Թերթերն այսօր. «Իսկ ուրիշ ի՞նչ կարելի է հնձել, եթե փոթորիկ ես ցանում»

Հետընտրական զարգացումներ.

«Երկիր»-ը նշում է, որ ՕԵԿ-ը նոր կառավարությունում ունենալու է երկու նախարարական պորտֆել` պահպանելով գյուղնախարարի և արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնները: Երկրորդի դեպքում կշարունակի պաշտոնավարել Արմեն Երիցյանը, իսկ Սերգո Կարապետյանի պաշտոնավարումը, ըստ թերթի, կախված է մազից: «ՕԵԿ նախագահը փորձել է նախարարի մեկ աթոռ ևս «կպցնել», բայց ՀՀԿ-ից սաստել են` ասելով, որ եթե անգամ ԲՀԿ-ն կոալիցիա չմտնի, ինչը քիչ հավանական է, միևնույն է` ՕԵԿ-ին 2 նախարարից ավելի չի հասնում»,- գրում է թերթը:

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ ՀՀԿ-ն որոշել է, թե ով է դառնալու ԱԺ փոխնախագահ: Ինչպես թերթը տեղեկացրել էր, ԱԺ նախագահի հարցը վերջնականապես որոշված է. դա լինելու է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Իսկ փոխնախագահ, ըստ ՀՀԿ թերթի աղբյուրների, կդառնա ԱԺ ներկայիս նախագահ Սամվել Նիկոյանը: Վերջինս արդեն մի քանի օր է, ամենուր հայտարարում է, որ խորհրդարանից ոչ մի տեղ չի գնալու: Հանրապետական թերթի աղբյուրները հայտնում են, որ Նիկոյանը ԱԺ նախագահությունում մնալու է ի հակակշիռ Հովիկ Աբրահամյանի: Աբրահամյանն ու Նիկոյանը, ինչպես հայտնի է, շատ վատ հարաբերություններ ունեն: Այս ընթացքում, ըստ թերթի աղբյուրների, Հովիկ Աբրահամյանը փորձել է հասնել նրան, որ ԱԺ փոխնախագահ դառնա ոչ թե Նիկոյանը, այլ Գալուստ Սահակյանը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը, սակայն, պնդել է Նիկոյանի թեկնածության վրա: Իսկ Գալուստ Սահակյանը, ըստ նույն աղբյուրների, կշարունակի ղեկավարել ՀՀԿ խմբակցությունը: ՀՀԿ քվոտայով ԱԺ գործող փոխնախագահ Էդուարդ Շարմագանովն էլ, թերևս, կդառնա խմբակցության քարտուղարը:

«Հրապարակ»-ը ներկայացրել է ԲՀԿ-ում կոալիցիա մտնելու մաքսիմում-մինիմում ծրագրերը: Ըստ այդմ` մաքսիմումն անիրագործելի է, որովհետև վարչապետի փոփոխության և նրա փոխարեն Ռոբերտ Քոչարյանի խնդիր է դրված: Մաքսիմում ծրագիրը պատճառաբանվում է նրանով, որ եթե 2007-ին ԲՀԿ-ն ստացել է երկու հարյուր հազար ձայն, այս ընտրություններում` հինգ հարյուր հազար, դե ֆակտո-դե յուրե երկրում դառնալով երկրորդ հզոր ուժը, ուստի լիարժեքորեն կարող է հավակնել վարչապետի մանդատին: Առավել հավանականը մինիմում ծրագրի իրականացումն է: Չնայած Ծառուկյանն ու իր թիմակիցները պնդում են, թե իրենք պորտֆելների համար չէ, որ պայքարում են, իրականում ԲՀԿ-ն ցանկանում է իր տեսական-բիզնես ստատուսի պահպանում, ևս երկու նախարարական պորտֆել, ինչպես նաև ԱԺ նախագահություն Հովիկ Աբրահամյանի համար, և ձգտում է, որ Գագիկ Խաչատրյանը պահպանի իր պորտֆելը: 

«Ըստ հավաստի աղբյուրների` Սերժ Սարգսյանը ԲՀԿ մինիմում ծրագրի որոշ կետերում անդրդվելի է ու ասում է` սա է. ուզում են-չեն ուզում, իրենք գիտեն: Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հաջորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 25-26-ին` կոալիցիայի վերջանական առաջարկ-պայմանավորվածություններով հանդերձ: Չնայած փորձագետների մեծ մասը պնդում է, որ նրանք էն գլխից էլ իրար հետ պայմանավորված են խաղացել, պարզապես ժամանակ էր պետք ԲՀԿ-ն «մաքրելու», անհարկի բալաստից ազատվելու համար»,- գրում է թերթը:

Զարմանազան.

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ անցած Աժ ընտրություններում համամասնական ընտրակարգով մասնակցող քաղաքական 9 ուժերի հիմնադրամներում ընդհանուր մուտք է եղել 431 միլիոն 631 հազար 180 դրամ, որից, մայիսի 10-ի դրությամբ, ծախսվել 422 միլիոն 288 հագար 130 դրամ:

«Հայոց աշխարհ»-ն «Իսկ ուրիշ ի՞նչ կարելի է հնձել, եթե փոթորիկ ես ցանում» խորագրով հոդվածում անդրադառնում է վերջին օրերին ինտերնետային կայքերում ինտենսիվ շրջանառվող տարբեր տեսանյութերին, որոնցում պատկերված է, թե ինչպես են հայազգի 14-15 կամ 16-17 տարեկան աղջնակները կատաղի ծեծում իրար ու քաշքշում՝ այդ ամենն ուղեկցելով ամենալկտի հայհոյանքներով։

 «Ավելի քան 15 տարի, Հայաստանի դպրոցական կրթության համակարգը պարբերական «բարեփոխումների» գործընթացների մեջ է, որի նպատակադրումները մշուշոտ են, ծրագրերը՝ խախուտ, խրթին, հաճախ խառնիխուռն։ Ավելին՝ փորձառու, իրենց գործն իմացող մանկավարժների զանգվածային ջարդը, որ ձեռնարկվեց օպտիմալացման անվան տակ, ուղղակի խեղեց դպրոց ասվածի բովանդակային նկարագիրը։ 

Իսկ հետեւանքներն ահավոր են, որովհետեւ մեծանում է առավելապես կիսագրագետ, անկիրթ, անդաստիարակ, լկտի ու ցինիկ պահվածքով աչքի ընկնող սերունդ, որին առաջնորդողը գրգիռներն ու ռեֆլեքսներն են։ 

Երկրորդ. արդեն տարիներ շարունակ հեռուստաեթերն ուղղակի հեղեղված է ամեն կարգի այլանդակության քարոզով. բռնություն, սեռական սանձարձակություն, հայհոյանք, գռեհկություն ու ցինիզմ, խաբեություն ու սրիկայություն, սպանություն ու լկտիություն, անբարոյականություն ու դավաճանություն, եւ այլն, եւ այլն։ Իսկ վերջին տարիներին, զանգվածային բթացման այդ սարքին համալրելու է եկել ինտերնետը։ Կապի միջոցը, իհարկե, մեղավոր չէ, հարցն այն է, թե ով ինչ է դրանից քաղում։ Հետևանքներն ակներև են։ 

Իսկ այդ ի՞նչ կարելի է սպասել վերը նշված արատների ու անբարոյականության շարունակական քարոզչությունից, ի՞նչ։ Որ բարեկրթություն մարմնավորող լուսավորյալ սերո՞ւնդ մեծանա։ Ինչպե՞ս կարող է դաժանության, անխղճության, ուժի ու փողի պաշտամունքից ինչ-որ լուսավոր բան ստացվել։ Չի՛ կարող։ Պատրանքներ չարժե ունենալ։

Իսկ Հայաստանում տիրապետող սևեռումը, անգամ կարելի է ասել գաղափարախոսությունը հենց փողն է և ուժը, լրացված դաժանությամբ ու անխղճությամբ։ Ու դա ոչ մեկին չի էլ հետաքրքրում՝ ո՛չ պետական կառույցներին, ո՛չ էլ հասարակական կազմակերպություններին (չէ՞ որ դրա համար գրանտ տվող ամերիկացի ձյաձյաներ չկան)։ 

Ի դեպ, շատերը ախուվախ են անում, նկատի ունենալով, որ հայհոյախառն ծեծկռտուքով են զբաղված աղջիկները։ Իսկ այն, որ դպրոցահասակ տղաներն են իրար հոշոտում՝ ոհմակային եղանակներով, որ դպրոցականները իրար վրա դանակ են քաշում, կարծես թե նույնպիսի սրությամբ չի ընկալվում ակտիվ հանրության կողմից։ Իսկ չէ՞ որ այդ տղաները վաղը-մյուս օրը գնալու են բանակ։ 

Տպավորությունն այնպիսին է, որ տանը մտածում են, թե երեխայի հետ դպրոցում «կզբաղվեն», դպրոցում բողոքում են, որ տանը չեն «զբաղվում», իսկ ինքնահոսի թողնված խակգլուխ դեռահասները զբաղվում են ինչով կարող են, նրանք սովորել են ամենևին էլ ոչ այն, ինչ երկար-բարակ գրված է դասագրքերում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում