Վաղը Գյումրիում կկայանա 3 և 4 սենյականոց բնակարանների բաշխման վիճակահանություն

ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում «Մուշ-2» և «Անի» թաղամասերում կառուցվող 1756 բնակարաններով բազմաբնակարան շենքերից 464 հատ 3 սենյականոցների և 16 հատ 4 սենյականոցների վիճակահանությունը կկայանա մայիսի 24-ին, ժամը 12-ին Գյումրու դրամատիկական թատրոնի շենքում, տեղեկացնում են «Շիրակ կենտրոն» ՀԿ-ից:
Ըստ աղբյուրի, աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի որոշմամբ` վիճակահանությանը կմասնակցեն Գյումրու անօթևան ընտանիքների հերթացուցակում ընդգրկված և հանձնաժողովի կողմից շահառու ճանաչված, 3 և 4 սենյականոց բնակարանների հավակնորդ 480 ընտանիքները` ըստ իրենց արտոնությունների և հերթական համարների: Անօթևանների հերթացուցակի առավել ստորին հերթական համարներում ընդգրկված և կրկին շահառու ճանաչված մնացած ընտանիքներին բնակարանների կբաշխվեն հաջորդ փուլում:
«Նախորդ շաբաթ ՀՀ վարչապետին և ՀՀ պետական կադաստրի ղեկավարին հղված մեր բաց-նամակում բարձրաձայնել էինք 3 սենյականոցների հավակնորդ գյումրեցի անօթևան 17 ընտանիքների խնդրին, որոնց վերաբերյալ կադաստրի կողմից սեփականություն ունենալու մասին տրված ակնհայտ սխալ տեղեկություների պատճառով վերջիններս դուրս էին մնալու բնակբաշխման գործընթացից: Բնակբաշխման հանձանժողովի կողմից կայացրած որոշման համաձայն այդ ընտանիքները ևս ներառվել են վիճակահանության մասնակիցների ցուցակում, այն պայմանով, որ եթե մինչ այս տարվա աշնանը կայանալիք բնակարանամուտը պարզվի, որ նրանք իրականում ունեն սեփական բնակարաններ կամ առանձնատներ Երևան քաղաքում, ապա կվերանայվի նրանց բնակարան հատկացնելու մասին որոշումները:
«Շիրակ կենտրոնը» հեռախոսազանգերի և հեռուստահայտարարությունների միջոցով շահառուներին իրազեկել է վիճակահանության անցկացման մասին, այդ թվում www.shirakcentre.org վեբ կայքում տեղադրվել է բոլոր մասնակիցների ցուցակը, ինչպես նաև ամբողջական մոնիտորինգի է ենթարկելու բնակարանների հատկացման գործընթացը, տեսաձայնագրելու և համացանցում է տեղադրելու նաև բնակարանների վիճակահանությունների ողջ ընթացքի տեսագրությունները»,- ասված է ՀԿ տարածած հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում