Միջազգային լրահոսն ամփոփ․ 11․02․2023

Միջազգային լրահոսն ամփոփ․ 11․02․2023

Times.am-ն ամփոփում է օրվա միջազգային լրահոսը։ Ի՞նչ ծրագրեր է մշակում ադրբեջանական բանակը և ովքե՞ր են օգնում Սիրիային երկրաշարժից հետո։ Բոլոր կարևոր իրադարձությունները մեկ նյութում։

Սիրիան պայքարում է երկրաշարժի հետևանքների դեմ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը շաբաթ օրը ժամանել է Սիրիայի Հալեպ քաղաքի օդանավակայան, որը տուժել է ավերիչ երկրաշարժից։

Ըստ սիրիական SANA գործակալության տեղեկատվության՝ Գեբրեյեսուսը կհանդիպի Սիրիայի առողջապահության նախարարի, Հալեպի նահանգի նահանգապետի հետ, կայցելի հիվանդանոցներ ու տուժածների ժամանակավոր կացարաններ։

Իսկ ահա Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին երկրաշարժի հետևանքները հաղթահարելու հարցում օգնության համար։ «Մենք շնորհակալություն ենք հայտնում Ռուսաստանի կառավարությանը՝ սիրիացի ժողովրդին այս փորձության մեջ օգնելու համար»,- ասել է արաբական պետության ղեկավարը երկրաշարժից տուժած Լաթաքիա քաղաքի թաղամաս կատարած այցի ժամանակ։

Թուրքիայում ձերբակալել են երկրաշարժից փլուզված շենքերի մի քանի շինարարի

Թուրքիայում սկսել են ձերբակալել անձանց, ովքեր ենթադրաբար մեղավոր են երկրաշարժի արդյունքում փլուզված շենքերում հայտնաբերված շինարարական թերությունների մեջ։ Այսպես, Շանլըուրֆա նահանգում 8 մարդ է ձերբակալվել, հայտնում են թուրքական աղբյուրները։

Հիշեցնենք, փետրվարի 6-ի վաղ առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով երկրում ավելի քան 22 հազար քաղաքացի է զոհվել։ Փրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են, սակայն փլատակներում ողջ մնացած մարդկանց գտնելու շանսերը հետզհետե նվազում են։

Թբիլիսիին փորձում են ներքաշել ուկրաինական հակամարտության մեջ

Ուկրաինայի շուրջ հակամարտության մեջ Թբիլիսին ներքաշելու փորձերը չեն դադարում: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Այս հակամարտությունն ինչ-որ կերպ մեր երկրում տարածելու փորձերը, ցավոք, չեն դադարում։ Մենք ուղղակիորեն լսել ենք Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչների հայտարարություններն այս թեմայի շուրջ։ Նրանց նպատակն էր «երկրորդ ճակատ» բացելը», – հայտարարել է Վրաստանի վարչապետը։

Միևնույն ժամանակ Ղարիբաշվիլին հավելել է, որ Վրաստանի իշխանություններին հաջողվել է խուսափել հակամարտության մեջ ներքաշվելուց։

Ադրբեջանի բանակը պատրաստվում է Արցախից «բխող հնարավոր սպառնալինքներին»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել է երկրի զինված ուժերի մարտական պատրաստվածության մակարդակը հասցնել «իրական մարտական գործողություններին առավելագույնս մոտ պայմանների»։

Այս մասին, ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, ասել է պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ իր ղեկավարած գերատեսչության աշխատանքային խորհրդակցության ընթացքում։ Ըստ հաղորդագրության՝ Հասանովը խորհրդակցության մասնակիցներին է փոխանցել Ադրբեջանի նախագահի կողմից առաջադրված խնդիրները, որոնք վերաբերում են ադրբեջանական բանակի ստորաբաժանումների մշտական մարտական պատրաստվածությանը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից նաև տեղեկացնում են, որ ադրբեջանական ԶՈՒ-ին հանձնարարություն է տրվել պատրաստվել նաև Արցախից բխող «հնարավոր սպառնալիքների դեմ» և անհրաժեշտության դեպքում «համարժեք կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում