Ֆրանսիացի սենատոր. «Միջազգային հանրության բոլոր դերակատարները, եթե ազնիվ լինեն, պետք է ճանաչեն Արցախում տիրող խաղաղությունը»
Նմանատիպ
ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում մայիսի 23-ին տեղի է ունեցել նախօրեին ճանաչողական այցով Ստեփանակերտ ժամանած Ֆրանսիայի Հանրապետության Խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի մի խումբ անդամների հանդիպումն արցախցի խորհրդարանականների հետ։
Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունից, նախքան այդ՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ֆրանսիացի սենատորների հետ առանձին կարճատև զրույց է ունեցել, որին ներկա էին ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը, մշտական հանձնաժողովների նախագահներ Ժաննա Գալստյանը և Վահրամ Աթանեսյանը։ Նիստերի մեծ դահլիճում կայացած հանդիպմանը ներկա էին նաև ԼՂՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, կրթության և գիտության փոխնախարար Սլավա Ասրյանը, ԱԺ աշխատակազմի անդամներ, հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանատու աշխատողներ։
Բացելով հանդիպումը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը խորհրդարանի անունից ողջունել ու բարի գալուստ է մաղթել հյուրերին՝ Ֆրանսիայի Սենատի ֆինանսական հանձնաժողովի նախագահ Ֆիլիպ Մարինիին, սահմանադրական օրենքների, օրենսդրության, համընդհանուր ընտրական իրավունքի, կանոնադրության և ընդհանուր կառավարման հանձնաժողովի փոխնախագահ Սոֆի Ժուասենին և մշակույթի, կրթության և հաղորդակցության հարցերի հանձնաժողովի անդամ Բերնար Ֆուրնիեին։ Նա նշեց, որ սյս այցը վկայում է Ֆրանսիայի Հանրապետության և նրա ժողովրդի անշեղ հավատարմությունը ազատության, հավասարության ու եղբայրության սկզբունքներին, որ հռչակել է ֆրանսիական Մեծ հեղափոխությունը. «Սա նաեւ վկայում է, որ Ֆրանսիան եվրոպական ընկերակցության մեջ համամարդկային արժեքների պաշտպանի առանձնահատուկ առաքելության կրողն է, որը դժվարին, բայց պատվաբեր հանձնառություն է»,- ավելացրեց նա:
Նշելով, որ Արցախում գիտեն ու հիշում են պատմությունը, ԱԺ նախագահն ասել է. «1915թ. աղետալի տարում Ֆրանսիայի ռազմածովային ուժերի հածանավերը փրկեցին Մուսա լեռան պաշտպաններին: Դա սոսկ մի քանի հազար հայերի փրկություն չէր, այլեւ` մարդկային արժանապատվության: Հակառակ դեպքում աշխարհն ավելի սուղ տեղեկություններ կունենար 20-րդ դարասկզբի ցեղասպանության եւ մուսալեռցիների տառապանքների ու հերոսության մասին, որ ականատեսների վկայություններից վավերագրել է Ֆրանց Վերֆելը «Մուսա լեռան քառասուն օրը» ցնցող վեպում»:
Շարունակելով անդրադարձը պատմությանը, նա շեշտել է. «Ֆրանսիան ապաստան է տվել ցեղասպանություն ապրած տասնյակ հազարավոր հայերի, որոնք այդ հյուրընկալ երկրում հայրենիք եւ արժանապատվություն են գտել: Նրանք եւ նրանց հետնորդները նպաստել եւ նպաստում են Ֆրանսիայի զորացմանը: Ֆաշիզմի դեմ դիմադրության շարժման տարիներին բազմահազար ֆրանսահայեր մարտնչել են հանուն Ֆրանսիայի ազատության եւ ժողովրդավարական ապագայի: Ֆրանսահայ համայնքը Ֆրանսիայի եւ Հայաստանի, ֆրանսիական եւ հայ ժողովուրդների հարստությունն է»:
Խորհրդարանի նախագահի խոսքով՝ Ֆրանսիան աշխարհի առաջին երկրներից է, որ ճանաչել է Հայաստանի անկախությունը և սատարել նրան: «Առանց այդ և բարեկամ այլ երկրների մարդասիրական օժանդակության, նշեց նա, Հայաստանը և հայ ժողովուրդը հազիվ թե կարողանային աջակցել Ադրբեջանի հետ անհավասար պատերազմ մղող Լեռնային Ղարաբաղին»:
Նշելով, որ Լեռնային Ղարաբաղում կարևորվում է Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, միջնորդական առաքելությունը Ադրբեջանի հետ բանակցություններում, ԱԺ նախագահն ի լրումն ընդգծեց. «Մենք ձգտում ենք խնդրի խաղաղ եւ արդարացի կարգավորման: Մեզ պարտադրված պատերազմում ինքնապաշտպանվելով եւ դիմագրավելով մի քանի անգամ գերազանցող հակառակորդի ագրեսիան, մենք Արցախում կանխել ենք նոր ցեղասպանության իրական սպառնալիքը: Եվ անկախության հաստատումից հետո մեր անցած ճանապարհը եւ այսօր գործադրվող ջանքերը ուղղված են այս հողակտորի վրա մեր ժողովրդի համար ազատ ու արժանապատվորեն ապրելու պայմանների ստեղծմանը»:
Խորհրդարանի նախագահն այդ համատեքստում մտահոգություն է հայտնել, որ Արցախի ժողովրդի ձգտումները հանդիպել եւ հանդիպում են քսենոֆոբիայի եւ միլիտարիստական հռետորաբանության, որը մոլեռանդորեն քաջալերվում է Ադրբեջանի քաղաքական վերնախավի կողմից: Այս իրավիճակում, ասաց նա, մենք գտնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի անվտանգության, նրա ժողովրդի խաղաղ ապրելու և զարգանալու միակ հնարավորությունը փաստացի անկախության միջազգային ճանաչումն է և ակնկալում ենք փոխըմբռնում:
«Նախընթաց տարիներին մենք առիթ ենք ունեցել այս դահլիճում ողջունելու Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներին: 2009թ. հոկտեմբերին պատիվ եմ ունեցել գլխավորելու ԼՂՀ պատվիրակությունը, որ այցելել էր Ֆրանսիա: Մենք լավագույն հուշեր ունենք Ֆրանսիայի Ազգային ժողովում հանդիպումներից և քննարկումներից, այն ջերմ հյուրընկալությունից, որ մեզ ցուցաբերել է ձեր ժողովուրդը: Հույս ունեմ, որ ձեր այցը մեր շփումները կբարձրացնի նոր մակարդակի».- նշել է նա:
Հանդիպմանը ողջույնի ուղերձով հանդես եկավ Ֆրանսիայի Հանրապետության Սենատի ֆինանսական հանձնաժողովի նախագահ, Կոմպիենի քաղաքապետ Ֆիլիպ Մարինին:
Կարևորելով, որ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը բարեկամական հարաբերություններ է հաստատել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների հետ, նա գոհունակությամբ արձանագրեց, որ Ֆրանսիայի սենատորները, առաջին անգամը լինելով, գտնվում են Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նիստերի դահլիճում։
Իր խոսքում պատմական անդրադարձ կատարելով անցյալ դարի առաջին տասնամյակների իրադարձություններին, այդ թվում, իր իսկ խոսքով՝ մարդկային ամենամեծ ողբերգություններից մեկին՝ Հայոց ցեղասպանությանը, սենատորն այդ կապակցությամբ հիշեցման կարգով նշեց, որ ամիսներ առաջ Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատներն ընդունել են օրենք ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին։
Հայ և ֆրանսիական ժողովուրդների բարեկամությունը հինավուրց է և հիմնված փոխադարձ հարգանքի վրա, ասաց նա, ընդգծելով, որ հայ ժողովուրդը և Հայաստանն առանձնահատուկ տեղ են գրավում հին ազգերի համաշխարհային պատմության մեջ։ Միևնույն ժամանակ, ափսոսանքով նշեց նա, Հայաստանն աշխարհի այն երկրներից է, որի սահմանները հաճախ են փոխվել դարերի ընթացքում։ «Բայց ինչքան ես տեղյակ եմ ֆրանսիացի գիտնականների հետազոտություններից կամ գրքերից, ամենուրեք գրված է, որ այս տարածաշրջանը՝ ձեր երկիրը, մշտապես Հայաստանի մաս է կազմել՝ բնակեցված լինելով քրիստոնյա հայ ազգաբնակչությամբ։ Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրին, ապա, սենատորի համոզմամբ, այն ծագել է, որովհետև Խորհրդային Միության սահմանները, մանավանդ՝ ներքին սահմանները, ժամանակին գծվել են, առաջնորդվելով «Բաժանիր, որ տիրես» սկզբունքով։ Եվ երբ Խորհրդային Միության փլուզումից հետո միութենական հանրապետություններն անկախացան ու միջազգային ճանաչում ստացան, ասաց նա, ապա դրա հետ մեկտեղ նրանք ժառանգեցին նաև այն բոլոր խնդիրները, որոնք ծնունդ էին առել հենց այդ սահմանազատման հետևանքով։
Հայտնելով, որ երբ առաջին անգամ Սենատի անդամ է ընտրվել, նա նշել է, որ այդ ժամանակից՝ 1992 թվականից, մեծ հետաքրքրությամբ հետևում էր այս տարածաշրջանում և կոնկրետ՝ Լեռնային Ղարաբաղում, տեղի ունեցող իրադարձություններին։ Այն ժամանակ պատերազմ էր ընթանում ձեր երկրում, բայց, բարեբախտաբար, ձեր փոքրաթիվ ժողովուրդը կարողացավ ազգային միասնականություն ցուցաբերել և այդ իսկ միասնականության ուժով հաղթանակ տանել, ասաց նա, ավելացնելով՝ ձեր քաջության շնորհիվ է, որ Լեռնային Ղարաբաղը շուրջ քսան տարի է, ինչ կարողանում է զարգանալ խաղաղության պայմաններում և այն, ինչ դուք ձեռք եք բերել այդ ընթացքում, միանգամայն թանկ է ձեզ համար։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման գործընթացին, ֆրանսիացի սենատորն ափսոսանքով արձանագրել է, որ միջազգային հանրությունը թեև չի ժխտում երկրի գոյությունը, բայց, միևնույն ժամանակ, դեռևս չի ճանաչում նրա անկախությունը, ինչն անորոշ է դարձնում տիրող իրավիճակը։ «Ես կուզենայի իմ գործընկերների հետ միասին մաղթել միայն, որ խաղաղությունը հարատև լինի ձեր երկրում և կարողանաք ամրապնդել այն, ինչ ձեռք եք բերել քսան տարվա ընթացքում։ Միևնույն ժամանակ կուզենայի ցանկանալ, որ ձեր երեխաները և ձեր թոռները երբեք չմոռանան, թե իրենց հայրերն ու պապերն ինչ քաջության և եռանդուն ջանքերի շնորհիվ են ստեղծել այս ամենը և թե ինչպես եք այսօր պահպանում ձեզ համար թանկ խաղաղությունը, ձեր ժողովրդավարական երկիրը»,- ասել է նա։ Սենատորի համոզմամբ՝ միջազգային հարաբերությունները պետք է ենթարկվեն իրականության տրամաբանությանը։ Նրա խոսքերով՝ եւ բարի կամքի մեր բոլոր գործընկերները, միջազգային հանրության բոլոր դերակատարները, կարծում եմ, եթե ազնիվ լինեն, ապա պիտի անպայմանորեն ճանաչեն Հարավային Կովկասում և, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղում տիրող խաղաղությունը, քանզի այն անվիճարկելի արժեք է, ինչպես որ անվիճարկելի է սեփական ճակատագիրը տնօրինելու ձեր իրավունքը։
Սենատոր Ֆիլիպ Մարինին խոսքն ավարտել է «Կեցցե Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը, կեցցե Հայաստանը և կեցցե Ֆրանսիան» արտահայտությամբ։
Արժևորելով հանդիպումը և, մասնավորապես, Ֆիլիպ Մարինիի ելույթում հնչած շեշտադրումները, ԱԺ նախագահը ներկաների անունից ֆրանսիացի սենատորներին շնորհակալություն է հայտնել այցի համար։ «Արցախի Հանրապետություն ձեր կատարած այցն արդեն ոչ միայն կոնկրետ հետաքրքրության, այլև ձևավորվող պատկերացումների մասին է վկայում»,- ասաց նա։ Խորհրդարանի նախագահի հաղորդմամբ՝ պատվիրակության ցանկությամբ կազմվել է շրջագայության երկօրյա ծրագիր, ըստ որի ֆրանսիացի սենատորները հնարավորություն կունենան այցելել Արցախի տարբեր վայրեր, այդ թվում՝ պատմա-ճարտարապետական հուշարձաններ, ինչն ավելի կհարստացնի նրանց պատկերացումները երկրի մասին։ Խոսքի ավարտին նա սենատորներին խնդրել է ջերմ բարեմաղթանքներ փոխանցել, իր իսկ խոսքով, «Ֆրանսիայի Ազգային ժողովի մեր բոլոր բարեկամ պատգամավորներին»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում