«Դոմ Մոսկվի» կենտրոնում բացվել է Լենինգրադի ապաշրջափակման 80 ամյակին նվիրված ցուցահանդես

«Դոմ Մոսկվի» կենտրոնում բացվել է Լենինգրադի ապաշրջափակման 80 ամյակին նվիրված ցուցահանդես

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ «Շրջափակում. Ժամանակների կապը» ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որտեղ ներկայացված էին Սերգեյ Լարենկովի «Անտեսանելի շրջափակված Լենինգրադը» ֆոտոնախագծի նյութերը: Ցուցահանդեսը նվիրված է Լենինգրադի շրջափակումից ազատագրման 80 և քաղաքը ֆաշիստական շրջափակումից ամբողջական ազատագրման 79-րդ ամյակին։

Ցուցահանդեսի բացմանը ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը կարևորեց «հիշողության էստաֆետի» պահպանումն ու փոխանցումը նոր սերունդներին: «Ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանը իրական օգնություն է ցուցաբերել Լենինգրադի բնակիչներին՝ ընդունելով շրջափակված քաղաքի ավելի քան 300 երեխաների։ Երևանում կա նաև այդ տարիներին նվիրված հուշարձան, որտեղ ամեն տարի ծաղիկներ ենք խոնարհում։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանին և հայ ժողովրդին այն ամենի համար, ինչ արել են ռազմի դաշտում և թիկունքում», – նշեց դեսպանը։

«Հայրենական մեծ պատերազմի տարիներին լենինգրադցիների և քաղաքի պաշտպանների հերոսությունը, տոկունությունը, նրանց ոգու ուժը, նվիրվածությունն ու սերը հայրենիքի հանդեպ մինչև օրս օրինակելի են։ Փորձությունների, սխրանքների և ընդհանուր հաղթանակների հիշողությունը համախմբել և միավորել է մեր ժողովուրդներին: Այսօր մեր խնդիրն է երիտասարդ սերնդին դաստիարակել մեր նախնիների հերոսական օրինակներով», – նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Ցուցահանդեսին ներկա էին ԱԺ պատգամավոր, Հայաստանում ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը, ՀՀ-ում Բելառուսի դեսպանության ավագ խորհրդական Սերգեյ Տրոցյուկը, Հայրենական մեծ պատերազմի վետերան, ՀՀ վաստակավոր ուսուցիչ Ռոզալիա Աբգարյանը: Նրանք բոլորն ընդգծեցին նման միջոցառումների կարևորությունը խորհրդային ժողովրդի սխրանքների մասին հիշողությունը պահպանելու և սերունդներին փոխանցելու գործում։

Ցուցահանդեսի պատվավոր հյուրը շրջափակված Լենինգրադի բնակիչ Գալինա Պետուխովան էր։ «Չէի կարող բաց թողնել իմ հայրենի քաղաքին նվիրված ցուցահանդեսի բացումը։ Նայելով ներկայացված լուսանկարներին՝ կարծես կրկին հայտնվեցի շրջափակված քաղաքում և վերապրեցի այդ ամենը։ Այս ցուցահանդեսը պետք է ցույց տալ բոլորին, խոսել և պատմել, և ոչ մի դեպքում չպետք է մոռանալ տեղի ունեցածը», – նշեց Գալինա Պետուխովան՝ շնորհակալություն հայտնելով «Դոմ Մոսկվի» կենտրոնին Հայրենական մեծ պատերազմի վետերանների նկատմամբ մշտական ուշադրության և նման միջոցառումների կազմակերպման համար։

Ցուցահանդեսում ներկայացված էին տասնյակ ֆոտոկոլաժներ, որտեղ ճշգրտությամբ համադրված են նույն վայրի կադրերը, բայց լուսանկարված տարբեր ժամանակներում՝ Լենինգրադի շրջափակման տարիներին և 21-րդ դարի սկզբին։

Լենինգրադի շրջափակումից ազատագրման 80 և քաղաքը ֆաշիստական շրջափակումից ամբողջական ազատագրման 79-րդ ամյակին նվիրված միջոցառումները կշարունակվեն հունվարի 31-ին 14։00 տեղի կունենա կլոր սեղան քննարկում և 15։00 վավերագրական ֆիլմի ցուցադրություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում