Մամուլն այսօր. ԲՀԿ-ի որոշումից անհանգստացած գործարարների և անպիտան սոցքարտերի մասին

Հետընտրական զարգացումներ.

«Երկիր» թերթի տեղեկություններով` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի` կոալիցիայից հրաժարվելու վերաբերյալ որոշումը Հանրապետականում շատ ծանր են տարել: Այն անսպասելի է եղել ՀՀԿ-ական էլիտայի համար, իհարկե, ոչ բոլորի: Թերթի աղբյուրներն ասում են, որ Գագիկ Ծառուկյանի երեկվա քայլից հետո ՀՀԿ-ում սպասվում են լուրջ վերադասավորումներ: «Այսօր կամ վաղը մի շարք հանրապետականներ ինքնաբացարկ են հայտնելու և դուրս են գալու ՀՀԿ-ից: Այս առումով պատահական չէ այն փաստը, որ օրենսդիր և գործադիր մարմինների անդամների որոշումը այսքան ուշանում է: Ի դեպ, չի բացառվում, որ ՀՀԿ-ից դուրս կգա նաև ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը»,- գրում է թերթը:

Ըստ «Հրապարակ» թերթի՝ ԲՀԿ չկայացած կոալիցիան որոշ գործարարների համար կարող է կործանարար լինել: ԲՀԿ-ական բիզնեսմենները Ծառուկյանի քայլից սրտնեղած են ու վատ բաներ են կանխատեսում: Նրանք մտավախություն ունեն, որ ԲՀԿ-ի ընդդիմադիր կեցվածքը կվտանգի իրենց բիզնես-գործունեությունը: Այսինքն` իշխող ՀՀԿ-ն կհարկադրի գործարարներին ամբողջությամբ մտնել հարկային դաշտ, ինչը նրանց եկամուտներին խիստ հարված կլինի: Սակայն հոգու խորքում նրանք հույս են փայփայում, որ ամեն ինչ կհաղթահարվի: Ընդգծված խուճապային տրամադրություններ են տիրում նաև քաղծառայող ԲՀԿ-ականների մոտ: Գերատեսչություններում աշխատող շարքային ԲՀԿ-ականները մտավախություն ունեն, որ երբ իրենց գերատեսչություններն անցնեն ՀՀԿ-ի տիրապետության տակ, հնարավոր է իրենք համալրեն գործազուրկների շարքը:

Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` ՀՅԴն որոշել է իր Գերագույն ժողովն անցկացնել հունիսին: Առայժմ, սակայն, հստակ հայտնի չէ ՀՅԴ ԳԺ կոնկրետ օրը: Ինչպես նշում են թերթի աղբյուրները, հավանական է, որ ՀՅԴ ԳԺն անդրադառնա ղեկավար կազմին և որոշ փոփոխություններ անի: Բանն այն է, որ Աժ ընտրություններում 5 տոկոս հավաքելուց հետո շատերը պնդում են, որ Արմեն Ռուստամյանը, Հրանտ Մարգարյանն ու Վահան Հովհաննիսյանը պետք է հրաժարվեն կուսակցական ղեկավար պաշտոններից:

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ այսօր ՀՀ ՍԴ-ն սկսելու է բանավոր ընթացակարգով և դռնբաց նիստում քննարկել Հայ ազգային կոնգրեսի դիմումը` մայիսի 6-ին տեղի ունեցած համամասնական ընտրակարգով Աժ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին:

Կոնգրեսը ՍԴ-ից պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` մայիսի 13-ին կայացրած թիվ 265-Ա` մայիսի 6-ին տեղի ունեցած համամասնական ընտրակարգով Աժ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին որոշումը և քվեարկության արդյունքները: Դիմումը ՍԴ-ում նեիկայացնելու է փաստաբան Վահե Գրիգորյանը, իսկ որպես պատասխանող հանդես է գալու ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Կոնգրեսի դիմումի քննարկման ժամանակ զեկուցողներ են նշանակված ՍԴ անդամներ Ֆելիքս Թոխյանը և Արևիկ Պետրոսյանը: Նոր խորհրդարանի առաջին նիստը տեղի է ունենալու մայիսի 31-ին:

 

Զարմանազան.

«Ժողովուրդ»-ը գրում է, որ չնայած հայ հասարակության և հոգևորականների դիմադրությանը` 2003թ. մի քանի հարյուր միլիոն դրամ ծախսելով` ՀՀ-ում մեծ թափով շրջանառության մեջ դրվեցին սոցիալական քարտերը: Այդ ժամանակ գործադիր իշխանությունը ջանք չէր խնայում` մարդկանց համոզելու համար, որ սոցքարտը ոչ թե սատանայական չիպ է, այլ ընդամենը փաստաթղթերի շրջանառությունը հեշտացնելու պարտադիր միջոց: Սակայն այս տարվա հունիսի 1-ից սոցքարտերն այլևս պիտանի չեն լինի: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք» տեղեկատվական և վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանը թերթի հետ զրույցում տեղեկացրեց. «Յուրաքանչյուր տարի պետական բյուջեով հատկացվում է որոշակի գումար սոցքարտերի համար: 2012թ. հատկացված գումարի չափը կազմել է 140 միլիոն դրամ, որը, բնականաբար, կկիսվի, քանի որ քարտերը դուրս կգան շահագործումից»: Հիմա էլ պետբյուջեի հաշվին ՀՀ քաղաքացիները երկու տեսակի անձնագիր կունենան, որոնցից մեկը կլինի սոցքարտին փոխարինողը:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով` առաջիկայում կառավարությունում կառուցվածքային փոփոխություններ են կատարվելու, և ստեղծվելու է նոր` ներքին գործերի նախարարություն: Ըստ թերթի, նոր նախարարությունը ունենալու է առնվազն հինգ հիմնական ստորաբաժանում: Դրանցից չորսը լինելու են ոստիկանական կառույցներ, այսինքն` չորս առանձին ոստիկանություններ` քրեական, մունիցիպալ, ավտոտրանսպորտային և պահպանության: Հինգերորդ հիմնական ստորաբաժանումը լինելու է արտակարգ իրավիճակների վարչությունը, որը գրեթե ամբողջությամբ կրկնելու է ներկայիս արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթները: 

«Նոր նախարարության կազմի մեջ կներառվեն նաև մի քանի մանր-մունր վարչություններ: Չնայած ներքին գործերի նախարարություն ստեղծելու որոշումը դեռ վերջնականապես չի կայացվել, բայց նոր նախարարի պաշտոնի համար կռիվը արդեն իսկ սկսված է: Այդ պաշտոնի հիմնական հավակնորդներն են ՀՀ ներկայիս ոստիկանապետ Վովա Գասպարյանը, արտակարգ իրավիճակների ներկայիս նախարար Արմեն Երիցյանը և ՀՀ ոստիկանության Երևանի վարչության պետ Ներսիկ Նազարյանը»,- գրում է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում