Բրյուսելում բացվել է «3+1» ցուցահանդեսը

Մայիսի 24-ին Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ, հայ և լիտվացի համայնքային գործիչների ջանքերով Բրյուսելի հեղինակավոր «BRENART» սրահում տեղի ունեցավ «3+1» անունը կրող ցուցահանդես: Ցուցասրահում ներկայացված էին հայ և լիտվացի նկարիչներ Արմեն Բաբայանի, Լևոն Ախայանի, Յոնաս Դանիլիաուսկասի և նկարիչ-քանդակագործ Սուրեն Օհանյանի աշխատանքները, հաղորդում են ԱԳՆ մամլո ծառայությունից:

ՀՀ դեսպան Ավետ Ադոնցն իր բացման խոսքում, կարևորելով նմանօրինակ մշակութային ձեռնարկների անցկացումը, ընդգծեց ՀՀ դեսպանության պատրաստակամությունը մշտապես աջակից լինելու Բելգիայում հայ մշակույթի տարածմանն ու հաստատմանը: Հատուկ շնորհակալություն հայտնելով արվեստագետներին և միջոցառման կազմակերպիչներին` դեսպան Ադոնցը հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ մաղթեց նկարիչներին:

Ցուցահանդեսի բացման արարողությանն ու դրան հաջորդած ընդունելությանը ներկա էին  Բելգիայի գիտական ու մշակութային շրջանակների ականավոր գործիչներ, մտավորականներ, լրագրողներ, հայ և լիտվացի համայնքների ներկայացուցիչներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում