Հայտնի է Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժից զոհված հայերի թիվը
Նմանատիպ
Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվել է 13 հայ: Այս մասին հայտնել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը:
«Առաջին օրերին տեղեկատվությունը տարբեր խողովակներով էր տեղ հասնում, և դժվար էր ճշգրիտ տեղեկություններ հաղորդելը: Արդեն կարող ենք նշել, որ Հալեպում ունենք 2 զոհ՝ Միրնա Մինասյան-Թէնէքչեան, Ալպեր Թէնեքչեան: Թուրքիայում զոհվել են Սամի, Աիդա, Ալեքս Թաբաշները, Մարիամ Քարաթաշը, Դշխուն Մեսրոպյան/Բալըքյանը, Արմիկ Մեսրոպյանը, Մեսրոպ Մեսրոպյանը, Պայծառ Սիլահլինը, Անթուան Հորոզը, Զիլան Տիգրիսը, Յոհաննա Կարոլինա Կապը»,-ասել է Հովհաննես Ալեքսանյանը:
Կան նաև վիրավորներ: Մի մասը վիրահատված է և բուժում է ստանում, մյուս մասը թեթև վնասվածքներ է ստացել: Հայկական հաստատությունները ևս վնասվել են, զգալի տուժել են հատկապես Սիրիայի տարածքում: Ճշտվում է կոնկրետ վնասի չափը, այդ հաստատությունների հետագա օգտագործելիության հնարավորությունը:
Թվերը, վնասների մասին տեղեկությունները վերջնական չեն: Թուրքիայում արդեն հայտնում են 30 հազարից ավելի զոհի մասին, Սիրիայում զոհերի թիվը 1400-ից ավելին է:
Հայաստանը օգնություն է տրամադրել ինչպես Սիրիային, այնպես էլ Թուրքիային: Ուղարկվել են փրկարարական ջոկատներ, հումանիտար օգնություն: Հովհաննես Ալեքսանյանը տեղեկացրել է, որ շատ հայրենակիցներ դիմել են Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ հանգանակության համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում