Բանակի բարեփոխման հրամայականը․ խմբագրական
Նմանատիպ
Հայաստանի 3-րդ Հանրապետության զինված ուժերի
կազմավորումից անցել է 31 տարի
Ինչպես Առաջին Հանրապետության դեպքում, այնպես էլ նորանկախ Հայաստանի պարագայում զինված ուժերի կազմավորումը տեղի ունեցավ ճգնաժամային, պատերազմական և սոցիալ-տնտեսական բարդագույն իրավիճակում։ Ճգնաժամային լուծումները ունեցան և լավ, և բացասական հետևանքներ․ պատերազմի բովում ինքնապաշտպանական կամավորական ուժերի կորիզի վրա ծնված բանակը մարտունակ էր ու կոփված, բայց իր հետ համակարգ բերեց իրավիճակային լուծումների մշակույթը, որն արգելակեց բանակի ինստիտուցիոնալ կայացման հետագա ընթացքը՝ առաջացնելով լուրջ բացեր։
Բանակաշինության ասպարեզում այս տարիներին ահռելի գործ է արվել, սակայն 2020թ-ի պատերազմը և դրան հաջորդած իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանի Զինված ուժերի համակարգն ունի արմատական վերափոխումների կենսական անհրաժեշտություն։ Հասարակության ու նաև բանակի մեջ տիրող հիասթափությունն ու ընկճախտը փարատելու համար գործուն քայլեր են անհրաժեշտ և դրանք համակարգելու ամբողջ ծանրությունը դրված է պետության ուսերին։
Times.am-ն իր ընթերցողին է ներկայացնում խմբագրական տեսակետ այն մասին, թե որն է այդ վերափոխումների բանալին։
Բանակի վերափոխումը բարդ և խիստ ոլորտային, պրոֆեսիոնալ աշխատանք է։ Ամեն ոք չի կարող խոսել այդ մասին, քանի որ մասնագիտական խորը գիտելիքների կարիք կա։ Այդուհանդերձ, կա մեկ կողմ, որը տեսանելի է ամենքին և այն որոշում է բանակի էությունը։ Դա մասնագիտական կրթությունն է և բանակի սոցիալական տեղն ու դերը հասարակության/պետության մեջ։
Հայաստանի զինված ուժերը, սկսած կանոնադրական մակարդակից, մինչև անձնակազմի կառավարման և միջանձնային փոխհարաբերությունների վարքաբանություն, հիմնված են Խորհրդային բանակի մոդելի վրա: Այն իրենից ներկայացնում է վարչահրամայական մեխանիզմ, որտեղ անհատի կարևորությունը ստորադասվում է խմբի (անձնակազմի) կարևորությանը, իսկ անձնակազմն էլ իր հերթին դիտարկվում է ոչ թե որպես կոլեկտիվ, այլ մեկ միավոր, որը նախատեսված է այս կամ այն մարտական խնդիրը լուծելու համար: Հայաստանի բանակում մարդը և նրա արժանապատվությունը երբեք առաջնահերթություն չեն եղել։
Հայկական զինված ուժերում, որտեղ բարձրագույն սպայական կազմի բացարձակ մեծամասնությունը ծառայել է խորհրդային բանակում և սովորել է խորհրդային/ռուսական ռազմական ակադեմիաներում, անհնար է ձեռքի մեկ շարժումով մոդել փոխել, բանակը դարձնել ավելի մարդակենտրոն: Բայց ժամանակի ընթացքում դա հնարավոր է, և այս հարցում առաջնային դերակատարություն պետք է ունենա կրթությունը՝ սկսած դպրոցներից, ավարտած՝ ռազմական բուհերով:
Որպեսզի զինվորական մարդու կենսագրությունը հասարակության համար դառնա հաջողակ լինելու օրինակ, այն պետք է լինի նախ և առաջ գրավիչ: Ինչո՞վ է գրավիչ սպայի կյանքը հայ հասարակության աչքում: Առաջին հերթին այս մասնագիտությունը ենթադրում է ռիսկ, պատասխանատվություն և հոժարություն չնախատեսված զարգացումներն ու աշխատանքային տեղաշարժերն ընդունելու համար: Մյուս կողմից միջինից ոչ շատ բարձր աշխատավարձն ու սոցիալական որոշ երաշխիքները բավարար չեն, որպեսզի փայլուն կրթության ձգտող առավել ընդունակ երիտասարդներն իրենց ապագան կապեն ԶՈւ-ի հետ:
Հայաստանում զինվորական կրթություն շնորհող ուսումնական հաստատությունների մեջ առանցքային դերակատարություն ունի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, որի շրջանավարտները համալրում են ՀՀ ԶՈՒ-ի սպայական կազմը: Այսինքն՝ այս բուհի ուսերին է ընկած որակյալ սպայական խավի ձևավորման ողջ ծանրությունը: Ամբողջ հարցը նրանում է, թե ի՞նչ արտադրանք է տալիս այս բուհը, որքանո՞վ է այն մրցունակ ու նախընտրելի հայաստանյան մյուս բուհերի շարքում, և ինչով է այն գրավիչ մասնագիտություն ընտրող երիտասարդի համար:
Որպեսզի բանակը լինի ուժեղ և մարտունակ, անհրաժեշտ է, որ այնտեղ ներգրավված լինեն փայլուն մասնագետներ, այսինքն՝ ընդունակ ու մեծ ներուժ ունեցող երիտասարդներ պետք է ընդունվեն այս համալսարան։
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մասին տեղեկությունները բաց աղբյուրներում խիստ սահմանափակ են, դժվար է անգամ տեղեկանալ մասնագիտությունների ցանկին, որոնք սովորեցնում են այստեղ։
Հայտնի է, որ բուհը շնորհում է մոտոհրաձգային, հրաձգային, հրետանային, ինժեներական և տանկային ստորաբաժանումների կառավարման մասնագիտություններ՝ բակալավրի և մագիստրոսի աստիճաններով:
Սրանք զինվորական նեղ մասնագիտություններ են ու չեն ընդգրկում գործունեության լայն շրջանակ, ուստի այս բուհում սովորելը կարող է հրապուրիչ լինել միայն նեղ խմբի մարդկանց համար։ Հայաստանի պես փոքր բնակչություն ունեցող երկրի համար սա մեծ խնդիր է, որովհետև որքան փոքրանում է ընտրանքը, այնքան նվազում է որակյալ կադրեր ունենալու հնարավորությունը։
Առաջնորդվելով այն կանխավարկածով, որ, ռազմական բուհը ապահովում է զինվորական բարձրակարգ կրթություն, պետք է փաստենք, որ ԶՈՒ համակարգից դուրս ռազմական բուհ ավարտած մարդը չունի հմտություններ քաղաքացիական կյանքում ինքնահաստատվելու համար: Ռազմաուսումնական հաստատություններն ավարտած սպաների համար ծառայության պարտադիր ժամկետը սահմանվում է 20 տարի (ներառյալ՝ ուսման ժամկետը՝ որպես պարտադիր զինվորական ծառայություն), ուստի 35-36 տարեկանում սպան կարող է հաշվառվել պահեստազորում և թողնել զինվորական ծառայությունը՝ կանգնելով ամեն ինչ զրոյից սկսելու խնդրի առաջ:
Սա էապես ազդում է զինվորականի մասնագիտություն ընտրող երիտասարդների որոշման վրա: Բազմակողմանի զարգացած ու շնորհալի դիմորդները գերադասում են ընտրել առավել բարձր վարձատրվող ու հեռանկարային մասնագիտություններ տեղեկատվական տեխնոլոգիաների, իրավագիտության, հոգեբանության, տնտեսագետության, օտար լեզուների, կապի ոլորտներում, որոնք խիստ անհրաժեշտ են ինչպես բանակին, այնպես էլ հասարակությանը, մինչդեռ Ռազմական բուհում այս մասնագիտությունների գծով ֆակուլտետները բացակայում են:
Մյուս կողմից վերոհիշյալ մասնագետները որևէ կերպ շահագրգռված չեն բանակ մտնելու և ծառայելու հարցում, քանի որ քաղաքացիական կյանքում նրանք վաստակում են մի քանի անգամ ավելի շատ և ունեն առաջընթացի առավել լավ հնարավորություններ։
Իհարկե, Ռազմական համալսարանն իրականացնում է բազմաթիվ դասընթացներ՝ ապահովելով տարբեր մասնագիտացումներ, բայց առաջնակարգ մյուս բուհերի հետ մրցելու տեսանկյունից դա չի կարող բավարար համարվել:
Բանակը հասարակության հայելին է՝ խտացված մասշտաբով, և այս համակարգում ներգրավված հրամանատարական կազմը՝ սպաները, պետք է օժտված լինեն բազմաթիվ հմտություններով ու գիտելիքներով. միայն ռազմական գործին տիրապետելը անբավարար է:
Զինվորական կրթության թերացումների հետևանքով կրտսեր և միջին սպայական կազմը դարձել է թույլ օղակ, որն իր հետ զինված ուժեր է տանում ոչ թե կանոնադրական հարաբերությունների, այլ կենցաղային (թաղային) փոխհարաբերությունների արժեհամակարգը:
Շատ սպաներ, ովքեր չունեն մասնագիտական և կամային անհրաժեշտ որակներ, երկար տարիներ ծառայում են զինված ուժերում՝ որպես դասակի հրամանատար, իսկ 35 տարեկանից հետո, չունենալով առաջընթաց, հիասթափված հեռանում են համակարգից՝ համալրելով գործազուրկների կամ արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների շարքերը, քանի որ բանակից դուրս չունեն որևէ մասնագիտություն, հմտություն, որով կկարողանան գտնել իրենց տեղը հասարակության մեջ:
Այսպիսի նկարագիր ունեցող սպայի կենսագրությունը երբեք չի կարող լինել հաջողության խորհրդանիշ: Հետևաբար անհրաժեշտ է արմատական բարեփոխումներ իրականացնել զինվորական բարձրագույն կրթության համակարգում:
Եթե ընդունելությունն ու ուսումնառության գործընթացը խստացվի, դառնա առավել թափանցիկ, բուհը համալրվի նոր մասնագիտություններով և կարողանա ապահովել այնպիսի կրթություն, որը կիրառելի կլինի նաև քաղաքացիական կյանքում, զինվորականի մասնագիտությունը կդառնա առավել մրցակցային՝ անխուսափելիորեն բարձրացնելով սպայակազմի որակական հատկանիշները:
Միայն լավագույնները պետք է ռազմական բուհ ավարտելու և սպայի համազգեստ կրելու հնարավորություն ստանան: Իսկ սպայի հետագա կարիերան պետք է երաշխավորված լինի պետության կողմից տրամադրված հստակ պայմաններով:
Այս դեպքում առավել օժտված ու լավագույն կրթության ձգտող հայ երիտասարդների համար սպայի մասնագիտությունը կլինի նախընտրելի, իսկ սպայի կենսագրությունը՝ կյանքում հաջողված լինելու օրինակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում