Քաղաքագետ. «Սեփական զոհերին քողարկելու մեթոդը բավականին հին պատմություն ունի Ադրբեջանում»
Նմանատիպ
«ՀՀ-ին ուղղված սպառնալիքը նաև ՀԱՊԿ ամբողջ համակարգին ուղղված սպառնալիք է, և Հայաստանի նկատմամբ որևէ որտձգության դեպքում կազմակերպությունը ուղակիորեն հանդես է գալիս որպես կոնֆլիկտի կողմ»: Այս մասին այսօր «Արմատ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բարդյուժայի՝ երեկ արված այն հայտարարությանը, թե Հայաստանի նկատմամբ ոչ բարիդրացիական քայլերի դեպքում ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները կսատարեն ՀՀ-ին:
Քաղաքագետի կարծիքով՝ Ն.Բարդյուժայի հայտարարությունը, ինչպես նաև ՀՀ-ում անցկացվելիք ՀԱՊԿ զորավարժությունները նախ և առաջ ազդանշան են Ադրբեջանի համար այն առումով, որ «Հայաստանը գտնվում է ՀԱՊԿ անդամ երկրների ուշադրության կենտրոնում և կազմակերպության անդամ երկրները վճռական են իրենց դաշնակցի շահերը պաշտպանելու հարցում»:
Հ.Մելիք–Շահնազարյանը նկատել է, որ, այսօր Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին փորձում են փոխել այն ձևաչափը, որ գոյություն ունի արցախյան հարցի լուծման հետ կապված, քանի որ Մինսկի խումբը վաղուց վերածվել է մի յուրահատուկ ֆորումի, որտեղ գերտերությունները պայմանավորվածություններ են ձեռք բերում տարածաշրջանի քաղաքական ապագայի հետ կապված. «Թուրքիան ամեն կերպ ձգտում է ներառվել այս ֆորմատի մեջ, նրանք առաջարկեցին Կովկասում խաղաղության պլատֆորմը, հայ–թուրքական հարաբերությունները, բայց այդ բոլոր նախաձեռնություններն էլ տապալվեցին»:
Խոսելով հայկական կողմից ադրբեջանցիների դեմ ուղղված պատժիչ գործողությունների և Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից կորուստները թաքցնելու փաստի մասին՝ քաղաքագետը նշել է. «Ամեն անգամ, երբ հայկական կողմը հայտարարում է ադրբեջանական կողմի նկատմամբ պատժիչ գործողություններ ձեռնարկելու մասին, նրանք սկզբից մերժում են այդ փաստը և այնուհետև հայտարարում են, որ ադրբեջանական զինվորը զոհվել է ականի վրա պայթելուց, ուսումնական վարժանքների ժամանակ և այլն»
Հ.Մելիք–Շահնազարյանի խոսքերով՝ Ադրբեջանում հասկանում են, որ այս տեխնոլոգիական ժամանակաշրջանում անհնար է թաքցնել կորուստների մասին տեղեկությունները, սակայն նրանք միևնույն է փորձում են ադրբեջանական հասարակությանը զերծ պահել դժգոհություններից:
Բանախոսի համոզմամբ՝ սեփական զոհերին քողարկելու միտումը բավականին հին պատմություն ունի Ադրբեջանում:
«Վերջերս մենք հետազոտություն ենք իրականացրել, որը կոչել ենք «Հեյդար Ալիևի անվան եղբայրական գերեզմաններ», երբ ադրբեջանցիները ղարաբաղյան պատերազմի ժամանակ ունենալով մեծ կորուստներ, այդ զինվորներին չեն ցուցակագրել և հուղարկավորել են բոլորին մեկ վայրում, իսկ նրանց հարազատներին հաղորդում էին վերջիններիս անհետ կորելու մասին»,- տեղեկացրել է քաղաքագետը՝ հավելելով, որ իրենք քարտեզի վրա մատնանշել են հուղարկավորությունների այդպիսի 15 վայրեր և այդ հետազոտությունը շարունակվում է:
Ըստ Հ.Մելիք–Շահնազարյանի՝ այս անգամ ադրբեջանցիները նաև փորձում են սադրանքների դիմել՝ հույս ունենալով, որ հայերը չեն պատասխանի, քանի որ «Եվրատեսիլ»-ի հետ կապված աշխարհի ուշադրությունը սևեռված է Ադրբեջանի վրա: Սակայն, քաղաքագետի համոզմամբ, վերջին զարգացումները վկայում են այն մասին, որ Բաքվի հաշվարկները չեն իրականանա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում