Զորավարժություններին ընդառաջ ընթանում են ՀԱՊԿ քարտուղարության և Միացյալ շտաբի երկրորդ բանակցությունները

Մայիսի 23-ից 24-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են սեպտեմբեր ամսին ՀՀ տարածքում կայանալիք ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության նախապատրաստման ու անցկացման նպատակով ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարությունների, շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների, ՀԱՊԿ քարտուղարության և Միացյալ շտաբի ներկայացուցիչների երկրորդ շտաբային բանակցությունները:

ՊՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են զորավարժության վերջնական մտահղացման հիմունքներն ու անցկացման ընդհանուր կարգը, ներգրավվող ուժերի կազմն ու միջոցները, դրանց նյութական, բժշկական ու ֆինանսական ապահովման կարգը, ինչպես նաև զորավարժության ընթացքում ԿԽՄԿ-ի մասնակցության և միջազգային մարդասիրական իրավունքի տարրերի կիրառման հարցերը:

Բանակցությունների մասնակիցներն այցելել են նաև «Մարշալ Բաղրամյան» զորավարժարան` տեղազննում անցկացնելու նպատակով, ծանոթացել են ուսումնական կետերի, ազգային ստորաբաժանումների տեղակայման վայրերի ու զորավարժության մտահղացումով նախատեսված տարածքների կահավորման վիճակին:

Բանակցությունների ավարտին ստորագրվել է արդյունքների մասին արձանագրություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում