Այսօր Վերջին զանգ է. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն իր ուղերձն է հղել շրջանավարտներին

Այսօր Հայաստանում 40 հազար աշակերտների վերջին դասն է. նրանց համար հնչելու է վերջին զանգը:
Հայաստանյան դպրոցներում վերջին զանգին նվիրված միջոցառումները մեկնարկելու են ժամը 10.00-ին ու կշարունակվեն մինչև ժամը 14.00-15.00-ն: Իսկ երեկոյան՝ ժամը 18.00-ից, Ազատության հրապարակում կայանալու է տոնական միջոցառում, որն ավարտվելու է հրավառությամբ:
Վերջին զանգի կապակցությամբ իր օրհնության ուղերձն է հղել շրջանավարտներին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, որում մասնավորապես ասվում է.
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրական սիրով Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում ուսումնական հաստատությունների շրջանավարտներին, տնօրինությանց, ուսուցիչներին ու դասախոսներին:

Սիրելի շրջանավարտներ, այսօր դուք ձեր կրթօջախներում ամբարած գիտելիքներով, հույսերով ու երազանքներով քայլում եք դեպի կյանքի նոր հանգրվան: Դեպի ուր էլ առաջնորդի ձեզ այս նոր ճանապարհը` ուսումը շարունակելու, աշխատելու, բանակում ծառայելու, Աստված մշտական հոգածությամբ պահապան և օգնական է ձեզ` իրականություն դարձնելու ձեր ազնիվ ու արդար իղձերը: Մեր Տերը Հիսուս Քրիստոս ասում է. «Ես սիրեցի ձեզ, Իմ սիրո մեջ հաստատո´ւն մնացեք» (Հովհ. 15.9): Մեր Տիրոջ այս կոչին ունկնդիր` ձեր սրտերում վառ պահեցեք հավատքը, աստվածսիրությունն ու ազգանվիրումը, որպեսզի Բարձրյալի զորակցությամբ ձեր ջանքերը պտղաբերեն հաջողություններով ու նորանոր ձեռքբերումներով և բարիք ու խնդություն հավելեն մեր Հայրենիքի ու ժողովրդի կյանքին:

Աստվածակառույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր աղոթքն ենք բարձրացնում առ Ամենակարողն Աստված, որ օրհնի ձեր կյանքի ուղին և շնորհի երջանկություն ու ամենայն բարիք:

Մեր բարձր գնահատանքն ենք բերում կրթության գործի բոլոր նվիրյալներին ու ծնողներին նոր սերունդ կրթելու ջանադրության, խնամքի ու հոգատարության համար և հայցում, որ Տերը Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղ պահպանի մեր Հայրենիքը և հավատքով ու հույսով զորացյալ` մեր ժողովրդին ի սփյուռս աշխարհի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում