Երևան-Մոսկվա հարաբերություններում նոր խնդիրներ են առաջանում
Նմանատիպ
«Եթե Բաքու-Երևան-Թբիլիսի եռակողմ երկխոսությունը նպաստում է Անդրկովկասում հակասությունների կարգավորմանը, կայունության և անվտանգության ամրապնդմանը, ապա մեզ մնում է միայն ողջունել դա։ Սակայն, եթե այս նախաձեռնության հետևում տեսանելի են Վաշինգտոնի և Բրյուսելի ուրվագծերը, որոնք ձգտում են խաթարել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունները, ապա սա բոլորովին այլ պատմություն է»,- այս մասին ՌԴ արտաքին գործերի նախարարությունում կայացած ճեպազրույցի ընթացքում այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը վերսկսկսելու խնդիրը կրկին ռուս-արևմտյան հակամարտության առարկա է դառնում։ Երկու օր առաջ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները կարող են հանդիպել Թբիլիսիում։ «Շատ կարևոր է, որ Հարավային Կովկասի երեք երկրները միասին աշխատեն և նպաստեն խաղաղությանը, և այստեղ շատ կարևոր է Վրաստանի դերը՝ կամուրջ հանդիսանալու Հայաստանի և Ադրբեջանի միջև», – մասնավորապես ասել է եվրոպացի դիվանագետը՝ հավելելով, որ Թբիլիսին այն վայրն էր, որտեղ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը և կարող է նորից դառնալ նման վայր՝ թե՛ առաջնորդների հանդիպումների, թե՛ տարբեր ձևաչափերի համար։
Հայաստանը, կարծես, դեմ չէ այս սցենարին։ Խոսելով Թբիլիսիում ադրբեջանցի իր գործընկերոջ հետ հանդիպելու հեռանկարի մասին՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ Հայաստանը չէր չեղարկել մոսկովյան հանդիպումը, պարզապես հետաձգել էր այն։ «Որոշակի հարմար պահի կգործարկենք հետաձգված հանդիպումը։ Դա կարող է տեղի ունենալ Մոսկվայում կամ այլ քաղաքում։ Վայրի ընտրությունն, իհարկե, կարևոր է, բայց գործընթացի վրա չափազանց էական ազդեցություն չունի», – նշել է Միրզոյանը։
Մոսկվային այսօր ստացված ազդանշանը վկայում է այն մասին, որ Ռուսաստանում այնքան էլ գոհ չեն Թբիլիսիում հայ-ադրբեջանական բանակցային հարթակ ձևավորելու հեռանկարից՝ արդարացիորեն կարծելով, որ այդկերպ Արևմուտքը փորձում է խլել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կարգավորելու գործի առաջնայնությունն ու դուրս մղել Ռուսաստանը Հարավային Կովկասից։ Մոսկվայում դեմ են Արևմուտքի թե՛ առաջին և թե՛ երկրորդ նպատակադրումներին։ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրիկինը հայտարարել է, որ Հարավային Կովկասից Ռուսաստանի հեռանալու մասին խոսք անգամ չի կարող լինել՝ «Ռուսաստանը դե-ֆակտո այս տարածաշրջանի մաս է հանդիսանում», – ասել է Կոպիրկինը։
Ամեն ինչ խոսում է նրա մասին, որ Հարավային Կովկասը կրկին վերածվում է աշխարհաքաղաքական ակտիվ մրցակցության տարածաշրջանի։ Իսկ ամենավտանգավորն այն է, որ այդ մրցակցության կատալիզատորի դերում հենց ՀՀ իշխանություններն են հանդես գալիս։ Ամեն ինչ առավել սուր բնույթ ստացավ այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ԵՄ առաքելությունը կոչված է ցրելու Ադրբեջանի այն պնդումները, թե ՌԴ-ն և ՀՀ-ն պատերազմ են նախապատրաստում ընդդեմ Ադրբեջանի։ Ի դեպ, Մարիա Զախարովան այսօր անդրադարձել է նաև Փաշինյանի այս հայտարարությանը։ «Եթե նման հայտարարությունները ԵՄ-ին տարածաշրջան ներքաշելու փորձեր են, ապա դրանք դժվար թե կարելի է հաջողված համարվել», – ասել է Զախարովան։
Կկարողանա՞ արդյոք ռուսական կողմն ընդդիմանալ հայ-ադրբեջանական բանակցությունների թբիլիսյան հարթակի ձևավորմանը, ցույց կտա ժամանակը։ Այս պահին միայն պարզ է, որ այդ գործընթացի հետևանքով Երևան-Մոսկվա հարաբերություններում նոր խնդիրներ են առաջանում, որոնք, իհարկե, տաքացվում են Բաքվի, Բրյուսելի և Վաշինգտոնի կողմից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում