Պետդեպը պատասխանել է Հայաստանի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությանը
Նմանատիպ
Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին։ Մենք ողջունում ենք մեր գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության ջանքերը՝ տարածաշրջանում վստահություն ձևավորելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության համար նպաստավոր միջավայր ապահովելու ուղղությամբ։ Քանի դեռ դրանք արդյունավետ են, մենք շարունակելու ենք սերտորեն համագործակցել մեր բոլոր գործընկերների, այդ թվում նաև տարածաշրջանի մեր գործընկերների հետ։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Պետդեպի ներկայացուցիչ Վեդանտ Պատելը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը Հայաստանում ԵՄ-ի դիտորդական առաքելության մասին և անդրադառնալով տարածաշրջանում ՌԴ-ի դերակատարմանը։
«Մասնավորապես, ինչ վերաբերում է Ռուսաստանի դերին, ապա Միացյալ Նահանգները չի մասնակցել 2020թ. նոյեմբերին Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադարի հաստատմանը, ինչը հանգեցրել է ռուս խաղաղապահների տեղակայմանը, ուստի ես պարզապես ոչինչ չունեմ առաջարկելու այս հարցով։ Բայց, իհարկե, ինչպես գիտեք, սա շատ կարևոր հարց է պետքարտուղարի համար և այն է, ինչին նա մեծ ուշադրություն է հատկացնում և խորապես ներգրավված է», – հավելել է Պատելը։
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որում անդրադարձել էր ԵՄ-ի կողմից հայ-ադրբեջանական սահմանին քաղաքացիական դիտորդական առաքելույուն տեղակայելու որոշմանը։
Հայտարարությամբ ռուական կողմը քննադատել է ԵՄ-ի գործողությունները՝ նշելով, թե Բրյուսելը շահագրգռված չէ Ադրկովկասում խաղաղությամբ, ցանկանում է դիտորդական առաքելության միջոցով իր դիրքերն ամրապնդել Հայաստանում և որ դա կարող է առճակատման պատճառ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Մոսկվան նաև նշել է, որ եթե պաշտոնական Երևանը ուզենա, ապա ՀԱՊԿ առաքելությունը կարող է օպերատիվ կերպով տեղակայվել Հայաստանում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում