Երևանում մեկնարկել է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը
Նմանատիպ
Այսօր Ազգային Ժողովում մեկնարկել է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը: Խորհրդարանական վեհաժողովը կազմված է ՍԾՏՀ 12 անդամ երկրները ներկայացնող 76 պատգամավորից, Երևանում են նաև Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակությունները:
39-րդ լիագումար նիստի օրակարգում ներառված հարցերի թվում են` կազմակերպչական, ՍԾՏՀ կազմակերպության գործունեության մասին, ՍԾՏՀ անդամ երկրներում հարկային համակարգի կատարելագործմանը, խաղողագործության և գինեգործության զարգացման հեռանկարներին, կազմակերպված հանցագործության դեմ պայքարի ոլորտում համաձայնագրերի իրագործմանը, մշակույթին, կրթությանը, սոցիալական խնդիրներին առնչվող և այլ հարցեր: Կհրապարակվի ՍԾՏՀ ԽՎ Հայտարարությունը ՍԾՏՀ կազմակերպության 20-ամյակի կապակցությամբ:
Ինչպես տեղեկացնում է Panorama.am-ը, նիստի մեկնարկին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն ընթերցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը: Նախագահի խոսքում նշված է եղել, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս միջազգային կառույցների ու հատկապես ՍԾՏՀ կազմակերպության գործունեությանը և խորհրդարանական վեհաժողովի հետագա զարգացմանը` որպես տարածաշրջանային համագործակցության առանցքային մարմին: Եվ դրա վառ ապացույցն այն է, որ մեր երկիրը պատրաստակամություն է հայտնել հյուրընկալել լիագումար նիստի մասնակիցներին անկախ նրանից, թե ինչ ներքաղաքական գործընթացներ կան երկրում:
Կարևորելով միջխորհրդարանական դիվանագիտության դերը մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության և մի շարք այլ հարցերում երկրի ղեկավարը նշել էր նաև, որ միջխորհրդարանական վեհաժողովների գործունեությունը հատկապես կարևոր է այդ բոլոր արժեքների տարածման գործում: Այն նաև օգնում է տարածաշրջանային համագործակցությանը:
«Հայաստանը համոզված է, որ միայն տարածաշրջանային համագործակցության ընդլայման, փակ սահմանների ապաշրջափակմամբ, փոխգործակցության խթանմամբ է հնարավոր հասնել փոխվստահության, ինչն էլ հիմք կհանդիսանա խաղաղ երկխոսության ճանապարհով բոլոր վիճելի խնդիրների լուծման համար: Այս համատեքստում ևս կարևորվում է ՍԾՏՀ ԽՎ դերակատարությունը: Վստահ եմ, որ մեզ համախմբում են միասնական նպատակները` ուղղված քաղաքական երկխոսության խորացմանը, առևտրատնտեսական կապերի ընդայլմանը, մեր ժողովուրդների բարեկեցության ապահովմանը: Հայաստանը շարունակելու է քայլեր ձեռնարկել այդ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ և ողջունելու է տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն»»,- ՀՀ նախագահի խոսքն ընթերցել է Վ.Սարգսյանը:
Նիստի բացմանը խոսքով հանդես է եկել նաև ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը՝ նշելով, որ իր համար մեծ պատիվ է եղել վերջին վեց ամիսների ընթացքում ղեկավարել խորհրդարանական վեհաժողովը:
«Վեհաժողովի անդամ երկրներին միավորում են ընդհանուր արժեքներ ու նպատակներ, այդ թվում Սևծովյան տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդումը, բարիդրացիական հարաբերությունների հաստատումը տարածաշրջանի բոլոր երկրների հետ: Ժամանակակից աշխարհում բազմակողմ համագործակցությունն ու խորհրդարանական դիվանագիտությունը մեծ նշանակություն են ձեռք բերում: Մեր նպատակն է աջակցել ու զարգացնել այդ գործընթացները, որը պետք է նպաստի ոչ միայն երկրների ներքին խնդրիների լուծմանը, այլև երկրների և ժողովուրդների միջև վստահության ու փոխըմբռման հաստատմանը: Հենց այս գիտակցությամբ էլ շարժվում ենք տարածաշրջանային համագործակցություն ամրապնդելու ուղղությամբ»,- ասել է Ս.Նիկոյանը՝ հավելելով, որ Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում տարածաշրջանային համագործակցությանը:
ԱԺ նախագահը նաև հույս է հայտնել, որ ՍԾՏՀ լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած պատվիրակները ժամանակ կունենան ծանոթանալ մեր երկրի պատմամշակութային ժառանգությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում