Երկրաշարժ. ի՞նչ է կարևոր իմանալ
Նմանատիպ
Երկրաշարժ․ բնական աղետների թվում ամենասարսափելի երևույթներից մեկը, որը հաշված վայրկյանների ընթացքում կարող է գետնին հավասարեցնել ամբողջ քաղաքներ և բնակավայրեր։ Այս երևույթի վտանգավորությունը նաև նրանում է, որ այն հնարավոր չէ ճշգրիտ կանխատեսել։
Երկրաշարժը երկրակեղևում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունք է, դրանք կարող են լինել բնական և տեխնածին:
Բնական երկրաշարժերը կարող են լինել տեկտոնական շարժումներով, հրաբուխներով, ստորգետնյա փլուզումներով և այլ հանգամանքներով պայմանավորված:
Իսկ տեխնածին երկրաշարժերը առաջանում են մարդկային գործոնի հետևանքով:
Երկրաշարժի մագնիտուդը ցնցման ժամանակ սեյսմիկ ալիքների տեսքով անջատվող էներգիան բնութագրող մեծությունն է։ 1-12 բալանոց համակարգով, կարելի է ասել, երկրաշարժերը լինում են աննկատից մինչև խիստ աղետալի:
Օրինակ, 1692 թվականին Ջամայկայում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում հիմնովին ավերվել է Պորտ-Ռոյալ քաղաքը: 1908-ին էլ Իտալիայի Սիցիլիա կղզում ամբողջությամբ ավերվել է Մեսինա քաղաքը: 1981-ին էլ Սիցիլիայում տեղի ունեցած մեկ այլ ավերիչ երկրաշարժով պայմանավորված սկսեց գործել Էթնա հրաբուխը:
Հայաստանում, թերևս, մեզ ամենահայտնի երկրաշարժը 1988-ին է եղել: Սպիտակի երկրաշարժի էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը 9-10 բալ է եղել: Ավերվել են Սպիտակ և Գյումրի քաղաքները, հարակից գյուղերը:
Սպիտակի երկրաշարժի հետևանքները մինչև օրս վերացված չեն:
Գյումրիում մինչև օրս տնակային ավաններ կան:
Միլիոնավոր կյանքեր խլող աղետից հնարավոր է պաշտպանվել տարրական վարքականոններին տիրապետելու դեպքում:
Եվ այսպես, երկրաշարժից պաշտպանվելու գործընթացը սկսվում է մինչև երկրաշարժը: Դրա համար անհրաժեշտ է.
– Չկատարել շենքի սեյսմակայունությունը նվազեցնող ապօրինի ձևափոխություններ
– Շենքերի մուտքերը, աստիճանահարթակները, միջանցքներն ու պահեստային ելքերն ազատել մեծածավալ առարկաներից
– Կահույքն ամրացնել պատերին, ծանր իրերը, դյուրավառ և թունավոր նյութերով լի անոթները տեղադրել ապահով տեղերում
– Մահճակալները տեղադրել պատուհաններից և հայելիներից հեռու, նրանց վերևում չկախել ծանր առարկաներ
– Նախապես որոշել տան կամ աշխատատեղի ամենաանվտանգ տեղերը (հիմնական պատերը, հիմնական պատերի անկյունները և այլն), որտեղ կարելի է պատսպարվել մինչև ցնցումների ավարտը
– Վաղօրոք որոշել շենքից դուրս գալու առավել կարճ և հնարավորինս անվտանգ ուղին։
Երկրաշարժի ժամանակ կարևոր է խուճապի չմատնվելը. աղետների ժամանակ խուճապից առաջացած հրմշտոցից ավելի շատ մարդ է տուժում, իսկ փրկվելու հնարավորությունը նվազում է բոլորի համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում