Քաղաքագետ. «Հայաստանի համար էական գործընթաց տեղի չի ունենում արտաքին քաղաքականությունում»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Ալեքսարդր Իսկանդարյանն անդրադարձել է ներքին և արտաքին քաղաքական զարգացումներին:

Խոսելով նորընտիր խորհրդարանում կոալիցիայի ձևավորման հավանականությունից՝ բանախոսը տեսակետ է հայտնել, որ կողմերն առայժմ գտնվում են առաջարկությունների ու համաձայնությունների փուլում: Ըստ նրա՝ ԲՀԿ-ն ունի հիմքեր՝ կոալիցիայում լինել-չլինելու համար.

«Նրանք պետք է ընտրեն շահեկան տարբերակ: Կարևոր է, թե նրանց ինչ են առաջարկելու: ԲՀԿ-ն ի վիճակի չէ հինգ տարի հասարակությանը պահել հրապարակներում: Ես կարծում եմ, որ ԲՀԿ-ի՝ կոալիցիա մտնելն ավելի հնարավոր է»,- գտնեւմ է Ա.Իսկանդարյանը:

Քաղաքագետը նաև վստահություն է հայտնել, որ ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի մասնակցությամբ կոալիցիա միանշանակ լինելու է:

Ա.Իսկանդարյանը դրական է համարում այն հանգամանքը, որ նոր խորհրդարանում նախորդի հետ համեմատած նվազել է գործարարների թիվը: Նա նաև հույս է հայտնել, որ ժամանակի ընթացքում բիզնեսը ավելի շատ կտարանջատվի քաղաքականությունից. «Սա գործընթաց է, որը տեղի է ունենում գործող իշխանության ներսում: Այսօր չի կարելի ասել, թե դա ստացվում է, բայց որոշ տեղաշարժեր կան: Գործարարությունը պետք է առանձնացվի քաղաքականությունից, որպեսզի չազդի քաղաքական որոշումների վրա, բայց պետք չէ, որ պետությունից առանձնանա, քանի որ դրանք իրար մասեր են»:

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ քաղաքագետը նկատել է, որ Հայաստանի համար էական գործընթաց տեղի չի ունենում. «Այն, ինչ տեղի է ունենում Չիկագոյից մինչև Բաքվի Եվրատեսիլը, Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ իրադարձություն չի կարելի համարել: Դա փուչիկ է»:

«ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ոչ մի այլ սցենար չէր կարող լինել, Հայաստանի կողմից ընդունված որևէ որոշում չէր կարող ազդել այնտեղ կայացվելիք որոշումների վրա, և այն, ինչ այնտեղ որոշվել է կամ չի որոշվել, որևէ կապ չունի Հայաստանի հետ»,- հավելել է Ա.Իսկանդարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում