2022թ-ին 32 նոր Արմատ լաբորատորիա է հիմնվել․ ԱՏՁՄ

2022թ-ին 32 նոր Արմատ լաբորատորիա է հիմնվել․ ԱՏՁՄ

2022թ-ին մենք հատկապես փորձել ենք ուշադրություն դարձնել լաբորատորիաների զարգացման ծրագրերին, սակայն տեղի է ունեցել նաև նոր լաբորատորիաների ներդրում․ Մասնավորապես մենք հիմնել ենք 32 նոր «Արմատ» լաբորատորիաներ։

Այս մասին այսօր հրավիրված տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» (ԱՏՁՄ) ՀԿ-ի գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։

«Ստեղծվել են 12 «Արմատն օդում» կրթական ծրագրեր․ դրանք «Արմատ» ավելի զարգացած, խորացված ուսուցում են օդային ռոբոտաշինության ոլորտում։ Ծրագիրն իրականացվել է Արցախում և ՀՀ սահմանամերձ բնակավայրերում, և այսօր մենք ունենք 12 լաբորատորիաներ, որտեղ հիմնականում համախմբում ենք մեր այն սաներին, որոնք ճարտարագիտությամբ զբաղվելու տարիների փորձ ունեն արդեն   և ավագ դասարաններում հնարավորություն են ստանում խորացված ուսումնասիրելու օդային ռոբոտաշինություն»,-նշել է Չոբանյանը։ 

Հայկ Չոբանյանը նաև նշեց, որ իրենց նպատակների շարքում է առաջիկայում Հայաստանում բացել ևս 50 «Արմատ» լաբորատորիաներ և ևս 50 լաբորատորիաներ վաճառել արտերկրում։

«Մեր անցած տարվա առանձնահատկություններից մեկը «Արմատ» լաբորատորիաների արտահանումն էր․ մենք այսօր լաբորատորիաներ ունենք Ֆրանսիայում, Քուվեյթում, Գերմանիայում, մարտ ամսին պաշտոնական բացումը կլինի ԱՄՆ-ում։ Այս գործընթացի առաջնահերթ կողմ է «Արմատի» արտահանումը դեպի արտերկրի հայկական համայնքներ»,-նշեց Չոբանյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում