Մամուլն այսօր. Ովքե՞ր կդառնան ԱԺ խմբակցությունների ղեկավարները և կկազմվի՞ արդյոք կոալիցիան
Նմանատիպ
Հետընտրական զարգացումներ.
«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է, որ այսօր երեկոյան, ժամը 20-ին նախատեսված է Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստ, որը վարելու է Սերժ Սարգսյանը: Այսօր տրվելու են բազմաթիվ հարցերի պատասխաններ, որոնք պետք է հնչեին դեռ անցյալ հինգշաբթի:
Երեկ թերթի թղթակիցը փորձել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանից ճշտել` հնարավո՞ր է` նախօրեին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած հրդեհի պատճառով գործադիրի նիստը չկայանա: «Ոչ, անկախ ամեն ինչից, նիստը կայանալու է, եթե, իհարկե, որևէ արտառոց բան տեղի չունենա»,- հայտնել է Թադևոսյանը: Մինչ այդ երեկ, ըստ ՀՀԿ թերթի աղբյուրների, նախագահական նստավայրում տեղի է ունեցել Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը, որի ընթացքում կողմերը վերջնական համաձայնության են եկել կոալիցիա կազմելու շուրջ:
Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպմանը մասնակցել է վերջինիս խնամին` Հովիկ Աբրահամյանը, որն, ինչպես արդեն տեղեկացրել է թերթը, դառնալու է նոր ձևավորված խորհրդարանի նախագահը: Այն փաստաթուղթը, որը կստորագրվի Հանրապետականի, «Բարգավաճ Հայաստանի» և «Օրինաց երկրի» միջև, ունենալու է մեկ հիմնական առանցք` առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ իշխանական այս երեք ուժերը սատարելու են Սերժ Սարրգսյանին: Ծառուկյանը փորձում էր հասնել այն բանին, որ Սարգսյանը գոնե վարչապետ Տիգրան Սարգսյանին փոխի: Սարգսյանը, սակայն, անդրդվելի է մնացել: Գոնե մինչև նախագահական ընտրությունները, ըստ լավատեղյակ աղբյուրների, այդ պաշտոնի ղեկը մնալու է Տիգրան Սարգսյանի ձեռքին: Վարչապետի փոփոխություն հնարավոր է միայն նախագահական ընտրություններից հետո, եթե, իհարկե, այդ ժամանակ ՀՀԿ-ի ղեկավարին հաջողվի «հաղթել»:
«Ժողովուրդ» թերթն իր հերթին գրում է, որ երեկ գիշեր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դարձյալ քննարկել են իշխող կոալիցիայի հարցը, թե ում քանի նախարարական, մարզպետական պորտֆել է հասնում և Աժ–ում ինչքան հանձնաժողովների տեղեր, ու դարձյալ համաձայնության չեն եկել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Սերժ Սարգսյան–Գագիկ Ծառուկյան հանդիպմանը մասնակցել է նաև Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանը: Տեսնելով որ Սերժ Սարգսյանն անդրդվելի է ՀՀ վարչապետի հարցում և բացի Տիգրան Սարգսյանից, որևէ մեկին տեսնել չի ուզում, Ծառուկյանն առաջարկել է Հովիկ Աբրահամյանին նշանակել գոնե Աժ նախագահի պաշտոնում: Թերթի տեղեկությունների համաձայն` Սերժ Սարգսյանը դեռ վերջնական դրական պատասխան չի տվել`փոխարենը պայման է դրել Հովիկ Աբրահամյանի առջև. նա պիտի ԲՀԿ–ի հետագա քայլերի պատասխանատվությունն անձամբ իր վրա վերցնի, որպեսզի ճակատագրական պահերին ԲՀԿ–ն անկանխատեսելի բաներ չանի: Իսկ բուն հուշագրի կամ համաձայնագրի տեքստի մասով էլի քննարկելու բաներ են մնացել: ԲՀԿ–ն ձգտում է, որ մինչև մայիսի 31-ը որևէ բան չհայտարարվի, և Աժ առաջին նիստը կայանա առանց կոալիցիոն համաձայնագրի: Մինչդեռ Սերժ Սարգսյանը չի համաձայնում:
Ավելին, երեկվա գիշերային հանդիպման ժամանակ հպանցիկ քննարկվել է նաև ԲՀԿ ցուցակում հայտնված Հմայակ Հովհաննիսյանի, Վահե Հովհաննիսյանի և Վարդան Օսկանյանի հարցը: Սարգսյանն ասել է, որ նրանք իր համար անցանկալի թեկնածուներ են:
«Երկիր» օրաթերթի տեղեկություններով՝ արդեն հստակ է, թե ովքեր են լինելու Աժ խմբակցությունների ղեկավարները: Այսպես` ՀՀԿ խմբակցությունը դարձյալ կղեկավարի ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Թեև ԲՀԿ խմբակցության ղեկավարը կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն է, սակայն խմբակցությունը փաստացի կղեկավարի Վարդան Օսկանյանը, ով կդառնա ԲՀԿ խմբակցության քարտուղարը, եթե, իհարկե, ԲՀԿ–ն կոալիցիայի մաս չկազմի: ՕԵԿ–ը կղեկավարի Հեղինե Բիշարյանը: ՀԱԿ–ում Լևոն Զուրաբյանի` խորհրդարանական խմբակցության ղեկավար դառնալուն դեմ է Ստեփան Դեմիրճյանը: Ասում են` նա ղեկավար դառնալու մեծ ցանկություն ունի: «Ժառանգություն»-ում Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկանում է, որ խմբակցությունը ղեկավարի Ռուբեն Հակոբյանը, որին դեմ են «Ազատ դեմոկրատները»` խմբակցության ղեկավարի նրանց թեկնածուն Խաչատուր Քոքոբելյանն է: Իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավարի հարցում դեռ վերջնական որոշում չկա:
Զարմանազան.
Հայաստանի ԱՄՆ դեսպանատան «Հայացք» օրաթերթի աղբյուրի տեղեկություններով` բացի Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններից` «սաղ գալիս հերթով աշխատավարձ են ստանում»: Որոշ հանրահայտ իրավապաշտպաններից մինչև դարավոր կուսակցությունների կարկառուն դեմքեր, կուսակցական խմբավորման ամենատարբեր «թևերի» հետաքրքիր այրեր հերթով գալիս անց են կենում դեսպանատնով:
Հետո էլ դժգոհում ենք, թե աշխատատեղեր չկան: Որտեղի՞ց լինեն, երբ մարդկանց պորտաբույծ կյանքի են սովորեցնում:
«Ժողովուրդ»-ը գրում է, որ Աժ-ում ընթացող Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ ուշագրավ դեպք է արձանագրվել: ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սամվել Նիկոյանն ադրբեջանցի պատգամավորներին տեսնելիս այնքան է ոգևորվել, որ նույնիսկ նրանց հետ ջերմորեն ողջագուրվել է: Սա, թերթի աղբյուրների պնդմամբ, ապշեցրել է հայկական կողմին, քանի որ Նիկոյանը ներկայացնում է ազգային կուսակցության վերնախավը:
Ըստ «Հրապարակ» թերթի՝ արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանին խիստ զայրացրել է իր մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի պահվածքը: Բանն այն է, որ Տիգրան Բալայանը մամուլով մեսիջներ է տպագրել տալիս իր կարիերայի առաջընթացի մասին: Ամիսներ առաջ նա շրջանառության մեջ դրեց, թե իրեն պատրաստվում են պատգամավոր դարձնել ՀՀԿ համամասնական ցուցակով, սակայն ցուցակները կազմելուց հետո հայտնի դարձավ, որ նման բան գոյություն չունի: Վերջին օրերին էլ Բալայանը շրջանառության մեջ է դրել իր` Բելգիայում Հայաստանի դեսպան դառնալու հեռանկարը: ԱԳՆ թերթի աղբյուրների փոխանցմամբ, Էդիկ Նալբանդյանին հունից հանել են Բալայանի ձեռամբ շրջանառության մեջ դրված լուրերը: Նախարարը խիստ դիտողություն է արել մամլո խոսնակին` պահանջելով հստակեցնել իր ցանկությունները, և զգուշացրել է` եթե իրեն չի բավարարում մամլո խոսնակի պաշտոնը, դուրս գալ և զբաղվել նախընտրած գործով և ոչ թե ստահոդ լուրեր տարածելով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում