Աշխարհը շալակած տանող մարդը․ այսօր Սևակի 99-ամյակն է

Աշխարհը շալակած տանող մարդը․ այսօր Սևակի 99-ամյակն է

Հունվարի 24-ին լրանում է 20-րդ դարի մեծագույն հայ բանաստեղծներից մեկի՝ Պարույր Սևակի ծննդյան 99 ամյակը։ Times-ը ներկայացնում է մեծանուն բանաստեղծի օրագրից հատվածներ, որոնք լավագույնս ցույց են տալիս Սևակի ոգու գույները։


«Պատմության կամեցողությամբ հորս կրթությունը վերջացել է գրաճանաչությամբ: Մայրս այդ բախտին էլ չի արժանացել: Նա, բնական է, չգիտեր ո՛չ «գրող», ո՛չ էլ «բանաստեղծ» բառերը: Բայց նա ակամա լսում էր իմ ու քրոջս բարձրաձայն ընթերցանությունը, ուստի և գիտեր, օրինակ, Գիքորի տխուր պատմությունը: Այն ժամանակ նա տակավին միտը չէր պահել նույնիսկ Հովհաննես Թումանյանի անունը: Ուստի և իմ «Բա ի՞նչ կուզեիր, որ լինեմ» հարցին պատասխանում էր.
-Էսքան որ կարդում ես, գոնե դառնայիր էն «Գիքորը» գրողի պես մարդ:
***
«Գաղտնապահ երեխա էի: Ոչ թե ծածկամիտ, այլ գաղտնապահ: Այն ժամանակ ես չգիտեի, իհարկե, «ինքնասիրություն», առավել ևս «արժանապատվություն» բառերը: Բայց հիմա գիտեմ, որ գաղտնապահությունը պայմանավորվում է այդ հատկանիշներով: Եվ գիտեմ նաև, որ գաղտնապահ երեխաները հետագայում դառնում են շա՜տ անկեղծ և ուղղամիտ մարդ»։

 

«Կարդում էի…Ու մերոնք երկյուղում էին, թե … կգժվեմ: Գյուղացիք համոզված էին, որ շատ կարդալուց մարդկանց աչքերին կա՛մ սև ջուր է իջնում, կա՛մ խելքներն են թռցնում: Ծնողներիս վախը կրկնապատիկ էր, որովհետև մեր գյուղացիք համոզված են եղել, որ իմ հայրական պապը … «շատ կարդալուց գժվել է»: Եվ անհիմն էլ չի եղել նրանց կարծիքը: Պատմում էին, որ նա՝ եզները լծած, սերմացուն ջորուն բարձած, գնում է վար անելու և ինչ-որ գիրք բացելով՝ մոռանում է ոչ միայն լծված եզների գոյությունը, այլև այն, որ սերմացուի 8-փթանոց պարկերը չի իջեցրել ջորուց: Պապիս գժվածության մասին այսօրինակ տասնյակ այլ ապացույցներ էլ էին պտտվում: Բայց հետագայում, 30-ական թվականների վերջերին, նրա հատուկենտ հասակակիցները սկսեցին հիշել նույնքան և ավելի ապացույցներ՝ այս անգամ էլ այն մասին, որ պապս ոչ թե խելագար էր, այլ … համարյա թե մարգարե, որովհետև … «օղորմածիկը ինչ որ ասում էր՝ կատարվեց․․․»։
***
Գեղեցիկը միշտ չէ, որ առողջ է, մինչդեռ առողջը միշտ գեղեցիկ է: Գեղեցիկ էր մեր երազանքը, գեղեցիկ էր մեր նպատակը, գեղեցիկ էին մեր խոսքերն ու կոչերը: Բայց անառողջ էր կյանքն ու իրականությունը: 37 թվականը ողջ աշխարհի համար ունի միայն մեկ նշանակություն. 37-ը մարդու նորմալ ջերմաստիճանն է: Իսկ մեզ համար դա (37 թվականը) ջերմաստիճանի մի այնպիսի աննորմալ բարձրացում էր, որ միլիոնավոր մարդկանց սառցահարեց մենախցերում, Սիբիրում, բևեռամերձ գոտում, իսկ մնացածներին էլ՝ իրենց տանը, իրենց սրտի մեջ:


Բախտավորությունը հազար ու մի ձևերով է դրսևորվում: Բայց դրանց մեջ լավագույնը, ըստ իս, ճիշտ սերվելն է: Մարդիկ միշտ գոհ են իրենց խելքից և դժգոհ իրենց բախտից: Թող նույն մարդիկ ինձ արտառոց բացառություն համարեն. ես գոհ եմ իմ բախտից: Ես, ինչպես երևում է, ճիշտ էի սերվել:
***
Իմ գիտակցական ամբողջ կյանքում ես տառապել եմ, եթե կարելի է ասել, կոմիտասասիրությունից: Իմ ազգի մեծագույն զավակներից մեկը, որին բնությունը օժտել էր այն ամենով, ինչի համագումարը բնորոշվում է «հանճար» կարճ բառով, ծնվել էր ամենաբախտավոր և ամենադժբախտ աստղի տակ: Բոլորովին որբ, մայրենի լեզուն համարյա թե մոռացած, միայն ձայնի (և որբության) շնորհիվ Էջմիածնի ճեմարան ընկած, ուստի և կուսակրոն դարձած, իր համակ լուսեղենությունը մշտնջենական սևերի մեջ պարփակած այդ մարդակերպ ոգին ի վերջո իսկապես էլ ոգեղինացավ. ականատես այն ցեղասպանությանը, որի առաջնությունը գերմանական ֆաշիստներին չի պատկանում, այլ օսմանյան թուրքերին, Կոմիտասը խելագարվեց 1915-ին և ամբողջ քսա՜ն տարի ապրեց փարիզյան հոգեբուժարանում՝ իբրև մի անթաղ մեռել, իբրև անփուտ սրբություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում