Ի՞նչ է սպասվում Եվրոպայի տնտեսությանը 2023թ-ին
Նմանատիպ
Եվրոպական պառլամենտին կից հետազոտական կենտրոնը կանխատեսել է 2023թ-ին ԵՄ-ին սպառնացող ամենասուր խնդիրները՝ շարունակվող Ուկրաինական պատերազմի պայմաններում։
Հետազոտությունը ուկրաինական պատերազմն անվանում է «աշխարհաքաղաքական տեկտոնական տեղաշարժ» ԵՄ-ում, որը շարունակում է ազդել կյանքի ամենակարևոր ոլորտների վրա՝ ներառյալ տնտեսական աճը և գնաճը, էներգետիկան և տրանսպորտը, կիբեռանվտանգությունը և աշխարհաքաղաքականությունը:
Վառելիքի գնաճ և ինֆլյացիա
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և Կրեմլի հակաքայլերը հանգեցրել են ԵՄ էներգառեսուրսների մատակարարման խափանումների։ Դիզվառելիքի, բենզինի, գազի թանկացումները սրընթաց են եղել։ Ռուսական նավթի ներմուծումը ԵՄ 2022 թվականի հունվարից մինչև հոկտեմբեր նվազել է օրական միջինում 1․9 միլիոն բարել օրական։ Իսկ անցած տարվա վերջին ուժի մեջ մտավ ռուսական նավթի ներկրման ԵՄ արգելքը, որին հաջորդեց ռուսական նավթամթերքի էմբարգոն։
Փորձագետ Մոնիկա Քիսը նշում է, թե եվրոպացիները սկսել են սահմանափակել իրենց տրանսպորտի օգտագործումը․ տրանսպորտային օպերատորները կարող են նվազեցնել ծառայությունների հաճախականությունը, իսկ ընկերությունները կարող են անցնել ավելի էներգաարդյունավետ ռեժիմի, օրինակ՝ ավտոմոբիլային բեռնափոխադրումները փոխարինել երկաթուղով կամ ջրային տրանսպորտով։
Էներգետիկ ճգնաժամ Եվրոպայում
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հետևանքով առաջացած էներգետիկ ճգնաժամը բացահայտեց ԵՄ-ի չափազանց մեծ կախվածությունը ռուսական էներգակիրներից։ Մատակարարումներն ապահովելու, բարձր գներին դիմակայելու և կանաչ տնտեսության անցումը արագացնելու համար Եվրահանձնաժողովն առաջարկել է REPowerEU ծրագիրը: Կորոնավիրուսային ճգնաժամի հաղթահարման համար ստեղծված այս հիմնադրամի միջոցների մի մասը պետք է ուղղվի էներգետիկային, իսկ այս ոլորտում դրամաշնորհների չափը պետք է ավելացվի 20 միլիարդ եվրոյով։
Բայց սա խնդրի լուծում չի կարող լինել, քանի որ ԵՄ էներգետիկ ոլորտի ներդրումային կարիքները գնահատվում են տարեկան 390 միլիարդ եվրո։
Տնտեսության վերականգնումը 2023թ․-ին
Ուկրաինայի պատերազմը կտրուկ փոխել է COVID-19 համաճարակից հետո Եվրամիության տնտեսության վերականգնման դինամիկան։ Վճռական հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության շնորհիվ ԵՄ-ի տնտեսությունը վերադարձավ արտադրության նախաճգնաժամային մակարդակին արդեն 2021 թվականի երրորդ եռամսյակում, թեև անդամ երկրների միջև մեծ տարբերություններով: Այս աճի դինամիկան պահպանվեց մինչև 2022 թվականի երկրորդ եռամսյակը, երբ սկսեցին ազդել Ուկրաինայի պատերազմի հետևանքները։
2023 թվականին ԵՄ-ի հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության նպատակն է փոխզիջման հասնել գնաճը զսպելու և տնտեսական վերականգնմանն աջակցելու միջև, ինչը հեշտ խնդիր չէ։
ԵՄ բյուջեն ճգնաժամերի և պատերազմների ժամանակ
Covid-19-ի համաճարակից հետո տնտեսությունը վերականգնելու համար Բրյուսելը սկսել է ավելի քան 800 միլիարդ եվրոյի զանգվածային ծրագիր։ Բայց ծրագրի առաջին արդյունքների հետ Եվրամիությունը բախվեց արդեն Ուկրաինական պատերազմի հետևանքով առաջացած նոր ճգնաժամի հետևանքներին՝ անվտանգություն, գնաճ, էներգետիկ ճգնաժամ և հումանիտար խնդիրներ։
ԵՄ բյուջեն իր «նախագծով» նախատեսված է կայունության և կանխատեսելիության համար։ Ուստի բոլոր նոր ճգնաժամերին արագ արձագանքելու համար ԵՄ-ն օգտագործում է արտաբյուջետային գործիքների մի ամբողջ զինանոց։ Դրանցից ամենանորն ու ամենաթանկը հենց կորոնավիրուսային ճգնաժամից դուրս գալու ծրագիրն է։
Ի տարբերություն ազգային բյուջեների, ԵՄ-ի բյուջեն չի կարող ունենալ դեֆիցիտ կամ ֆինանսավորել ծախսերը վարկերի միջոցով: Այս բյուջեի ծախսերը կարելի է ավելացնել միայն եկամուտների ավելացմամբ։ Հակառակ դեպքում ԵՄ-ն ստիպված կլինի սահմանափակել առկա ծրագրերի և պարտավորությունների ֆինանսավորումը:
Կիբեռանվտանգույունը 2023թ-ի թոփ առաջնահերթություն
2023 թվականին ԵՄ-ն կիրականացնի մի քանի նախաձեռնություններ՝ պաշտպանելու ենթակառուցվածքները, թվային սարքերը և մատակարարման ողջ շղթան՝ կիբեռհարձակումների ալիքին դիմակայելու համար։ ԵՄ կիբեռանվտանգության քաղաքականությունը կկենտրոնանա թվային պաշտպանական կարողությունների բարձրացման վրա, ինչպես նաև ռազմական և քաղաքացիական կիբեռհամայնքների միջև սիներգիայի վրա: Մինչև 2024թ-ը Եվրամիության կարևորագույն ենթակառուցվածքը կապահովվի տիեզերական հաղորդակցության ինքնիշխան համակարգի՝ Iris² արբանյակի միջոցով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում