Չինաստանը «կհարվածի» ԱՄՆ արևային էներգիայի զարգացմանը

Չինաստանը «կհարվածի»  ԱՄՆ արևային էներգիայի զարգացմանը

Պեկինը մտադիր է սահմանափակել արևային մարտկոցների արտադրության համար օգտագործվող նյութերի՝ սիլիցիումի ձուլակտորների և սիլիկոնային թիթեղների արտահանումը։ 

«Սա կհարվածի այլընտրանքային էներգիայի զարգացման ԱՄՆ ծրագրերին»,– նշում է The Wall Street Journal-ը:

Ըստ WSJ-ի՝ Չինաստանի առևտրի նախարարությունն ու Գիտության և տեխնոլոգիաների նախարարությունը քննարկում են արևային վահանակների արտադրության մեջ օգտագործվող առաջադեմ տեխնոլոգիաների նկատմամբ արտահանման սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը։

«Սահմանափակումները կներառեն 139 անուն պրոդուկտ, որոնցից 24-ի տեխնոլոգիայի արտահանումը կարգելվի, իսկ 115 տեխնոլոգիայինը՝ կսահմանափակվի»,- նշում է Չինաստանի առևտրի նախարարությունը։

Պրոդուկտները, որոնց արտահանումը նախատեսվում է սահմանափակել, չափազանց բարակ սիլիկոնային թիթեղներ են, որոնք հավաքվում են արևային մարտկոցների մեջ։ Չինաստանն այս շուկայում փաստացի մենաշնորհ ունի, երկրին է բաժին ընկնում համաշխարհային արտադրության 97%-ը։ Այն արևային մոդուլների արտադրության հիմնական հումքն է։ Միաժամանակ, Չինաստանի ընկերությունները վերահսկում են մարտկոցների մատակարարման համաշխարհային շղթայի գրեթե 80%-ը:

WSJ-ը նշում է, որ Պեկինի կողմից տեխնոլոգիաների և պրոդուկտների հնարավոր սահմանափակումների իրականացումը խոսում է այն մասին, որ Չինաստանը ցանկանում է ամրապնդել արևային էներգիայի արտադրության մեջ իր գերակայությունը՝ թույլ չտալով այլ երկրների զարգացնել այս արդյունաբերությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում