Nokia-ն և Samsung-ը նոր համաձայնագիր են ստորագրել
Նմանատիպ
Ֆիննական Nokia ընկերությունն ու Հարավկորեական Samsung-ը կշարունակեն տեխնոլոգիաների ոլորտում նախկինում մեկնարկած համագործակցությունը:
2022-ի վերջին սպառվել էր կողմերի միջև տեխնոլոգիաների վաճառքի մասով կնքված համագործակցության պայմանագրի ժամկետը, սակայն ընկերությունները շահագրգռված են եղել շարունակել երկկողմ համագործակցությունն ու նոր համաձայնագիր ստորագրել:
Համաձայնագրով Nokia-ն կշարունակի իր ստեղծած տեխնոլոգիաների վաճառքը Samsung-ին. Nokia-ն Samsung-ին կարտոնագրի նաև օգտագործել իր գյուտերը 5G տեխնոլոգիայի ոլորտում, իսկ Samsung-ը ձեռք բերվող տեխնոլոգիաների համար վճարումները կկատարի բազմամյա ժամկետով՝ սկսած 2023 թվականի հունվարի 1-ից:
Համաձայնագրի ֆինանսական պայմանները գաղտնի են, սակայն «բազմամյա ժամկետով» մարելու սկզբունքը ենթադրում է, որ խոսքը գումարային խոշոր միջոցների մասին է:
«Samsung-ը սմարթֆոնների արդյունաբերության առաջատարն է, և մենք ուրախ ենք նրանց հետ համաձայնության հասնելու համար: Համաձայնագիրը երկու ընկերություններին էլ նոր հնարավորություններ է ընձեռում և արտացոլում է գիտահետազոտական և տեխնոլոգիաների մշակման ոլորտում Nokia-ի ուժը, ինչպես նաև բջջային ստանդարտների և տեխնոլոգիաների ստեղծման կարողությունը»,- նշել է Nokia Technologies-ի նախագահ Ջենի Լուկանդերը:
Նշենք, որ Nokia-ն ժամանակակից աշխարհի ամենահին ընկերություններից մեկն է, հիմնադրվել է 1865 թվականին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում