Ս.Սարգսյան. «Հայաստանը ՍԾՏՀ-ն համարում է տարածաշրջանային համագործակցությունը խթանող կարևոր ձևաչափ»
25/05/2012 10:21
Նմանատիպ
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 24-ին ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանթոպուլոսին, տեղեկացնում են երկրի ղեկավարի մամլո ծառայությունից:
Նախագահը բարձր է գնահատել պարոն Լեոնիդաս Քրիզանթոպուլոսի վեցամյա գործունեությունը ՍԾՏՀ գլխավոր քարտուղարի պաշտոնում, նշելով, որ ուրախ է մեր երկրում հյուրընկալել նրան՝ կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նիստի շրջանակներում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է ՍԾՏՀ-ում իր ներգրավվածությունը՝ այն համարելով տարածաշրջանային համագործակցությունը խթանող կարևոր ձևաչափ:
Հանրապետության ղեկավարի խոսքով, կազմակերպության հիմնական առաքելությունը՝ ապահովել Սևծովյան տարածաշրջանի կայունությունը տնտեսական համագործակցության միջոցով և նպաստել բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ու ամրապնդմանը, լիովին համահունչ է Հայաստանի նպատակներին:
ՍԾՏՀ գլխավոր քարտուղարը Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է վեհաժողովի երևանյան նիստում քննարկված հարցերի շրջանակը, ինչպես նաև խոսել իր պաշտոնավարման անցած վեց տարիներին կազմակերպության կողմից իրականացված աշխատանքների մասին:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև հայ-հունական հարաբերություններին, որոնց ձևավորման և կայացման գործում, Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով, մեծ է եղել մեր երկրում 1993-1994թթ. Հունաստանի առաջին դեսպան պարոն Լեոնիդաս Քրիզանթոպուլոսի ներդրումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում