Մարզերի ռուսերենի ուսուցիչները մասնակցել են վերապատրաստման դասընթացի
Նմանատիպ
Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը նախաձեռնել էր ուսուցիչների որակավորման բարձրացման սեմինար, որին մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերում կենտրոնի կողմից կազմակերպվող ռուսաց լեզվի անվճար դասընթացները վարող ուսուցիչները։
«Լեզվաբանության և դասավանդման մեթոդիկայի արդի միտումները» թեմայով դասընթացին մասնակցում էին ավելի քան 50 ուսուցիչներ ՀՀ տարբեր մարզերից: Վերապատրաստման դասընթացը անցկացնում էին Ռուսաստանի և Հայաստանի առաջատար մասնագետները, որոնք մասնակիցներին ներկայացրեցին ուսուցման ժամանակակից, ինտերակտիվ մեթոդների և ուսումնական գործընթացի կազմակերպման նրբությունները:
Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը շնորհակալություն հայտնեց ուսուցիչներին մասնագիտությանը անմնացորդ նվիրումի համար:
«Անգնահատելի է ուսուցիչների ներդրումը երեխաների կրթության և դաստիարակության, հետևաբար հասարակության զարգացման գործում։ Ուսուցիչները երեխաների համար բացում եք գիտելիքների աշխարհը, օգնում հասկանալ կյանքի իմաստությունը: «Դոմ Մոսկվի» կենտրոնը կփորձի անել հնարավորը այս կարևոր առաքելության մեջ: Հուսով ենք, որ մեր կողմից կազմակերպվող վերապատրաստման դասընթացները, ներկայացված մեթոդական ձեռնարկներն ու նյութերը կնպաստեն, որպեսզի երեխաները լավ տիրապետեն առարկային և սիրեն ռուսաց լեզուն և մշակույթը», – նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Ուսուցիչներին ողջունեց նաև հայտնի ջութակահար Կարեն Շահգալդյանը, ով ընդգծեց ուսուցչի կարևոր և պատասխանատու դերը յուրաքանչյուրի կյանքում։ Ողջույնի խոսքով ներկայացավ նաև Հայրենական մեծ պատերազմի վետերան, ՀՀ վաստակավոր ուսուցիչ Ռոզալիա Աբգարյանը:
«Չափազանց կարևոր է ուսուցչի դերը երեխայի դաստիարակության և արժանապատիվ քաղաքացի ձևավորման գործում։ Հենց ուսուցիչներից է կախված ոչ միայն երեխաների, այլև երկրի ճակատագիրը»,- նշեց Ռոզալիա Աբգարյանը:
«Անցած տարվա դեկտեմբերին հերթական դասընթացն էր։ Ամեն անգամ Հայաստան այցելելիս հիանում եմ հայ մանկավարժների նվիրումով։ Միշտ պատրաստ ենք աջակցել նման նախաձեռնություններին։ Վստահ եմ, որ մեր գործակցությունը շարունակական կլինի և լավ արդյունքներ կտա», – ընդգծեց Ռուսաստանի պետական համալսարանի բանասիրության տեխնոլոգիաների ամբիոնի պրոֆեսոր, «Ալֆա-Դիալոգ» կենտրոնի տնօրեն Ելենա Յադրովսկայան, ով ներկաներին ներկայացրեց մասնագիտական դասախոսություն։
Դասընթացի ավարտին մասնակիցները ստացան սերտիֆիկատներ։
«Դոմ Մոսկվի» կենտրոնը ռուսաց լեզվի անվճար երկամսյա դասընթացներն իրականացնում է 2019թ․-ից։ Դասընթացների աշխարհագրությունն ընդգրկում է ՀՀ 11 մարզեր և 44 համայնքներ, աշխարհագրությունը ընդլայնվում է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում