Շվեդիան նախատեսում է վերսկսել Թուրքիայի հետ բանակցությունները

Շվեդիան նախատեսում է վերսկսել Թուրքիայի հետ բանակցությունները

Շվեդիան նախատեսում է վերսկսել ՆԱՏՕ-ի անդամակցության հետ կապված Թուրքիայի հետ բանակցությունները, հենց Թուրքիան պատրաստ լինի դրան։ Այս մասին այսօր Էստոնիայում հայտարարել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսսոնը։

«Առաջինը, ինչ մենք պետք է անենք, իրավիճակը հանդարտեցնելն է։ Դժվար է լավ զրույց ունենալ, երբ շուրջդ ամեն ինչ բառի բուն իմաստով եռում է։ Եկեք հանդարտվենք։ Եկեք նախ և առաջ հաշվի առնենք անվտանգային հարցերը և վերադառնանք բանակցությունների սեղան։ Ես կարծում եմ, որ դրա համար լավ նախադրյալներ կան», հայտարարել է Շվեդիայի կառավարության ղեկավարը։

Վերջինս նաև կոչ է արել հաշվի առնել մայիսին Թուրքիայում սպասվող նախագահական ընտրությունների գործոնը։ «Երբ մոտենում են ընտրությունները յուրաքանչյուր երկիր կենտրոնանում է իր ներքին քաղաքականության վրա։ Այդ իսկ պատճառով հենց նրանք պատրաստ լինեն, բանակցությունները կվերականգնվեն։ Մենք, ակնհայտ է, պատրաստ ենք։ Եվ Ֆինլանդիայի մեր ընկերները նույնպես պատրաստ են», – ասել է Քրիստերսսոնը։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի համատեղ հայտն արդեն իսկ հաստատվել է 28 երկրների կողմից։ Այս պահին բացառություն են Թուրքիան և Հունգարիան։ Օրեր առաջ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են հաստատել Ֆինլանդիայի հայտը, բայց ոչ Շվեդիայի։ Սակայն Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իրենք չեն ստացել Ֆինլանդիայի՝ Շվեդիայից առանձին ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում