Հրապարակվել է «Ազգային փոքրամասնություն լինելու վտանգները. Մարդու իրավունքները և Չախալյանն ընդդեմ Վրաստանի» զեկույցը

Մարդու իրավունքների գծով միջազգային փորձագետ, դոկտոր Ֆերնան դը Վարենը Ֆրանսիայում գործող «Երկիր Եվրոպա» կազմակերպության խնդրանքով պատրաստել է զեկույց ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի գործի քաղաքական–իրավական ասպետկների մասին։

«Ազգային փոքրամասնություն լինելու վտանգները. Մարդու իրավունքները և Չախալյանն ընդդեմ Վրաստանի» (“The Perils of Being a National Minority: Human Rights and Chakhalyan v. Georgia”) վերնագիրը կրող զեկույցում Վրաստանի ներքին և արտաքին քաղաքական զարգացումների ֆոնի վրա, ինչպես նաև վրացահայության և ջավախքահայության նկատմամբ վրաց իշխանությունների քաղաքականության համատեքստում ներկայացվում է ջավախքահայ քաղաքական գործչի ձերբակալման և դատավարության, ինչպես նաև հետդատական գործընթացների պատմությունը։

Զեկույցում առանձին բաժին է նվիրված Չախալյանի և նրա ընտանիքի անդամների իրավունքների հիմնական խախտումներին, որոնք տեղի են ունեցել ինչպես նախքան դատավարությունը, այնպես էլ  դատավարության ընթացքում և որոնք կոպտորեն ոտնահարում են նրա արդար դատաքննության և այլ իրավունքները։

Զեկույցի անգլերեն տեքստը կարելի է բեռնել հետևյալ կայքից` http://www.yerkir.eu/2012.05.22-YerkirEurope-ReportHumanRightsViolationsInGeorgia.pdf   

Վահագն Չախալյանը ձերբակալվել է վրաց իշխանությունների կողմից 2008թ. հուլիսի 21-ին։ 2009թ. ապրիլի 7-ին նա կոպիտ խախտումներով ուղեկցվող դատավարության արդյունքում դատապարտվել է 10 տարվա ազատազրկման «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման», «խուլիգանության» և «զենքի պահպանման» շինծու մեղադրանքներով: Վահագն Չախալյանի գործը ներկայումս քննվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

 Դոկտոր Ֆերնան դը Վարենը Պեկինի համալսարանի (Չինաստան), Պրետորիայի համալսարանի (Հարավային Աֆրիկա) և Մալդիվների ազգային համալսարանի Իրավունքի ֆակուլտետի հրավիրյալ պրոֆեսոր է` մարդու իրավունքներ առարկայի գծով։ Նա նաև Կանադայի Մոնքթոնի համալսարանի Լեզվական իրավունքների միջազգային օբսերվատորիայի գիտական խորհրդական է։

Դր. դը Վարենին բակալավրի աստիճան է շնորհվել Մոնքթոնի համալսարանի (Կանադա), իրավագիտության մագիստրոսի աստիճան` Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի և իրավագիտության դոկտորի կոչում` Մաասթրիխթի համալսարանի (Նիդեռլանդներ) կողմից։

Որպես ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքի փորձագետ` նա 2004-ին արժանացել է Լինգվապաքս (Linguapax) մրցանակին (Բարսելոնա, Իսպանիա) ի նշան լեզվական բազմազանության և բազմալեզու կրթության բնագավառում նրա կատարած աշխատանքի։

Դր. դը Վարենը լեզվական և փոքրամասնությունների իրավունքների խնդիրներին վերաբերող 5 մենագրությունների, շուրջ 150 գիտական հոդվածների, և 26 լեզուներով հրատարակված զեկույցների հեղինակ է։ Դր. դը Վարենի ժամանակագրական առումով վերջին աշխատանքներից է բնիկ ժողովուրդների լեզվական իրավունքների մասին զեկույցը, որը նա պատրաստել է  2012թ. ՄԱԿ–ի Բնիկ ժողովուրդների իրավունքների գծով փորձագիտական կառույցի համար։

Դր. դը Վարենը նաև համագործակցել է բազմաթիվ միջազգային կազմակերպությունների հետ, որոնցից են Փոքրամասնությունների իրավունքների գծով ՄԱԿ–ի աշխատանքային խումբը, ՅՈՒՆԵՍԿՈ–ն ու ԵԱՀԿ–ն։ Նա հանդիսանում է լեզվական իրավունքների գծով Լինգվապաքսի (Բարսելոնա, Իսպանիա) աշխատանքային խմբի նախագահը, Մարդու իրավունքների և իրավագիտության Ասիա–Խաղաղօվկիանոսյան ամսագրի (Asia-Pacific Journal on Human Rights and the Law) գլխավոր խմբագիրը, ինչպես նաև ընդգրկված է աշխարհի այլ բազմաթիվ ամսագրերի և հետազոտական կառույցների խորհրդակցական խմբերում։

ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների գծով նախկին գերագույն հանձնակատար Մաքս վան դեռ Սթուլի պաշտոնավարման ընթացքում դր. դը Վարենը մասնակցել է ԵԱՀԿ հովանու ներքո ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող մի շարք ազդեցիկ փաստաթղթերի մշակման աշխատանքներին։ Այդ փաստաթղթերից են Ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքների գծով 1998թ. Օսլոյի և Հասարակական-քաղաքական կյանքին ազգային փոքրամասնությունների արդյունավետ մասնակցության մասին 1999թ. Լունդի հանձնարարականները։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում