Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում կայացել է վերջին զանգի հանդիսավոր արարողությունը
Նմանատիպ
Մայիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան` մասնակցելու վարժարանի ավարտական դասարանի սաների վերջին զանգի հանդիսավոր արարողությանը, որին ներկա էին բարձրաստիճան զինվորականներ, ծնողներ և հյուրեր:
ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պետ, գնդապետ Վիտալի Ոսկանյանը, շնորհավորելով սաներին, ընդգծել է, որ նրանք ուսման ընթացքում պատվով կատարել են իրենց առջև դրված խնդիրները և արել են առավելագույնը մեր հաղթական բանակի մի կարևոր մասնիկը դառնալու համար: Գնդապետ Վիտալի Ոսկանյանը նշել է, որ վերջին զանգը տոնող 84 սաներից 82-ը հետագա ուսումը շարունակելու նպատակով դիմել են Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններ:
Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ջերմորեն ողջունելով և շնորհավորելով ներկաներին, նշել է, որ վարժարանի սաները ցուցաբերել են բարձր առաջադիմություն ու հետաքրքրություն իրենց ընտրած մասնագիտության նկատմամբ: Սեյրան Օհանյանի խոսքերով՝ սաները հարստացնում են վարժարանի պատմությունը: Պաշտպանության նախարարը նաև նկատել է, որ յուրաքանչյուր տարի վարժարանն ավարտող սաներն ակնառու առաջընթաց են գրանցում:
Վերջին զանգի հանդիսավոր արարողությունը եզրափակվել է վարժարանի սաների մասնակցությամբ ցուցադրական ելույթներով և հանդիսավոր քայլերթով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում