ԱՄՆ և Թուրքիայի նախագահները քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները

Չիկագոյում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում մոտ կես ժամ տեւած առանձնազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլն, ի թիվս բազմաթիվ հարցերի, անդրադարձել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների խնդրին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը՝ հղում անելով թուրքական աղբյուրին, հանդիպումից հետո Գյուլը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ նախագահի հետ խոսել է Հայաստանի եւ Կիպրոսի հետ Թուրքիայի հարաբերություններից: Նա, սակայն, չի նշել մանրամասներ:

«Մենք բազմիցս անդրադարձել ենք մեզ համար շատ կարեւոր այս հարցերին: Մենք պետք է առաջիկայում այս խնդիրների շուրջ առաջընթաց գրանցենք: ԱՄՆ նախագահը կարեւորում է այդ երկու խնդիրների լուծումը», -ասել է Գյուլը:

Առանձնազրույցի ժամանակ ԱՄՆ եւ Թուրքիայի նախագահները քննարկել եւ իրենց մտահոգությունն են հայտնել Սիրիայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում