Տարածաշրջանն անցած շաբաթ

Տարածաշրջանն անցած շաբաթ

Times.am-ը շարունակում է ուշադիր հետևել Հայաստանում և նրա շուրջը տեղի ունեցող իրադարձություններին՝ ծանոթացնելով իր ընթերցողին ամենակարևոր զարգացումներին։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տարածաշրջանում անցած շաբաթ կատարված կարևորագույն իրադարձությունները։

Հարձակում Ադրբեջանի դեսպանատան վրա

Հունվարի 27-ի առավոտյան հայտնի դարձավ, որ անհայտ անձը հարձակվել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Հարձակման արդյունքում զոհվել է ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչության անվտանգության ծառայության ղեկավարը։ Եվս երկու հոգի վիրավորվել են։

Չնայած այն հանգամանքին, որ Իրանի իշխանություններն ամեն ինչ արել են, որպեսզի հանցագործությունը հնարավորինս շուտ բացահայտվի, ամենաբարձր մակարդակով քննադատել տեղի ունեցած միջադեպը և պատժել իրավապահ համակարգի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այնուամենայնիվ ադրբեջանական կողմը շտապել է քաղաքականացնել կենցաղային հողի վրա տեղի ունեցած հանցագործությունը և հայտարարել, որ «վերջերս Իրանում տարածված հակաադրբեջանական քարոզարշավը նպաստել է ԱՀ դիվանագիտական առաքելության վրա հարձակմանը»։

Ավելի ուշ պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ չի հավատում հարձակման մոտիվների մասին իրանական կողմի վարկածին և որոշել էվակուացնել դեսպանատան աշխատակիցներին Իրանից։

Հունվարի 28-ի երեկոյան Իրանի նախագահ Ռաիսիի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ալիևը նշել է, որ ակնկալում է գործի թափանցիկ քննություն և որպեսզի հարձակման մեղավորները խստագույնս պատժվեն։ Ռաիսին ցավակցել է զոհվածի ընտանիքի անդամներին ու մտերիմներ և խոսել ադրբեջանա-իրանական «եղբայրական հարաբերությունների» մասին։

Չնայած երկու երկրների հեռախոսազրույցին՝ հունվարի 29-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆոֆը հայտարարեց, որ Իրանում Ադրբեջանի դիվանագիտական ծառայությունն ամբողջությամբ դադարեցված է և մեղադրանքների նոր չափաբաժին ուղղեց պաշտոնական Թեհրանի հասցեին։ Դրան զուգահեռ Ադրբեջանի քաղաքական իշխանությունն ամենաբարձր մակարդակով միջազգայնացնում էր դեսպանատան վրա հարձակման փաստը՝ փորձելով հնարավորինս շատ քննադատություններ կորզել Իրանի հասցեին։

Հայ-ադրբեջանական բանակցությունների վերսկսման հնարավորություն

Մոսկվան հաստատում է իր պատրաստակամությունը՝ կազմակերպելու Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը, որն ավելի վաղ չէր կայացել։ Այս մասին անցած շաբաթվա վերջում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսական կողմը հաստատում է իր պատրաստակամությունը՝ Մոսկվայում, Սերգեյ Լավրովի հովանու ներքո, կազմակերպելու Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև բանակցությունները։ Դրա մասին մենք տեղեկացրել ենք և՛ Բաքվին, և՛ Երևանին, հրապարակային ենք խոսել այդ մասին։ Կարծում ենք՝ պարբերաբար ի հայտ եկող բարդությունները չպետք է բանակցային գործընթացի սառեցման պատճառ դառնան»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Մարիա Զախարովայի խոսքով, ի տարբերություն արտաքին խաղացողների մեծ մասի, ովքեր սահմանափակվում են ապասրացման մասին հայտարարություններով, ռուսական կողմը տեղում իրական լուծումներ է փնտրում և մարդասիրական օգնություն ցուցաբերում։ «Ուստի, կոչ ենք անում լիովին ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ու դիմում ենք Բաքվին և Երևանին քաղաքական կամք դրսևորել ու հնարավորինս շուտ լուծել առկա տարաձայնությունները», – ավելացրել  է նա։

Իր հերթին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի։ «Այն կբերի խաղաղության հաստատմանը։ Մենք հանդես ենք եկել առաջարկներով և նախկինի պես համարում ենք, որ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի։ Հակառակ պարագայում սպառնալիքները մեր տարածաշրջանում կարող են շատանալ», – ասել է Ալիևը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։

ԵՄ քաղաքացիական առաքելություն հայ-ադրբեջանական սահմանում

Եվրամիության նախարարների խորհրդում հունվարի 23-ին համաձայնություն է ձեռք բերվել Հայաստան ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելու վերաբերյալ։ Այս մասին ասված է ԵՄ խորհրդի հայտարարությունում։

Նշվում է, որ առաքելության նպատակը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունություն ապահովելն է և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին նպաստող միջավայր ստեղծելը։ Ըստ հայտարարության՝ ԵՄ առաքելությունը նախնական լինելու է երկու տարի ժամկետով։

«Հայաստանում ԵՄ առաքելության ձևավորումը Հարավային Կովկասում ԵՄ ներգրավվածության նոր փուլի մեկնարկն է։ Եվրամիությունը կշարունակի աջակցել լարվածության նվազեցման ջանքերին։ ԵՄ-ն պարտավորվել է սերտորեն համագործակցել երկու կողմերի հետ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության վերջնական նպատակին հասնելու համար»,- ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ողջունել է Հայաստան լիարժեք քաղաքացիական առաքելություն ուղարկելու ԵՄ որոշումը։ «Մենք պատրաստակամորեն կհամագործակցենք առաքելության հետ և կաջակցենք դրա գործունեությանը»,- Թվիթերի իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը։

Վրացական ընդդիմությունը պատրաստվում է պայքարի

Վրաստանի խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունը՝ «Միասնական ազգային շարժումը», նոր առաջնորդ ունի։ Անցած շաբաթվա վերջում սկիզբ առած ներկուսակցական ընտրությունների արդյունքներում 52.5% կողմ ձայներով կուսակցության առաջնորդ է ընտրվել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Լևան Խաբեիշվիլին։ Վերջինիս մրցակից Սամ Մելիան՝ կուսակցության նախկին առաջնորդը, ստացել է ձայների ընդամենը 40%-ը։ Վերջինիս թիմի շատ անդամներ արդեն իսկ հայտարարել են կուսակցական տարբեր մարմիններում զբաղեցրած իրենց պաշտոններից հրաժարականի մասին՝ հնարավորություն տալով նոր ղեկավարին նշանակել իր թիմակիցներին այդ պաշտոններում։

«Միասնական ազգային շարժումը» Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հիմնադրած, ներկայումս երկրի ամենախոշոր ընդդիմադիր կուսակցությունն է։ Սաակաշվիլու Վրաստան վերադառնալուց և ձերբակալվելուց հետո վերջինս ակնկալում էր, որ կուսակցությունը կհրաժարվի մանդատներից, խորհրդարանական ճգնաժամ կստեղծի երկրում և ավելի ակտիվ կպայքարի իր ազատության համար։ Սակայն Մելիան, ի տարբերություն Խաբեիշվիլու, նախընտրում էր չծայրահեղացնել քաղաքական պայքարը, ինչի հետևանքով զգալիորեն վատացել են նրա և Սաակաշվիլու հարաբերությունները։

Իսկ ահա Խաբեիշվիլին, կուսակցության ղեկավար դառնալուց անմիջապես հետո, հայտարարել է, որ չի բացառում օրենք խախտելով և ուժ գործադրելու միջոցով Սաակաշվիլուն ազատելու սցենարը։ «Այսօրվանից Վրաստանում սկսում է դեպի հաջողություն տանող շարժումը, որի հաջողության գրավականը իշխող «Վրացական երազանք – դեմոկրատական Վրաստան» կուսակցության տապալումն է», – ընտրություններից հետո հայտարարել է Լևան Խաբեիշվիլին։

Վրաստանի իշխող կուսակցությունն արդեն հասցրել է դատապարտել Խաբեիշվիլիի հայտարարություններն ու ակտիվ գործողություններ սկսելու պատրաստակամությունը։ «Միասնական ազգային շարժում» կուսակցության ավերակների վրա ստեղծվում է հեղափոխական կոմիտե, որը փորձում է ապակայունացնել երկիրը, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում