Ազարյանի խաչը․ լեգենդար մարզիկը 94 տարեկան է
Նմանատիպ
Այսօր 20-րդ դարի լավագույն հայ մարզիկի պատվարժան տիտղոսին արժանացած Ալբերտ Ազարյանի տարեդարձն է։ Լեգենդար մարզիկը դարձավ 94 տարեկան։
Նրա անունը շատ հայտնի է Հայաստանում, նա այսօրվա Հայաստանի ամենահայտնի անձանցից մեկն է։ Ու թեև շատերը լսել են «Ազարյանի խաչի» մասին, բայց վստահաբար քչերը գիտեն՝ ինչ նվաճումներ է ունեցել Ալբերտ Ազարյանը օղակների վրա վարժությունում։
Դրա մասին անձամբ Ազարյանը պատմում է հետևյալը․ «Դա տեղի ունեցավ 1953թ. Խորհրդային Միության առաջնությանը՝ Լենինգրադում: Այն ժամանակ շատ մարմնամարզիկներ կատարում էին վարժություն օղակների վրա, իսկ դատավորները գնալով ավելի խիստ էին գնահատում մասնակիցներին: Դատավորները բառիս բուն իմաստով շրջապատում էին մարմնամարզիկին բոլոր կողմերից` պահանջելով առանձին շարժումների ավելի ճշգրիտ կատարում: Ես փոքր-ինչ բարկանում էի, որ դատավորներն այդպես մանրախնդիր էին: Եվ երբ հերթը հասավ ինձ, ես բռնեցի օղակները, ձգվեցի և խաչաձև դիրքով սկսեցի շրջվել յուրաքանչյուր դատավորին` կարծես նրանց ասելով. «Դե ի՞նչ, լա՞վ է»: Ճիշտ է, այն ժամանակ ինձ գնահատական չդրեցին: Բայց հաջորդ տարի ինձ հրավիրեցին աշխարհի առաջնությանը: Պարզվեց, որ վերլուծելով իմ նորամուծությունը, նրանք դա մինչ այդ չտեսած մի երևույթ համարեցին: Հետգայում շատերն էին հարցնում, թե ինչպես դա ինձ հաջողվեց: Ես նրանց պատասխանում էի, որ դա այն բանի շնորհիվ է, որ պատանեկության տարիներին ես դարբին եմ եղել»:
Դարբնի ձեռքերը հետագայում Ալբերտ Ազարյանին դարձրին օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի քառակի չեմպիոն և Եվրոպայի կրկնակի չեմպիոն։
Ազարյանը համաշխարհային սպորտի ամենատիտղոսակիր մարզիկներից է, տարբեր երկրներում ամենատարբեր մրցաշարերում նա նվաճել է 45 ոսկե, 42 արծաթե և 10 բրոնզե մեդալ, նա ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, 2000 թվականին ճանաչվել է 20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկը։
Times.am-ը շնորհավորում է լեգենդար հայ մարզիկին և մաղթում քաջառողջություն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում