Հայազգի ավտոմրցարշավորդ Արթուր Գորոյանը՝ ավտոսպորտի և նպատակի մասին
Նմանատիպ
Աբու Դաբիի 6-ժամանոց ավտոմրցարշավում TCR դասում հաղթած գերմանական «Sharky-Racing» թիմի հայազգի արշավորդ Արթուր Գորոյանը վերջին օրերին Հայաստանում էր: Թռիչքից ընդամենը երկու ժամ առաջ մեր հայրենակիցը հանդիպել է լրագրողներին, պատասխանել իր մասին հարցերին:
Գորոյանը ծնունդով Ջավախքից է: Դպրոցական է եղել, երբ ընտանիքը Վրաստանից Ռուսաստան է տեղափոխվել: Մեքենայի ղեկին առաջին փորձերը ծննդավայրում են եղել:
«Պատահարներ միշտ էլ կարող են լինել, էական չէ տարիքդ ու փորձառությունդ: Որևէ վթարից ու պատահարից վախ չեմ ունեցել, դա նորմալ է: Մեր սպորտում այդպիսի միջադեպեր հաճախ են լինում», – պատմում է Գորոյանը:
Պարզվում է՝ նա նաև թռիչքների մեծ սիրահար է: Ավիասպորտը նրա հոբբիներից է, հատկապես սիրում է ուղղաթիռային սպորտը:
«Ես սիրում եմ ուղղաթիռներով թռչել, դա ինձ դուր է գալիս: Եթե ուզում եք զբաղվել ավտոսպորտով, դիմեք ֆեդերացիային, ձեզ ճիշտ ուղու վրա կդնեն, կիմանաք՝ ինչ ակումբներ ու թիմեր կան, ինչ հնարավորություններ կան: Միայնակ զբաղվելով որևէ բանով՝ նվաճումներ ունենալ չես կարող, իսկ դրանով զբաղվող մարդկանց միջավայրում դու կարող ես զարգանալ, լինել մրցակցության մեջ, կայանալ»:
Ավտոարշավորդի պրոֆեսիոնալ կարիերան մեր հայրենակիցը սկսել է Ռուսաստանում, երբ կարտինգի էր գնում ու առաջարկ ստացավ Գերմանիայում մրցումների մասնակցել: Այդ մրցարշավում զբաղեցրած 3-րդ տեղը մեր հայրենակցի համար ճակատագրական է եղել: Հայաստանի դրոշի տակ հանդես գալու համար դիմել ու ստացել է հայկական արտոնագիր, այժմ B կատեգորիայի միջազգային արտոնագիր էլ ունի:
«Ես սիրում եմ ավտոսպորտի այս ձևը: Եվրոպայում ասում են՝ որպես հայ դու համար մեկն ես ու միակը մրցարշավներում: Ավտոմրցարշավը դիմացկունության մրցարշավ է: Այստեղ կարևոր է թե արշավորդի, թե մեքենայի դիմացկունությունը: Օրինակ, ի տարբերություն ավտոսպորտի այլ տեսակների, մերում մրցում ենք միայն գործարանային արտադրության սպորտային, ոչ թե թյունինգ արված կամ արդիականացված մեքենաներով: Մենք ունենք 4, 6, 12, 24 ժամ տևողությամբ մրցումներ: Մեքենայում կարող է մեկ արշավորդ լինել, բայց թիմում թույլատրվում է մինչև 6 արշավորդ ունենալ: Մեր սպորտում առաջին հերթին պետք է դիմացկուն լինի մեքենան»:
Ավտոմրցարշավում 1,5-3 ժամը մեկ նախատեսված է փիթ–ստոպ, որի ընթացքում արշավորդը փոխվում է, սակայն 2016-ին 24-ժամանոց ավտոմրցարշավում մեր հայրենակիցը 2 անգամ 3-ական, մեկ անգամ էլ 2 ժամով՝ հանրագումարային 8 ժամ եղել է ղեկին:
«Ամենադժվարը մեր սպորտում անսպասելիությունն է: Այդ 8 ժամն ամենաերկարն է եղել, որ մրցել եմ ես: Ցանկացած պահի իրավիճակ կարող է փոխվել: Թիմը կարող է փոխել ռազմավարությունը, կարող է վառելիքը խնայելու կարիք լինի, պատահարները բացառված չեն, փոխարինող ավտոարշավորդի հետ կարող է խնդիր առաջանալ, կարող է հնարավորություն լինել ավելի լավ դիրք գրավելու, կարող է շարժիչը կամ որևէ դետալ խոտանվել: Խնդիրներն ու հավանական միջադեպերը շատ են, որոնց պատճառով կարող է անհրաժեշտություն առաջանալ ավելի երկար ղեկին մնալու: Դրան պետք է պատրաստ լինել: Մրցարշավներին հարյուրավոր մեքենաներ են մասնակցում, բայց բոլորը չէ, որ հասնում են եզրագծին», – Արթուր Գորոյանը նկատում է՝ 100-տոկոսանոց արդյունքի համար պետք է 150 տոկոսով պատրաստված լինես, – «Աբու Դաբիում 6-ժամանոց ավտոմրցարշավին մենք պատրաստվել ենք 24-ժամանոցի պես: Հաղթելու համար պետք է առավել պատրաստ լինել, քան ենթադրվում է»:
Մեր հայրենակիցը դժվարանում է ասել՝ որտեղ է ապրում՝ Ռուսաստանում, Գերմանիայում, Իտալիայում, ԱՄԷ–ում, Հայաստանում…բայց հեշտ կարող է ձևակերպել՝ ինչ նպատակ ունի: Գորոյանը ցանկանում է հաղթել ամենադժվարն ու էքստրեմալը համարվող Նյուրբուրգրինգի 24-ժամանոց մրցարշավը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում