Մարտունու շրջանի Գիշի գյուղում տեղի է ունեցել դպրոցի նոր շենքի հանդիսավոր բացումը
Նմանատիպ
Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 24–ին այցելել է Մարտունու շրջանի Գիշի գյուղ եւ մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ու ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ կառուցված նոր դպրոցի շենքի բացման հանդիսավոր արարողությանը:
Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վորչությունից, Բ.Սահակյանն ընդգծել է, որ այս համատեղ ծրագիրը հանդիսանում է Արցախ-Սփյուռք համագործակցության լավագույն օրինակներից մեկը եւ ըստ ամենայնի կնպաստի մատաղ սերնդի կրթությանու դաստիարակության գործին:
Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ պաշտոնատար անձինք, «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությունը`գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի լրատվական ծառայությունը, երկհարկանի դպրոցն ինքնատիպ ճարտարապետական լուծումներով կառույց է, որն իր հարկի տակ կարող է ընդունել ավելի քան 300 աշակերտի: Ներկայումս այստեղ ուսանում է 140 աշակերտ: Նորակառույցն ապահովված է ժամանակակից պայմաններով` ներառյալ գրադարան, հանդիսությունների սրահ, սպորտդահլիճ, ճաշարան և հինգ լաբորատորիաներ: Կրթօջախն ունի նաև խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ: Դպրոցի ամբողջական կահավորումն էլ իրականացրել է Բրազիլիայի տեղական մարմինը` բրազիլահայ համայնքի ջանքերով: Տոնական տրամադրությունը դպրոցում կշարունակվի նաև վաղը` վերջին զանգի հանդիսությամբ:
Դպրոցի փոխտնօրեն Ադելաիդա Օհանջանյանի խոսքով` այս տարվա 26 շրջանավարտներից 20-ը ցանկություն ունեն բարձրագույն կրթություն ստանալ: «Դպրոցը լայն թևեր տվեց մեզ»,- ասել է նա:
Հանդիսավոր արարողությունը շարունակվել է նաև Մարտունի քաղաքում, որտեղ հոգևոր հայրերի օրհնությամբ բացվեց քաղաքի խմելու ջրի ցանցը: «Հայաստան» հիմնադրամի պատվո անդամ, «Տաշիր-Գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի նվիրաբերած միջոցներով վերակառուցվել է 1971 թվականին կառուցված ջրամատակարարման համակարգի 1-ին գոտին: Կառուցվել են նոր ջրատարներ, ներքին ցանց և մաքրման կայան: Արդյունքում` քաղաքի բնակչության շուրջ երկու երրորդն այսօր ունի կանոնավոր ջրամատակարարում: Աշխատանքների 2-րդ և 3-րդ փուլերի ավարտին քաղաքն ամբողջությամբ կունենա բարելավված ջրամատակարարում:
«Մնացեք Ձեր հողում, իսկ «Հայաստան» հիմնադրամը կսատարի Ձեզ ինչով կարող է»,- մարտունեցիներին դիմել է Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
«Սփյուռքի մեր եղբայրների ու քույրերի ազգապահպան ձեռնարկումներն արժանի են գերագույն գնահատանքի և աստվածային օրհնության»- իր ելույթում ասել է Մարտունու տարածաշրջանի թեմի առաջնորդ Տ. Սահակ քահանա Շաքարյանը:
Արարողությունը եզրափակվել է շրջկենտրոնի մշակույթի ակումբում կազմակերպված գեղեցիկ համերգային ծրագրով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում