Միջազգային լրահոսն ամփոփ․ 10․02․2023
Նմանատիպ
Times.am-ն ամփոփում է օրվա միջազգային լրահոսը։ Հրթիռային նոր հարձակում Ուկրաինայի վրա և Արցախի խնդիրների քննարկում Ֆրանսիայի արտգործնախարարի ու ԱՄՆ պետքարտուղարի կողմից։ Բոլոր կարևոր իրադարձությունները մեկ նյութում։
Նոր հրթիռային հարձակում Ուկրաինայի վրա
Ռուսական կողմն այսօր հրթիռային նոր հարձակում է իրականացրել Ուկրաինայի դեմ։ Պայթյուններ են որոտացել Կիևում, Խարկովում, Կրիվոյ Ռոգում և մի շարք այլ քաղաքներում։ Ողջ օրվա ընթացքում Ուկրաինայի ամբողջ տաարածքում օդային տագնապ էր հայտարարված։
Ինչպես տեղեկացրել են Ուկրաինայի տարբեր շրջանների վարչակազմերը, ռուսական հարվածների թիրախում քաղաքացիական ենթակառուցվածքներն են եղել։ «Ուկրէներգո»-ից հայտնել է, որ ռուսական հարվածների հետևանքով խնդիրներ են առաջացել Ուկրաինայի մի շարք շրջաններում։
Հատկանշական է, որ Ուկրաինային հարված հասցնելու համար ռուսական կողմն այսօր օգտագործել է նաև ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Ռումինիայի օդային տարածքը։ Հրթիռներից մեկի հետագիծը ցույց է տալիս, որ հրթիռն անցել է հենց Մոլդովայի և Ռումինիայի տարածքով։
Պաշտոնական Վաշինգտոնն ու Փարիզը քննարկել են Արցախի խնդիրները
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Լաչինի միջանցքի խնդիրը։
Ինչպես տեղեկացնում է ֆրանսիական կողմը, նախարարը և պետքարտուղարը, ի թիվս այլնի, քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակը, գնահատել հակամարտության կարգավորման ուղղությամբ շարունակվող ջանքերը և ընդգծել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի անհապաղ վերականգնման անհրաժեշտությունը։
«Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա ներկայիս շրջափակման լուրջ հումանիտար հետևանքներն անընդունելի են, և Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները համատեղում են իրենց ջանքերը, վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի շփումների միջոցով, այս իրավիճակին վերջ տալու համար», -ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Ռուսաստանը արտաքին քաղաքականության նոր հայեցակարգ է ընդունում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ ժամանակներս կհաստատի Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Դա մոտ ժամանակներս տեղի կունենա, սպասում ենք»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե հաստատե՞լ է արդյոք ՌԴ նախագահը նոր խմբագրմամբ փաստաթուղթը։
Ռուսաստանն ու Ճապոնիան կրկին փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում
Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու թեման փակ է Ռուսաստանի համար։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի թեմային, ապա, ինչպես գիտեք, այն փակ է մեզ համար»,- ասել է Մարիա Զախարովան:
Հիշեցնենք, փետրվարի 7-ին Ճապոնիայի արտգործնախարար Եսիմաս Հայսին հայտարարել է, որ իր երկիրը նախկինի պես մտադիր է Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել։ Ընդ որում, վերջինս նաև հավելել է, որ Ճապոնիայի դիրքորոշումը չի փոխվել և որ փաստաթղթի ստորագրումը հնարավոր կլինի միայն Հարավային Կուրիլների խնդրի կարգավորումից հետո։
Թուրքիայում հետաձգվում է գազային հանգույցի ստեղծմանը նվիված գագաթնաժողովը
Թուրքիայում գազային հանգույցի ստեղծման և շահագործման հարցերին նվիրված գագաթնաժողովը, որը պետք է կայանար Ստամբուում՝ փետրվարի 14-15-ը, հետաձգվել է։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարարության ներկայացուցիչը։
«Տեղեկությունը, որ փետրվարի 14-15-ին Ստամբուլում գազի հարցով նախատեսված գագաթնաժողովը հետաձգվում է, համապատասխանում է իրականությանը, գագաթնաժողովը կկայանա մարտի 22-ին»,- ասել է թուրքական գերատեսչության ներկայացուցիչը։ Վերջինս նաև հավելել է, որ Թուրքիայի բոլոր պետական գերատեսչությունները ներգրավված են երկրաշարժի հետևանքները վերացնելու գործում, գերատեսչությունների ղեկավարները աղետի գոտում են գտնվում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում