Շ.Ֆյուլե. «ԵՄ և Հայաստանի հարաբերություններում առաջընթաց է արձանագրվել»

Վերջին շրջանում Եվրոպական միության և Հայաստանի հարաբերություններում առաջընթաց է արձանագրվել: Այս մասին Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ելույթ ունենալիս ասել է Ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Եվրոպական Հանձնաժողովի մամլո ծառայությանը:

«Մենք առաջընթաց ենք արձանագրել հիմնականում այն հարևանների հետ, որոնք իրենք են առաջընթաց կատարել քաղաքական և տնտեսական բարեփոխումների մասով: Առևտրի մասով կարող եմ նշել, որ ԵՄ-ն արդեն իսկ սկսել է բանակցությունները խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի հետ»,- նշել է Ֆյուլեն: Նա միաժամանակ ընդգծել է, որ հարավային հարևանության ոլորտում նման բանակցություններ ընթանում են Եգիպտոսի, Հորդանանի, Մարոկկոյի և Թունիսի հետ:

ԵՄ հանձնակատարը շեշտել է, որ Հայաստանի հետ առաջընթաց է արձանագրվել նաև Շարժունակության ոլորտում բանակցությունների մասով, ինչի վկայությունն է անցած տարի Լյուքսեմբուրգում ստորագրված «Շարժունակության մասին» հռչակագիրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում