Գերմանիայի համաձայնության դեպքում Ուկրաինան կարող է ստանալ 100 Leopard տանկ

Գերմանիայի համաձայնության դեպքում Ուկրաինան կարող է ստանալ 100 Leopard տանկ

Եվրոպայում «տանկային» կրքերը շարունակում են բորբոքվել։ Տասներկու երկիր համաձայնել է Ուկրաինային փոխանցել մոտ 100 գերմանական Leopard տանկ, անհրաժեշտ է միայն Գերմանիայի կառավարության համաձայնությունը։

Նման տեղեկություն հայտնել է ամերիկյան ABC հեռուստաալիքը՝ հղում անելով ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյայի, որի անունը չի նշվում։

Գերմանական Leopard 2 A7 տանկերը

Խնդիրն այն է, որ Գերմանիան Մյունխենի Krauss-Maffei Wegmann գործարանում արտադրվող Leopard տանկերը վաճառում է այլ պետություններին առանց երրորդ երկրի հանձնելու թույլտվության։ Սպառազինության առքուվաճառքի փաստաթղթերում դա հստակ նշված է, և պայմանագրային այս դրույթի պատճառով մինչև այժմ որևէ երկիր չի կարողանում տանկ ուղարկել Ուկրաինա։

Լեհաստանն ու Ֆինլանդիան արդեն հրապարակայնորեն հայտարարել են Կիև տանկեր տեղափոխելու պատրաստակամության մասին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Իսպանիան, Նիդեռլանդները և Դանիան նույնպես ցանկանում են Ուկրաինային տրամադրել որոշ տանկեր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում