Ինչպե՞ս պետք է սփյուռքն արձագանքի Թուրքիայի մերձեցման նախաձեռնություններին
Նմանատիպ
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Հավաստի աղբյուրներից տեղեկացել եմ, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն շարունակում է իր ջանքերը սփյուռքի հետ հայ–թուրքական խնդիրների շուրջ անձամբ «երկխոսություն» սկսելու ուղղությամբ։ Այս ամսվա սկզբին Դավութօղլուն դարձյալ հանդիպեց ամերիկահայերի հետ` ի շարունակություն մարտին Վաշինգտոնում ունեցած իր հանդիպումներին։
Մայիսին տեղի ունեցած խոսակցության ժամանակ, նրա հայ զրուցակիցներն անկեղծորեն խորհուրդ տվեցին Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, որ Անկարան պետք է հետամուտ լինի ցեղասպանության ճանաչման և հատուցման հայկական պահանջներին, և միայն դրանից հետո կարող է խոսք գնալ որևէ «հաշտեցման» մասին։ Թուրքական կողմը, ինչպես հայտնում են, արտահայտել է այս փշոտ հարցերը քննարկելու իր ցանկությունը սփյուռքի ներկայացուցիչների հետ։
Չնայած Դավութօղլուի թվացյալ անկեղծությանը՝ հայերն ունեն իրենց հիմնավոր պատճառները նման նախաձեռնություններին չվստահելու` հաշվի առնելով տասնամյակներ շարունակ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը և սփյուռքի, Հայաստանի ու Արցախի նկատմամբ իր թշնամական քաղաքականությունը։ Հայերը նաև կասկածում են, որ Թուրքիայի պաշտոնատարները կարող են շահագործել սփյուռքի հետ հանդիպումները որպես քարոզարշավ համաշխարհային հասարակական կարծիքում դիվիդենտներ ստանալու համար։
Այնուամենայնիվ, կարելի է հարց տալ, թե ինչու է Թուրքիայի գերզբաղված արտաքին գործերի նախարարն իր թանկագին ժամանակը հատկացնում և այդքան ջանքեր գործադրում վերջին շաբաթներին հայերի հետ մի շարք առանձին հանդիպումներ ունենալու համար։
Հնարավոր բացատրություններից մեկն այն է, որ թուրք ղեկավարներին խիստ մտահոգում է Հայոց ցեղասպանության գալիք 100–րդ տարելիցը։ Անկարան հավանաբար գիտակցում է, որ եթե չձեռնարկի պրոակտիվ քայլեր, ապա չի կարող հակազդել 2015 թվականին աշխարհով մեկ հայկական միջոցառումների ստեղծած հակաթուրքական քարոզարշավին։
Երկրորդ հնարավոր պատճառը, թե ինչու է Թուրքիայի կառավարությունը ցանկանում խոսել սփյուռքի հայերի հետ, Եվրոպական Միությանն անդամակցելու իր երկար տարիների շահագրգռվածությունն է։ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլլանդը զգուշացրել էր, որ մինչև Թուրքիան չճանաչի Հայոց ցեղասպանությունը, Ֆրանսիան կմերժի ԵՄ անդամակցության նրա դիմումը։
Թուրքիայի նախաձեռնությունների երրորդ հնարավոր բացատրությունն այն է, որ վարչապետ Ռեջեփ Էրդողանն այժմ ավելի ազատորեն կարող է զբաղվել հայ–թուրքական հարցերով, քանի որ իր իշխող կուսակցությունը վայելում է խորհրդարանի մեծամասնությունը և իրեն հակառակորդ բարձրաստիճան զինվորականներից շատերը նստած են բանտերում։
Անկախ այն հանգամանքից, թե ինչու է Թուրքիան փորձում կապեր հաստատել սփյուռքի հետ այս պահին, հայերը պետք է ընդունեն բացառապես իրենց ազգային շահերից բխող որոշումներ առ այն, թե արդյոք սա այն պատեհ առիթն է փորձարկելու թե Թուրքիան պատրաստ է դիմակայելու Հայոց ցեղասպանության աղետալի հետևանքները։
Այնուամենայնիվ, նախքան սփյուռքի ղեկավարները կարձագանքեն Դավութօղլուի «երկխոսություն» սկսելու համառ ջանքերին, նրանք պետք է խնդրեն թուրք պաշտոնատարներին հստակեցնել իրենց իսկական նպատակները` առնելով որոշ դրական քայլեր. օրինակ` Աղթամար կղզու վրա գտնվող Սուրբ Խաչ եկեղեցին վերադարձնել Թուրքիայի հայոց պատրիարքարանին։ Այս պատմական եկեղեցին ներկայումս պատկանում է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը և գործում է որպես թանգարան: Անշուշտ, Թուրքիայի կառավարությունը պետք է շատ ավելին անի, քան զբոսաշրջության նպատակներով մի քանի եկեղեցիների վերանորոգումը և Ստամբուլում հայկական համայնքին մի շարք կալվածքներ վերադարձնելը։ Կան հազարավոր առգրավված եկեղեցիներ և համայնքին պատկանող կալվածքներ Թուրքիայի ամբողջ տարածքում, որոնք պետք է վերադարձվեն իրենց օրինական հայ տերերին։
Հայերի հետ «հաշտեցման» ցանկության անկեղծությունը փաստելու համար Թուրքիան պետք է անմիջապես դադարեցնի ցեղասպանության ժխտումը, վերացնի Թուրքիայի քրեական օրենսգրքի 301–րդ հոդվածը և վերջ դնի Հայաստանի և Արցախի նկատմամաբ թշնամական վերաբերմունքին։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիայի կառավարությունն ինքնակամ և առանց վերապահության չի բավարարի հայերի պահանջները, և որ բոլոր առկախված հարցերը պետք է լուծվեն մի օր անմիջական բանակցությունների միջոցով՝ սփյուռքի կազմակերպությունների ղեկավարները պետք է պատրաստվեն դրան ի վերջո։ Այս առումով, որպես նախընթաց կարևոր է վերանայել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Սաբրի Չաղլայանգիլի և հայկական երեք քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ 1977 թվականի Շվեցարիայի Ցյուրիխի քաղաքում տեղի ունեցած հանդիպման արձանագրությունները:
Ստորև ներկայացնում եմ որոշակի գաղափարներ, որոնք պետք է նկատի առնվեն նախքան Թուրքիայի ղեկավարների սփյուռքի ներկայացուցիչների միջև որևէ հետագա հանդիպումներ կամ քննարկումներ ունենալը՝
1.սփյուռքի ընտրված ներկայացուցչական մարմնի բացակայության դեպքում, գլխավոր հայկական կազմակերպությունները, դիվանագիտության և բանակցություններ վարելու ոլորտում փորձ ունեցող մասնագետների աջակցությամբ, պետք է ձեռնամուխ լինեն միասնական ռազմավարության և Թուրքիայի նկատմամբ պահանջների ցուցակի մշակմանը։ Ոչ մի հայկական կազմակերպություն կամ անհատ չպետք է ներգրավվի Թուրքիայի հետ առանձին բանակցություններում, որպեսզի Անկարան չկարողանա պառակտումներ ստեղծել սփյուռքում,
2.պարտադիր է, որ սփյուռքի ներկայացուցիչները համաձայնեցնեն բանակցություններ վարելու հարցում ունեցած իրենց դիրքորոշումները Հայաստանի և Արցախի ղեկավարների հետ`Թուրքիայի հարցում միասնական դիրքորոշում ապահովելու համար։
Նորմալ հանգամանքներում Թուրքիայի դիվանագետները հայկական հարցերը կբարձրացնեին Հայաստանի հետ անմիջական բանակցությունների ընթացքում։ Սակայն հաշվի առնելով Ադրբեջանի կողմից հայ–թուրքական արձանագրությունների խափանումը մինչև Արցախի հակամարտության ավարտը, Թուրքիայի ղեկավարներին ոչ մի այլընտրանք չի մնում քան կապ հաստատել սփյուռքի հետ և զբաղվել իր իրավացի պահանջներով։
Թարգմանիչ` Կ. Գևորգյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում