Տարածաշրջանն անցած շաբաթ
Նմանատիպ
Times.am-ը շարունակում է ուշադիր հետևել Հայաստանում և նրա շուրջը տեղի ունեցող իրադարձություններին՝ ծանոթացնելով իր ընթերցողին ամենակարևոր զարգացումներին։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մեր կայքի նոր նախագիծը՝ Տարածաշրջանն անցած շաբաթ։
Վրաստանը պայքարում է ԵՄ անդամ երկրի թեկնածուի կարգավիճակի համար
Անցած երկուշաբթի Վրաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Վրաստանի և Ավստրիայի ղեկավարների հանդիպում։ Ավստրիայի դաշնային կանցլեր Կարլ Նեհամմերը վրացական կողմին առաջարկել է աջակցել այն առաջարկությունների իրագործման հարցում, որոնք հանրապետությանը թույլ կտան ստանալ ԵՄ թեկնածուի կարգավիճակ։
«Պարոն վարչապետը (Իրակլի Ղարիբաշվիլին) ինձ ասաց, թե ինչ է արվել ԵՄ հանձնարարականների իրագործումն ապահովելու համար, և մեզ համար ակնհայտ է, որ դա հեշտ չէ իրականացնել, բայց արժե գնալ այս ուղղությամբ՝ ջանքեր գործադրելով, ավելի շատ ներդրումներ անելով, քանի որ այս գործընթացը ներքաղաքական առումով բազմաթիվ փոփոխություններ է բերելու։ Այս ուղղությամբ քաղաքական պատասխանատվություն ստանձնողների համար սա մեծ մարտահրավեր է, և ես պարոն վարչապետին առաջարկեցի բոլոր ուղղություններով աջակցություն մեր կողմից»,-ասել է նա երկուշաբթի օրը Թբիլիսիում Ղարիբաշվիլիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Իր հերթին Ղարիբաշվիլին նշել է, որ հանրապետությունը կատարել է առաջարկությունների մեծ մասը, մնում է մի քանի օրենքների վերջնական ընդունումը, որոնք ուղարկվել են Վենետիկի հանձնաժողով՝ ստուգման։
ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու հնարավորությանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլինի անցած շաբաթ անդրադարձել է նաև այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովը հրապարակել է վերլուծական զեկույց, որը նկարագրում է Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի պատրաստակամության աստիճանը։ «Եվրահանձնաժողովը վերլուծական զեկույց է հրապարակել ԵՄ-ի հետ Վրաստանի ազգային իրավական բազայի համատեղելիության մասին։ Փաստաթուղթը հստակ արտացոլում է մեր երկրի առաջընթացը եվրաինտեգրման ճանապարհին եւ եւս մեկ անգամ հստակ ցույց է տալիս, որ Վրաստանը, որպես առաջին բարեփոխիչ, արժանի է ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ ստանալուն», – Twitter-ում գրել է Ղարիբաշվիլին։
Լավրովն արցախյան հակամարտության ու հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին
Անցած շաբաթ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կրկին անդրադարձել է արցախյան հակամարտությանն ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը՝ քննադատությունների մեծ ալիք բարձրացնելով թե՛ Հայաստանում և թե՛ Ադրբեջանում։
Դմիտրի Կիսիլյովին տված հարցազրույցում Լավրովն ասել է, թե ղարաբաղյան հակամարտության պատմությունը տասնամյակների խորքն է գնում։ «Եվ երբ երկար-երկար տարիներ ՀՀ-ն օկուպացրել էր Ադրբեջանի 7 տարածքներն, իսկ հետո, երբ հույսը կորցրել էր խնդիրը լուծել քաղաքական ճանապարհով, Ռուսաստանը տարբերակներ էր առաջարկում, որոնք դեռևս ՀՀ նախկին իշխանությունները ոչ այնքան դրական էին ընդունում, ցանկանալով պահել տարածքներ, որոնց երբեք չեն հավակնել։ Այստեղ, ամեն դեպքում, այո, Ադրբեջանը վերադարձրել է այն հողերը, որոնք պատկանում էին իրեն»,- ասել է Լավրովը։
«Այժմ, երբ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը Եվրամիության հետ միասին ստորագրել են փաստաթուղթ խաղաղության պայմանագրի կնքմանը պատրաստ լինելու մասին՝ Ալմաթիի 1990թ. դեկտեմբերի հռչակագրում նշված պայմաններով, դե, մեզ համար անգամ դժվար է կողմնորոշվել հետագա քայլերի հարցում, որովհետեւ Ալմաթիի հռչակագրում ասված է, որ նոր անկախ պետությունների միջեւ սահմաններն անցնելու են Խորհրդային Միության, միութենական հանրապետությունների վարչական սահմաններով, ներառյալ Հայկական ԽՍՀ-ն եւ Ադրբեջանական ԽՍՀ-ն, Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում էր գտնվում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը։ Այնպես որ, այստեղ բազմաշերտ իրավիճակ է»,- հավելել է Լավրովը։
Ինչպես արդեն նշեցինք, Լավրորվի այս հայտարարությունները դժգոհության մեծ ալիք են բարձրացրել Հայաստանում և Ադրբեջանում։ Հայկական կողմի մեկնաբանները հիմնականում կենտրոնացել են ՌԴ արտգործնախարարի այն մտքի վրա, իբր Հայաստանը ադրբեջանական տարածքներ է օկուպացրել։ Իսկ ահա Ադրբեջանում դժգոհ են այն հանգամանքից, որ Լավրովն օկուպացված է համարում միայն Լեռնային Ղարաբաղի «շուրջն ընկած 7 շրջանները» և ոչ Լեռնային Ղարաբաղը։ Բացի այդ, Ադրբեջանում նկատել են, որ պաշտոնական Մոսկվան, փաստորեն, ավարտված չի համարում արցախյան հակամարտությունը, պարզապես ներկայում չգիտի ինչպես գործել։
Խորհրդարանական լսումներ Հայաստանում
Փետրվարի 3-ին ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքն Ազգային Ժողովում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման թեմայով խորհրդարանական լսումներ էր կազմակերպել։
Հայաստանի քաղաքական օրակարգը պետք է լինի հենց Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը, խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը։
Պատգամավորն ընդգծել է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
«Մենք կարծում ենք, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը ապահովելու պարտավորություններ ունի։ Նա պետք է զբաղվի նաեւ այլ հարցերով։ Սակայն Հայաստանի իշխանությունները մեզ հետ համաձայն չեն այս կետերով, եւ հենց այդ պատճառով ավելի վաղ մեր ներկայացրած Ազգային ժողովի հայտարարության նախագիծը չընդունվեց։ Ավելի ուշ մենք նախաձեռնեցինք նոր հայտարարության տեքստ՝ լրացումներով։ Շուտով այն կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը»,- ասել է պատգամավորը։
Թեւանյանը ներկայացրեց նաեւ ընդդիմության եւ Կառավարության սկզբունքային տարաձայնությունները.
«Եթե փորձենք ամեն ինչ հակիրճ ձեւակերպել, ապա այս տարաձայնությունները հետեւյալն են.
Հայաստանի իշխանությունները Ղարաբաղը համարում են Ադրբեջանի մաս, իսկ մենք՝ ոչ։ Նրանք կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի հարցը չպետք է լինի պաշտոնական Երեւանի օրակարգում։ Մենք հակառակ կարծիքի ենք։ Հայաստանի իշխանությունները հրաժարվում են իրենց պարտավորություններից, որոնք նախատեսված են մեր օրենսդրությամբ եւ հանդիսանում են մեր պետության փիլիսոփայության հիմքը։ Այսինքն՝ Ղարաբաղյան շարժման արդյունքում ստեղծված պետությունը չի կարող ուղղակի վերցնել ու ասել. «Մենք հանձնում ենք Ղարաբաղը, որպեսզի խաղաղ ապրենք»,- պարզաբանեց պատգամավորը։
Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը խորացնում են ռազմական համագործակցությունը
Սարիղամիշում կայացել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպումը։ Հարավկովկասյան երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները Թուրքիա են մեկնել նախօրեին՝ Հուլուսի Աքարի հրավերով։
Հուլուսի Աքարը, Զաքիր Հասանովն ու Ջուանշեր Բուրչուլաձեն՝ թուրքական ռազմական բարձրաստիճան հրամանատարության հետ միասին քննարկել են անվտանգային և համագործակցության հարցեր։
Այսօր Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները կմասնակցեն «Ձմեռային զորավարժություններ – 2023»-ի շրջանակներում կայանալիք «Բարձրաստիճան դիտորդի օր» միջոցառմանը, կհետևեն զորավարժությունների ընթացքին։
Նշենք, որ 2023-ի ձմեռային զորավարժությունները Կարսում մեկնարկել են այս տարվա սկզբին, անց են կացվում Հայաստանի սահմանին հարող տարածքներում։ Զորավարժություններին մասնակցում են նաև Ադրբեջանի զորքերը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում