Ռ.Սաֆրաստյան. «Նախագահի՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին չմասնակցելու որոշումը բավականին լուրջ քաղաքական քայլ էր»
Նմանատիպ
«Չիկագոյում կայանած ՆԱՏՕ-ի գագաթաժողովը երկու ուշագրավ արդյունք բերեց տարածաշրջանային զարգացմանը»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է արևելագետ, ԳԱԱ արևելագիտության ինտիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Ըստ նրա՝ նախ Վրաստանին հնարավորություն տրվեց անդամակցել ՆԱՏՕ-ին, ինչը սկզբունքային և կարևոր որոշում էր, ինչպես նաև դա ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ն ավելի խորն է ներգրավվում հարավկովկասյան գործերի մեջ. «Երկրորդ ուշագրավ փաստն այն էր, որ ՆԱՏՕ-ի վերջնական փաստաթղթում տեղ հատկացվեց հարավկովկասյան տարածաշրջանների հակամարտության խաղաղ կարգավորմանը, որտեղ նախապատվությունը տրվեց միայն տարածքային ամբողջականության սկզբունքին»:
Մեկնաբանելով ՀՀ նախագահի՝ գագաթնաժողովին չմասնակցելու փաստը՝ արևելագետը շեշտել է, որ այդ որոշումը ճիշտ էր և արդարացված:
«ՀՀ նախագահի որոշումը` չմասնակցել ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, միանգամայն արդարացված էր, քանի որ ՆԱՏՕ-ի այս ձևակերպումը հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ընդունված այն սկզբունքին, ըստ որի՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի բոլոր 3 սկզբունքները՝ ուժի չկիրառումը, ազգերի ինքորոշումը և տարածքային ամբողջականությունը համարվում են համահավասար»,- նկատել է Ռ.Սաֆրաստյանը:
Բանախոսը նաև ընդգծել է, որ համաձայն չէ այն տեսակետի հետ, թե Ս.Սարգսյանի այս քայլը պասիվ արտաքին քաղաքակնության դրսևորում էր: Ըստ փորձագետի՝ դա, ընդհակառակը, բավականին լուրջ քաղաքական քայլ էր:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին իսկապես առաջարկվել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնը, Սաֆրաստյանը կարծիք է հայտնել, որ անգամ եթե այդ շշուկները ճիշտ լինեն, նման խոշոր երկրի նախագահը դժվար թե համաձայնի դրան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում