցումները հասնելու են եկեղեցու տարածք: Հենց դա էլ վթարային դարձած եկեղեցու տեղափոխման հիմնական պատճառն է»,- գրում է թերթը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում