Իսրայելն ու Ադրբեջանը զարգացնում են համագործակցությունը. Միջազգային լրահոս

Իսրայելն ու Ադրբեջանը զարգացնում են համագործակցությունը. Միջազգային լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում։ Կարդացեք միջազգային ամենակարևոր լուրերը մեր ամփոփ տեղեկագրում։

Իրանը բացահայտել է հարձակում իրականացրած ԱԹՍ-ի արտադրողին

Իրանի անվտանգության ուժերը բացահայտել են Սպահանում պաշտպանական արտադրության գործարանի վրա հարձակում գործած անօդաչու թռչող սարքի արտադրողներին: Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները՝ հղելով Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին մոտ կանգնած աղբյուրներին։ 

«Սպահանում պաշտպանության նախարարության ռազմական օբյեկտի վրա հարձակման ժամանակ խոցված անօդաչուներից մեկի մասերի տեխնիկական փորձաքննության արդյունքերը արժեքավոր տեղեկատվություն են  տրամադրել անվտանգության մարմիններին: Անօդաչու թռչող սարքի առանձին մասերն ուսումնասիրելով՝   շարժիչները, ուժային և նավիգացիոն համակարգերը և դրանց համեմատությունը գոյություն ունեցող նմուշների հետ, ճշգրիտ բացահայտվել է անօդաչու թռչող սարքերի արտադրողը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Միևնույն ժամանակ նշենք, որ նախօրեին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք հրեական պետությունը ներգրավված է եղել հունվարի 28-ին Իրանի վրա հարձակման մեջ։ «Ես չեմ պատրաստվում երբևէ խոսել կոնկրետ գործողությունների մասին: Ամեն անգամ, երբ Մերձավոր Արևելքում պայթյուն է տեղի ունենում, մեզ վերագրում կամ մեղադրում են», – ասել է նա CNN-ին տված հարցազրույցում։ 

Լավրով-Բայրամով հեռախոսազրույց

Հունվարի 31-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների միջև։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նախարարները քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակն ու դրա հանգուցալուծման հնարավորությունները։ Ինչպես նշում է ՌԴ ԱԳՆ-ն, Լավրովն ու Բայրամովը նաև ուշադրություն են դարձրել եռակողմ հայտարարություններում նշված բոլոր ուղղությունները կյանքի կոչելու ուղղությամբ։ Այդ կոնտեքստում ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել Մոսկվայում կազմակերպել Հայաստանի և Ադրբջանի արտգործնախարարների՝ երկու երկրների միջև խաղաղության պայմանագիր ստորագրելուն ուղղված բանակցությունների հերթական ռաունդը։

Թուրքիան փորձում է նոր թափ հաղորդել «Տրանս-Կովկաս» նախագծին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հույս է հայտնել, որ Հայաստանը կներգրավվի «Տրանս-Կովկաս» նախագծում: Չավուշօղլուն մասնավորապես նշել է, որ Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը և Իրանը ծրագրում են օգտագործել տարածաշրջանի հաղորդակցական հնարավորությունները՝ կազմակերպելով եռակողմ և քառակողմ փոխգործակցության մեխանիզմներ։  

«Հյուսիսային միջանցքին այլընտրանք չունենալով՝ մենք աշխատում ենք «Տրանս-Կովկաս» նախագծի բացման վրա։ Հուսով եմ, որ ապագայում, երբ մենք սկսենք իրականացնել ծրագիրը, մեզ կմիանա նաև Հայաստանը»,- ասել է նա։

Տարածաշրջանային անվտանգության հարցերի քննարկում Իսրայելի և Ադրբեջանի միջև

Իսրայելական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի միջև։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: 

Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը և ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները։



Հետևեք մեզ նաև Telegram-ում