Հայաստանի I Հանրապետության ավիացիան
Նմանատիպ
Հայաստանի 1-ին Հանրապետության բանակը, չնայած իր գոյության կարճ ընթացքին, ունեցել է նաև օդային ուժեր։ Հայկական բանակի կազմում գործել է մեկ ավիաջոկատ, որը գտնվել է Կարսում:
Ռուսական հրամանատարության կողմից հայկական կորպուսի տնօրինությանն էր հանձնված 2-րդ, այլ տվյալներով` 3-րդ կովկասյան ավիաջոկատը, որը և դարձել է հայկական բանակի օդուժի հիմքը:
Այն սպառազինված է եղել «Սալմսոն», «Նյուպոր», «Մարան», «Ալբատրոս», «Վոյսին 3» տեսակի ինքնաթիռներով:
Վերջիններս կործանիչներ էին, բայց հիմնականում կատարում էին հետախուզական թռիչքներ: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ավիացիան դեռ այնքան զարգացած չէր: Ըստ գեներալ Սիլիկյանի` Կարսի ավիաջոկատը ոչ մի արժեքավոր և գործնական նշանակություն ունեցող տեղեկություններ չի հաղորդել 1918–1919 թթ. ընթացքում։
1919թ-ին Ֆրանսիայից ձեռք են բերվել երկու «Սալմսոն 2 Ա2» ինքնաթիռ, որոնք տվյալ ժամանակի համար թռիչքային մեծ արագություն ունեին` 200 կմ/ժ, և նախատեսված էին հետախուզական թռիչքների, ըստ անհրաժեշտության` նաև ռմբակոծում իրականացնելու համար:
Ընդհանուր առմամբ հայկական ռազմական ինքնաթիռների քանակը հասել է 12-ի, դրանք 1920թ. հայ-թուրքական պատերազմում կատարել են շուրջ 30 ռմբանետում: Կարսի անկման օրերին ավիաջոկատում, փաստորեն, եղել է դեռ երկու ինքնաթիռ, որոնցից մեկն է միայն գործել:
Այս մասին բավականին տեղեկություններ են հասանելի Կարսի օդանավային ջոկատի զինվոր, ապագա մեծ խորհրդային ավիակոնստրուկտոր Արամ Ռաֆայելյանցի հուշերում:
Առաջին հանրապետության զինված ուժերի մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ։
Հայկական Առաջին Հանրապետության ավիացիայի մասին տեղեկությունները վերցված են «Համաշխարհային ռազմի պատմություն` 20-րդ դար» աշխատությունից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում