Ս.Սաֆարյան. «Ընդդիմադիր քաղաքական ուժ լինելու պարագայում ԲՀԿ-ի ռիսկերը չափազանց մեծ են»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով հետընտրական զարգացումներին, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը նշել է, որ կուսակցությունները հետընտրական փուլում ակտիվ գործողությունների չեն ծավալել: Ըստ բանախոսի՝ դրա պատճառներից է նախ այն, որ հասարակությունը քիչ է հետաքրքրված խորհրդարանական ընտրություններով, ինչպես նաև «ընտրակաշառք վերցրած քաղաքացին դուրս չէր գա փողոց»:

«Այս խորհրդարանական ընտրությունները հետընտրական զարգացումների առումով առանձնապես չտարբերվեցին նախորդ ընտրություններից և թիվ մեկ պատճառը կարծում եմ նա է, որ խորհրդարանական ընտրությունների հետ հասարակությունն առանձնապես մեծ հույսեր չի փայփայում»,- նշել է Ս.Սաֆարյանը:

Խոսելով ընտրակաշառքի խնդրից՝ պատգամավորը նկատել է. «Ներկայիս իրողություններում ԱԺ-ն շատ քիչ բան է որոշում կամ ոչինչ չի որոշում և պատահական չէ, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ մարդիկ իրենց քվեն ավելի հեշտ են վաճառում, քան նախագահական ընտրությունների ժամանակ»:

Մեկնաբանելով ՀՀԿ-ԲՀԿ հնարավոր կոալիցիա կազմելու մասին վարկածները՝ Ս.Սաֆարյանը վստահություն է հայտնել, որ կոալիցիա կլինի: Լրագրողների այն առարկմանը, թե այսօր արդեն տարածվել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն այն մասին, որ ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիա չի կազմելու, «Ժառանգության» պատգամավորը շեշտել է, որ միևնույն է` քաղաքական դաշտում ԲՀԿ-ն իր դիրքերը փոխելու, առավել ևս ընդդիմադիր քաղաքական ուժ լինելու հնարավորություն չունի, քանի որ այդ պարագայում «ռիսկերը չափազանց մեծ են»:

«Խնդիրը նրանում չի, թե ինչ անուն կտրվի այն միավորին, այն մեծամասնությանը, որը դե ֆակտո գոյություն կունենա քաղաքական դաշտում: Այն, որ այդ մեծամասնությունը լինելու է և այն, որ ԲՀԿ-ն ավելի շատ սպասարկելու է իշխող մեծամասնությանը, քան ընդդիմադիր որևէ շարժման, ես դրանում որևէ կասկած չունեմ»,- ըմդգծել է Ս.Սաֆարյանը:

Բանախոսը նաև մեկնաբանել է այն լուրերը, թե «Ժառանգության» որոշ անդամներ ցանկություն են հայտնել հրաժարվել խորհրդարանական մանդատներից: Ս.Սաֆարյանի խոսքերով՝ դրանք պարզապես կարծիքներ են, իսկ կուսակցությունն իր պաշտոնական դիրքորոշումը դեռ չի հայտնել այդ առնչությամբ:

«Մամուլի հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը, և բոլոր հարցերի պատասխանը կտրվի հունիսի 2-ին` կուսակցության արտահերթ համագումարում»,- տեղեկացրել է Ս.Սաֆարյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում