ՌԴ ԱԳՆ-ն՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական խնդիրների մասին
Նմանատիպ
Ռուսաստանն ինտենսիվ կերպով աշխատում է Հարավային Կովկասում կուտակված «հակամարտային ներուժի» հաղթահարման և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, նաև ողջունում է առաջընթացը հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման գործում:
Այս մասին հայտնել է ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը՝ պատասխանելով 2022 թ.-ի ռուսական դիվանագիտական գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսին ուղարկված հարցերին։
Հայ-Ադրբեջանական հակամարտության մասն
«Առաջնահերթ խնդիրներից է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ Դրա հիմքում են ընկած Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թ. հոկտեմբերի 31-ի հայտարարությունները: Մենք համոզված ենք, որ գործընթացի հաջողությունն ամբողջությամբ կախված է այս եռակողմ պայմանավորվածությունների խստիվ պահպանումից», – հավելել են ՌԴ ԱԳՆ-ում։
3+3 ձևաչափի խթանում
Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը նաև ընդգծել է 3+3 տարածաշրջանային հարթակի կարևորության մասին:
«Մենք նպատակ ունենք խթանել 2021 թ. դեկտեմբերին մեկնարկած 3+3 խորհրդատվական տարածաշրջանային հարթակի աշխատանքը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, ինչպես նաև Ռուսաստան, Իրան և Թուրքիա): Այս հարթակը, որտեղ նախատեսվում է կենտրոնանալ համագործակցության ամրապնդման գործնական խնդիրների վրա՝ ելնելով տարածաշրջանային խաղացողների շահերից, համարում ենք օգտակար և ժամանակին», – նշվում է հայտարարությունում։
Հայ-թուրքական հարաբերություններ
ՌԴ արտգործնախարարությունը պատասխանել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Ռուսաստանի մասնակցության մասին հարցին:
«Ինչ վերաբերում է Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը, ապա հենց Ռուսաստանի հովանու ներքո այդ նախաձեռնությունը մեկնարկեց 2022 թ. հունվարին, երբ Մոսկվայում առաջին անգամ հանդիպեցին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռ.Կ. Ռուբինյանը և Ս. Քըլըչը: Երկուսի հետ մենք հիմա էլ սերտ կապի մեջ ենք։ Մենք ողջունում ենք վերջին առաջընթացը, որը հեռանկարներ է բացում հայ-թուրքական կապերի վերականգնման համար, ինչը կնպաստի տարածաշրջանային իրավիճակի հետագա բարելավմանը», – եզրափակել են ՌԴ ԱԳՆ-ում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում