Ադրբեջանը «պատերազմ» է սկսել Իրանի դեմ

Ադրբեջանը «պատերազմ» է սկսել Իրանի դեմ

Չնայած այն բանին, որ Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչությունից տևական ժամանակ է անցել, Իրանի ոստիկանությունն ու անվտնագության ուժերը ոչ մի լուրջ քայլ չեն արել։ Այս մասին Թուրքիայի կրթության նախարար Մամուդ Օզերի հետ հանդպիման ընթացքում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Վերջինս նաև նշել է, որ Ադրբեջանը մանրակրկիտ քննում է «այդ ահաբեկչական ակտը»։

Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա տեղի ունեցած հարձակումը պաշտոնական Բաքուն շարունակում է ահաբեկչություն կոչել նույնիսկ այն բանից հետո, երբ իրանական կողմը բազում փաստեր է բերել այն մասին, որ հարձակվողն առաջնորդվել է անձնական մոտիվներով։ Իրանի պաշտոնյաները՝ նախագահից սկսած, շարունակ պնդում են, որ տեղի ունեցածը ոչ թե ահաբեկչություն, այլ սովորական հարձակում էր։ Ավելին, իրանական կողմն ապահովել է ադրբեջանցիների լիարժեք մասնակցությունը դեպքի հետաքննման գործում։ Սակայն Բաքուն շարունակում է Իրանը կոչել ահաբեկչական պետություն և նոր քայլեր ձեռնարկել իր հարավային հարևանի դեմ։

Այսպես, այսօր պարզ դարձավ, որ Իրանի հետ համագործակցության մեղադրանքով Ադրբեջանում վերջին երկու օրերին ձերբակալված քաղաքացիների թիվը հասել է 4 տասնյակի։ Բոլոր ձերբակալվածները մեղադրվում են Ադրբեջանում պրոիրանական քարոզչություն իրականացնելու կամ Իրանի հատուկ ծառայություննեի հետ համագործակցելու մեջ։

Բացի այդ, Բաքվում որոշել են խիստ վերահսկողություն սահմանել կրոնական տարբեր կազմակերպությունների վրա և նույնիսկ արգելել Ադրբեջանի և Իրանի շիա հավատացյալների շփումները։ «Ադրբեջանից կրոնական հարկի տեսքով ամեն տարի միլիոնավոր մանաթներ են փոխանցվում Իրան», – հայտարարել է պտգամավոր Ֆազիլ Մուսթաֆան։ Խոսքը վերաբերվում է տարեկան եկամուտների 1/5-րդ մասի՝ շիիթական կազմակերպություններին փոխանցելու ավանդույթին։ «Դա ահաբեկչության ֆինանսավորում է։ Կրոնական ուխտագնացությունները պետք է ամբողջությամբ վերահսկվեն պետության կողմից, իսկ նրանց, ովքեր որոշակի տեղեր են այցելում, պետք է ռիսկի խմբի մեջ ներառել», – մեջբերում են Մուսթաֆայի խոսքերն ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանը հարձակում է սկսել Իրանի դեմ նաև ֆինանսական ոլորտում։ Այսպես, Ադրբեջանի Կենտրոնական բանկի տնօրեն Թորղուլ Ալիևն այսօր հայտարարել է, որ իրենք պատրաստվում են դիտարկել իրանական Bank Melli Iran բանկին լիցենզիայից զրկելու հարցը։

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանը պատերազմ է հայտարարել Իրանին քաղաքական, հասարակական, կրոնական, ֆինանսական և այլ ոլորտներում։ Թե որքան կխորանա երկու երկրների միջև սկիզբ առած հակամարտությունը, ցույց կտա ժամանակը։ Սակայն հիմա արդեն պարզ է, որ ադրբեջանա-իրանական հարաբերությունները խոր ճգնաժամի մեջ են, որը կարող է նաև լիարժեք պատերազմի վերաճել։



Հետևեք մեզ նաև Telegram-ում