Թերթերն այսօր. Կանխատեսումներ պաշտոնների հնարավոր դասավորությունների և հացի գնի թանկացման մասին

Հետընտրական զարգացումներ.

«Երկիր» օրաթերթը գրում է. «Արդեն տեղեկացրել ենք, որ ԲՀԿ համամասնական ցուցակի անցողիկ 15-րդ հորիզոնականը զբաղեցնող` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել. նա, փաստորեն, պատգամավոր  չի դառնա:

Մեզ հայտնի դարձավ, թե ինչու է Ծառուկյանը նաեւ Գալստյանին ստիպել ինքնաբացարկ հայտնել: Պարզվում է` Ծառուկյանի սեփական մամլո խոսնակը, ով, ի դեպ, վերջին շրջանում աչքի չէր ընկնում սեփական պարտականությունների կատարմամբ, երկու անգամ առանց շեֆին տեղեկացնելու գնացել է Բաղրամյան 26: Այդ մասին ԲՀԿ նախագահն իմացել է ու խիստ զայրացել:

Արդեն ընդդիմադիր ԲՀԿ-ն եւ նրա նախագահը, մեզ հասած լուրերի համաձայն, պատրաստվում են փոխարինող գտնել գաղտագողի Բաղրամյան 26 այցելած Գալստյանին: Ի դեպ, անկախ այդ հանգամանքից, Խաչիկ Գալստյանին ընդդիմադիր կուսակցության նախագահի մամուլի քարտուղարի դերում ոչ ոք չի պատկերացնում»:

«168 ժամ» թերթի տեղեկություններով` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին մեծ դժվարությամբ է հաջողվել Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանից ստանալ ինքնաբացարկի դիմումը:

«Մեր աղբյուրների համաձայն, Հ.Հովհաննիսյանը նախ չի համաձայնել մանդատը վայր դնել և դրա համար երկար բացատրություններ է տվել: Ըստ նույն աղբյուրների, Գ.Ծառուկյանին ինչ-որ պահից բարկացրել են այդ բացատրությունները, ու նա ատրճանակն ուղղել է Հովհաննիսյանի դեմքին: Դրանից հետո է միայն Հ.Հովհաննիսյանը գրել ինքնաբացարկի դիմումը»:

Թերթը նշում է, որ Հ.Հովհաննիսյանը իրենց թղթակցի հետ զրույցում չի փորձել հերքել այս տեղեկությունը: Ընդամենն ասել է, թե ինքը հայտարարություն է տարածել և ավելացնելու ոչինչ չունի: «Մեկն էլ ինձ հարցնում է, թե Ս.Սարգսյա՞նն է ստիպել, որ ինքնաբացարկ ներկայացնեմ: Ես ասեկոսեները չեմ մեկնաբանում»,-ասել է նա: Իսկ Գ. Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանից թղթակցին չի հաջողվել նշված տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն ստանալ, քանի որ նրա հեռախոսն անջատված է եղել:

«Հրապարակ»-ը գրում է, որ տարբեր հայացքների տեր մարդիկ, այս օրերին քննարկելով հինգերորդ գումարման Ազգային ժողովը, հույսեր են կապում Հայ ազգային կոնգրեսի թիմի հետ, որը կարող է փոխել հայկական պառլամենտի դեմքը և այնտեղ առողջ բանավիճային ու քաղաքական միջավայր ձևավորել: Այս հույսերը հատկապես կապվում են Նիկոլ Փաշինյանի և Հրանտ Բագրատյանի հետ, ովքեր ակտիվ են և իրենց կարծիքն արտահայտելիս` անկաշկանդ: Թերթը տեղեկացել է, որ ՀԱԿ ներկայացուցիչները լուրջ աշխատանք են ծրագրում իրականացնել Աժ-ում և ոչ միայն Աժ-ում: Նրանք պատրաստվում են մասնակցել նաև ՀՀ կառավարության նիստերին և որոշակի ազդեցություն ունենալ կառավարության որոշումների վրա:

Պաշտոնների հնարավոր դասավորության մասին.

Ըստ «Երկիր»-ի` ԱԺ նախագահ է դառնալու Հովիկ Աբրահամյանը, ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ` Սամվել Նիկոյանը, փոխնախագահի մյուս աթոռը հնարավոր է զբաղեցնի կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ի փոխնախագահ Հեղինե Բիշարյանը:

Նրա նշանակման դեպքում ՕԵԿ խմբակցությունը կղեկավարի Մհեր Շահգելդյանը: Վարչապետի պաշտոնը մնալու է «անփոխարինելի» Տիգրան Սարգսյանին:

ԲՀԿ-ի 4 նախարարական պորտֆելներից մեկը (չի բացառվում նաև երկուսը), ըստ թերթի տեղեկությունների, ՀՀԿ-ն կտա ՕԵԿ-ին: Բայց ոչ այնքան ՕԵԿ-ին, որքան ՀՀԿ-ի մտերիմներ Դավիթ Կարապետյանին և Նելսոն Զուլոյանին: Ամենայն հավանականությամբ, ՕԵԿ-ին կտան սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Կապի և տրանսպորտի նախարարությունը ՀՀԿ-ն ՕԵԿ-ից, այդուհանդերձ, կվերցնի: 

«Ժողովուրդ»-ը գրում է, թե ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը որոշել են առանձնացնել:

Էներգետիկայի նախարարի պաշտոնում, ըստ թերթի, կնշանակվի Արմեն Մովսիսյանը: Իսկ նոր նախարարությունում, որը, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների, կկոչվի ընդերքի նախարարություն, ՀՀԿ-ականները մտադիր են նշանակել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին:

Թերթը զրուցել է մարզպետ Խաչատրյանի հետ` պարզելու, թե արդյոք նա նման առաջարկ ստացե՞լ է: Խաչատրյանն ասել է, որ ինքը նման առաջարկ չի ստացել և տեղյակ էլ չէ, որ նման բան կա: 

Զարմանազան.

«Հրապարակ»ը գրում է, որ վերջին շրջանում Ֆեյսբուք սոցիալական ցանցում աճել է ոստիկան օգտատերերի թիվը:

«Պարզվում է` պատահական չէ, և դա արվում է Ֆեյսբուքի տիրույթը վերահսկելու նպատակով: Վերջին ամիսներին իշխանության ծրագրերի դեմ ընդվզումները կազմակերպվում են հենց այս սոցիալական ցանցում, ինչն ընդունված է նաև շատ երկրներում: Բացի այդ, Ֆեյսբուքում մարդիկ ավելի անկաշկանդ են և գրում ու քննադատում են այնպես, ինչպես մտածում են: Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ ոստիկանությունը սոցիալական ցանցը ևս վերահսկողության տակ առնելու նպատակ ունի, ընդ որում` ոչ միայն սկիզբ առնող հնարավոր ակցիաները վիզուալ կանխելու, այլև տեխնիկական անվտանգության: Ըստ մեր աղբյուրի, տեխնոլոգիական այս «նորարարության» մասին անգամ քննարկումներ են եղել վերջին շրջանում ոստիկանություն այցելած օտարերկրացի փորձագետների հետ: Թե իրավապահների աշխատանքի արդյունավետության գործում ժամանակակից տեխնոլոգիաների ՕԳԳ-ն ինչպես են գնահատել օտարերկրացիները, հայտնի չէ, ոստիկանության պաշտոնական կայքում տեղադրվում են միայն հանդիպումների մասին ընդհանուր տեղեկություններ»,-գրել է թերթը: 

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ տնտեսագետների պնդմամբ՝ հացի եւ մակարոնեղենի գնի աճին նպաստում է նաեւ Հայաստանում մեծ ծավալներ կազմող օղու արտադրանքը: Այսինքն` շուկայից ցորեն գնում են ոչ միայն հացամթերք արտադրող ընկերությունները, այլեւ ոգելից խմիչքների արտադրությամբ զբաղվողները: Ընդ որում, օղի արտադրելու համար ամենեւին էլ պետք չէ որակյալ ցորեն:

Գյուղնախարարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցեցին, որ Հայաստանում սպառվող ցորենի ծավալների շուրջ 30 տոկոսը տեղական արտադրությունն է: Ճիշտ է, որոշակի տվյալներ չեն հաղորդվում, թե այդ 30 տոկոսը հատկապես որ ալրաղացներն են գնում, բայց ամեն դեպքում եղած ծավալների մեկ երրորդը չպետք է դոլար-դրամ հարաբերակցության վրա ազդեցություն ունենար: Մինչդեռ այս օրերին բոլոր հաց արտադրողները նշում են, որ դոլարի թանկացման հետեւանքով է բարձրացել հացամթերքի գինը:

Ի դեպ, Հայաստանում հացի գների թանկացման հաջորդ ալիքը կարող է սկսվել մի քանի ամիս անց՝ Ռուսաստանում սպասվող երաշտի հետեւանքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում