Իռլանդիայում ՀՀ դեսպանն իր հավատարմգրերն է հանձնել երկրի նախագահին
Նմանատիպ
Մայիսի 22-23-ին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանն այցելեց Դուբլին, որտեղ Իռլանդիայում համատեղության կարգով դեսպան նշանակվելու կապակցությամբ իր հավատարմագրերը հանձնեց Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգինսին:
Մայիսի 23-ին Նախագահական պալատում տեղի ունեցած հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո դեսպանը կարճ զրույց ունեցավ նախագահի հետ, որի ընթացքում քննարկվեցին հայ-իռլանդական հարաբերությունների զարգացման հեռանկարները: Արարողությանը ներկա էին նաև Իռլանդիայի մանր և միջին բիզնեսի նախարար Ջոն Փերին, և Նախագահի աշխատակազմի ղեկավար Ադրիան Օ’Նիլը:
Հավատարմագրման արարողությունից հետո, ՀՀ նորանշանակ դեսպանի պատվին, Հայաստանի պատվո հյուպատոսը կազմակերպել էր ընդունելություն, որին ներկա էին պետական մի շարք կառույցների, դիվանագիտական կորպուսի և հայ համայնքի ներկայացուցիչներ:
Նույն օրը դեսպան Ղազինյանը հանդիպում ունեցավ Իռլանդիայի ԱԳՆ Քաղաքական տնօրեն Դեյվիդ Դոնահյուի և ԵԱՀԿ աշխատախմբի ղեկավար Ֆրանկ Քոգանի հետ:
Հաջորդ հանդիպումն Իռլանդիայի խորհրդարանում էր Առևտրի ու զարգացման նախարար Ջո Քասթելոյի հետ: Քննարկվեցին երկկողմ տնտեսական հարաբերություններն առաջ մղելու և զարգացնելու հնարավորությունները, հատկապես` գյուղատնտեսական, դեղագործական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում, ինչպես նաև երկկողմ բարձրաստիճան այցեր կազմակերպելու անհրաժեշտության հարցեր:
Նախարարի խնդրանքով դեսպանը հակիրճ ներկայացրեց նաև ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումները:
Մայիսի 22-ին դեսպան Ղազինյանը հանդիպեց Իռլանդիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, որը կազմակերպել էր Իռլանդիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Օհան Երկայնհարսյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում