Մոսկվա, թե՞ Թբիլիսի։ Որտե՞ղ կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները

Մոսկվա, թե՞ Թբիլիսի։ Որտե՞ղ կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները

Ռուսաստանը չի հրաժարվում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելուց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ 

«Հանդիպման կազմակերպման հարցը գտնվում է մշակման փուլում։ Մենք դրանից չենք հրաժարվում։ Օգտագործելու ենք բոլոր հնարավորությունները», մասնավորապես ասել է ռուս դիվանագետը։

Հիշեցնենք, նախօրեին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Խորվաթիայում հայտարարել է, որ Հայաստանը չէր չեղարկել մոսկովյան հանդիպումը, պարզապես հետաձգել էր այն։ «Որոշակի հարմար պահի կգործարկենք հետաձգված հանդիպումը։ Դա կարող է տեղի ունենալ Մոսկվայում կամ այլ քաղաքում։ Վայրի ընտրությունն, իհարկե, կարևոր է, բայց գործընթացի վրա չափազանց էական ազդեցություն չունի», – ասել է Միրզոյանը։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ևս մի հարթակ Եվրոպական Միությունն է առաջարկում է։ Նախօրեին Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ կողմերը կարող են հանդիպել Թբիլիսիում։ «Շատ կարևոր է, որ Հարավային Կովկասի երեք երկրները միասին աշխատեն և նպաստեն խաղաղությանը, և այստեղ շատ կարևոր է Վրաստանի դերը՝ կամուրջ հանդիսանալու Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Վարչապետի (Իրակլի Ղարիբաշվիլի – խմբ.) հետ քննարկել ենք այդ ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված քայլերը, և հուսով եմ, որ ապագայում այս առումով ավելի մեծ համագործակցություն կլինի Եվրամիության և Վրաստանի, Եվրամիության և Հարավային Կովկասի երեք պետությունների միջև»,- ասել է Տոյվո Կլաարը՝ հավելելով, որ Թբիլիսին այն վայրն էր, որտեղ կայաել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը և կարող է նորից դառնալ նման վայր՝ թե՛ առաջնորդների հանդիպումների, թե՛ տարբեր ձևաչափերի համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում